Ապօրինի գույքի տիրապետողը կարող է սկսել բանակցել դատախազության հետ․ Փաշինյան

Ապօրինի գույքի տիրապետողը կարող է սկսել բանակցել դատախազության հետ․ Փաշինյան

Հայաստանում ապօրինի գույքի տիրապետողը կարող է բանակցել Դատախազության հետ, Դատախազությունը կարող է համաձայնել այդ գույքի մի մասը թողնել ի սեփականություն, մի մասը՝ բռնագանձել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանը պատասխանում է ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին: «Ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմի մեջ այսպիսի բան կա նախատեսված, որ կարող է ապօրինի գույք տիրապետողը բանակցել Դատախազության հետ, և, եթե Դատախազությունը համաձայնվի, կարող է տեղի ունենալ հաշտություն:

Օրինակ՝ Դատախազությունը կարող է համաձայնել այդ ապօրինի գույքի մի մասը թողնել ի սեփականություն, մյուս մասը՝ բռնագանձել։ Բռնագանձման տոկոսը չի կարող պակաս լինել, քան 70 տոկոսը: Բայց սա չի նշանակում, որ բոլոր դեպքերում 30 տոկոսը կարող է մնալ այդ ապօրինի գույքը տիրապետողին: Ամեն ինչ կախված է կոնկրետ դեպքից»,- հավելեց նա։