Ամերիկացի գործիչները՝ Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին

Ամերիկացի գործիչները՝ Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին

Վերլուծաբանները շարունակում են քննարկել գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի իշխանությունների կողմից և այդ քայլի պատճառներն ու հետևանքները։ Հիշեցնենք, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին ձերբակալվեց Ադրբեջանի սահմանապահների կողմից՝ Հակարիի կամրջի անցակետում:

ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Ռուբեն Վարդանյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակին․ արձագանքելով Ադրբեջանի կողմից գործարարի կալանավորման վերաբերյալ հարցին օրերս հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, գրում է «Ամերիկայի Ձայն»-ը։  

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ առաջարկելով ՄԻԵԴ-ին կիրառել միջանկյալ միջոց և պահանջել Բաքվից՝ համապատասխան տեղեկություններ տրամադրել Ռուբեն Վարդանյանի մասին։
Ավելի ուշ՝ Ադրբեջանը տեղեկացրեց, որ Վարդանյանը տեղափոխվել է Բաքու, ուր կալանավորվել է չորս մեղադրանքների՝ «ահաբեկչության ֆինանսավորման, զինված խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» հիման վրա։

Իրավիճակին՝ «X» հարթակում գրառմամբ անդրադարձել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Նշելով, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ են իրականացվում, հայերը լքում են իրենց ավելի քան 2 հազար տարվա հայրենիքը՝ կոնգրեսականը գրում է․ «Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունն ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք: Ռուբեն Վարդանյանը և անարադարացի կերպով բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն»:

Վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանի կարծիքով, նման կերպ Ադրբեջանն ի ցույց է դնում, որ թելադրողի դերում է։ Բաքվի կողմից Վարդանյանի նման ցուցադրական կալանավորումը ուղղված է ոչ միայն Հայաստանին, այլև՝ Մոսկվային, քանի որ հանրության մեջ առկա է ընկալում, թե Վարդանյանին ուղարկել է Մոսկվան՝ վերահսկելու իրավիճակը:
«Այսպիսով, նման կարգավիճակով անձնավորության ձերբակալումը, կարծում եմ, ուժի ցուցադրություն է՝ ուղղված ոչ միայն Երևանին, այլև՝ Մոսվային»,- պնդում է Գամաղելյանը:

Վերլուծաբան Ստեֆան Բլանկն, այնինչ, կարծում է, որ Ռուբեն Վարդանյանին սպասում է արտաքսում Հայաստան կամ Ռուսաստան, քանզի նա սպառնալիք չէ որևէ մեկին:

«Չեմ կարծում, որ նրան կպահեն: Այն անհրաժետ չէ Բաքվին, և կսրի հարաբերությունները բոլորի հետ: Նա «անցած փուլ է» և ոչ մեկի համար սպառնալիք չէ»,- ասում է Բլանկը: