Դատախազությունը դատարանի միջոցով ուզում է հասնել Սահմանադրական դատարան. Քոչարյանի պաշտպան

Դատախազությունը դատարանի միջոցով ուզում է հասնել Սահմանադրական դատարան. Քոչարյանի պաշտպան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է գլխավոր դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների բողոքների քննությունը։ 

Վերջիններս վիճարկում են երկրորդ նախագահին և նրա նախկին ենթականերին արդարացնելու առաջին ատյանի որոշումը։

Նախորդ դատական նիստին գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր կասեցնել գործի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան։ 

Այսօրվա նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ հիմքեր չկան ՍԴ դիմելու։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ավելացրեց, որ դատախազությունը դատարանի միջոցով ուզում է հասնել Սահմանադրական դատարան։

Նա նաեւ նշեց, որ այս միջնորդությունը բովանդակազուրկ է։

Հիշեցնենք` Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որից հետո առաջին ատյանի դատարանը արդարացրել էր պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա իշխանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին։