Ովքեր անհանգստացած են բանակում զինվորների ինքնասպանություններով , կարող են կարդալ Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպը

Ովքեր անհանգստացած են բանակում զինվորների ինքնասպանություններով , կարող են կարդալ Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպը

Քաղաքական հակամարտությունը էնպիսի կրքեր է առաջացնում, որ միմյանց բոլոր քայլերը ուզում են ջնջել, եթե պետական ինչ-որ հանձնաժողով դպրոցի գրականության չափորոշիչներում ներառել է Արամ Պաչյանի պատմվածքը, հարվածը հասնում է Արամին և նրա պատմվածքին։ Այս մասին հայտնում է հրապարակախոս Վահան Իշխանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

«Եթե նախորդ իշխանության ժամանակ այս պատմվածքը ընդգրկվեր ծրագրում, ոչ ոք էլ չէր իմանա։ Հեղափոխական իշխանությունները այնպիսի ագրեսիվ ու մերժող են ընդդիմախոսների նկատմամբ, որ որպես ռեակցիա նրա յուրաքանչյուր նախաձեռնություն այնպիսի ագրեսիայով է ընդունվում, որ նույնիսկ հարվածի տակ են ընկնում այն արվեստագետներն ու գրողները, որոնց գործերը ինչ-որ նախարարության գրասենյակում հավանության են արժանացել։

Իսկ Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքը այն հազվագյուտ գործերից է, և հրաշալի գրականություն է, ուր հայտնաբերված են ծանր հոգսի զգացողությունների նրբությունները, հարբեցող հարազատի բեռը տպավորիչ մանրամասներով բացվում է, և հանձնարարելի դպրոցի բարձր դասարանների համար որպես դաստիրակչական արձակ՝ հարբեցողությունը որպես ընկերային չարիք ներկայացնելու, և հարբեցող հարազատին սիրելու և կարեկցելու, ընդհանրապես մոլուցքի մեջ գտնվող անձի հարազատին վերապրելու համար, և գրելու վարպետության դասին՝ թե ինչպես աշակերտը կարողանա ուշադրություն դարձնել մարդկանց ապրումների մանրամասնություններին, դրանք արձանագրել և շարադրել։

Իհարկե Պաչյանի գործը չափորոշիչներում ներառելու շուրջ առաջացած աղմուկը օգտակար էլ եղավ, բազմաթիվ մարդիկ կարդացին պատմվածքը և սկսեցին հետաքրքրվել Պաչյանի գործերով։

Իսկ նրանք ովքեր անհանգստացած են բանակում զինվորների միջև հարաբերությունների պատճառով սպանություններին ու ինքնասպանություններին և ձգտում ունեն կանխարգելել դրանք, կարող են կարդալ Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպը, որտեղ բացվում են այդ ողբերգությունների պատճառները»,- նշվում է գրառման մեջ։