Գեղական «դիվանագիտություն», իսկական խայտառակություն

Գեղական «դիվանագիտություն», իսկական խայտառակություն

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.

«Գեղական «դիվանագիտություն», իսկական խայտառակություն

Գերմանիա Դաշնային կանցլեր Օլաֆ Շուլցի պաշտոնական կայքում ոչ մի տեղեկություն չկա՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընդմիջումներից մեկի ժամանակ, բուֆետի սեղանի մոտ, պատահական անցնելուց, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին նկատելու, նրա հետ տեղի ունեցած 11 վայրկյան տևողությամբ (ապացույց հանդիսացող տեսանյութը ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում) հանդիպման մասին։ Այդ մասին տեղեկատվություն կա միայն Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական տաղանդը հասել է կատարելության այն աստիճանին, որ 11 վայրկյանի ընթացքում, ոտքի վրա, կարողացել է ոչ միայն «․․․անդրադառնալ հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերին», այլև «Վարչապետը մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:

Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում վարչապետն ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը»:

Ցավոք այդ դիվանագիտական հանճարի հետ ունեցած «պատմական» հանդիպումը չի գնահատվել Գերմանիայի կանցլերի կողմից և մնացել է աննկատ»։