Պապիկյանը փոխվի, Տատիկյանն է գալու, հետո՞․․․ 

Պապիկյանը փոխվի, Տատիկյանն է գալու, հետո՞․․․ 

Լրագրողների հետ զրույցում, երբ Անդրանիկ Քոչարյանն ասում է , որ Սուրեն Պապիկյանը չպետք է պաշտոնանկ արվի, լրագրողները պիտի մտորեն՝ ինչու՞ չպիտի պաշտոնանկ արվի։ Քոչարյանը  խոսում է վերջին երկու դեռևս չպարզված սպանությունների մասին, կարծես թե Սուրեն Պապիկյանի օրոք հենց այդ երկու դեպքն է եղել։ Այդ երկու դեպքի շուրջ է արդարացում փնտրում։ Ասում է․ 

«Դա նախաքննությունից հետո պարզ կդառնա: Նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն է, եւ ինչու է  տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է: Այսինքն՝ դա պետք է քննվի, որից հետո նոր պարզ կդառնան մեղավորները եւ դրանց շրջանակը, եւ մինչեւ ուր կարող է հասնել դա»։ Այսինքն Բանակում կատարվող այս երկու ենթադրյալ սպանության  մե՞ջ է ամփոփվում Պապիկյանի հրաժարականը։ 

Քոչարյանի՞ն թվում է, թե մարդիկ արդեն մոռացե՞լ են 15 զինվորների ածխացած մարմինները, մեր տարածքից զինվոր փախցնելու դեպքերը, բոլոր սպանությունների և ինքնասպանությունների անվերջ ձգվող քննության շղթան․․․ Եվ վերջապես առանց կրակոցի մեր հանձնված տարածքները․․․

Քոչարյանը պիտի լավ պատճառաբաներ, թե ինչու՞ Պապիկյանը չպետք է պաշտոնանկ արվի։ Նա չէր կարող ասել՝ Պապիկյանին պաշտոնանկ արվելուց ի՞նչ պիտի փոխվի։ Եկողն էլի լինելու է Պապիկյան։ Շատ- շատ պատմության դասատու չլինի, հայոց լեզվի դասատու լինի։ Պապիկյանը փոխվի, Տատիկյանն է գալու, հետո՞։  Քոչարյանը պիտի ասեր, որ Բանակն ամբողջովին՝ Պապիկյանի շնորհիվ,  դրված է քաղաքական ռելսերի վրա։ Պապիկյանը քաղաքական բոլոր հարթակներում փայլատակում է։ Բանակը քաղաքականացված է։ Որ իշխանափոխություն լինի, Քոչարյանը կարող է արդարանալ․ 

-Դե ես ասում էի չէ՞, որ Պապիկյանի փոխվելով բան չի փոխվի, Նիկոլը պիտի փոխվի։ Թե չէ Պապիկյան, Տատիկյան, Քոչարյան․․․ Մենք կատարող ենք, լսող ենք։ Ինչ էլ ասել եմ, ձեզ համար եմ ասել․․․

Հիշեցնենք, որ  Հունվարի 9-ին տարբեր ժամերի ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է երկու զինվորի դի։