Անհայրենիք, անգերեզման Մեռելոց․․․

Անհայրենիք, անգերեզման Մեռելոց․․․

Արցախի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն է գրում․ 

«Այսօր Մեռելոց է... 

մենք` անհայրենիք, 

անգերեզման, 

անհեռանկար... 

արցախահայ...

Որևէ մեկը արցախցու մտքով փորձե՞լ է սավառնել՝ Մեռելոց է, բայց քանի հարյուր հազարավորները չեն կարող գնալ իրենց գերեզմաններին, չեն կարող գնալ, որովհետև հայրենիք չունեն։ Ապրում ենք իշխանության հրապարակում դրված տոնածառի երևակայական լույսերով ու չենք պատկերացնում այն իրական գեհենը, որի մեջ հայտնվել ենք ազգովի։ Մեռելոց առանց մեռելի․․․Անգերեզման մեռելոց։ Կոմիտասն անգամ անզոր կլիներ այս ողբերգությանը համազոր համազգային ողբ ստեղծել․․․ Մենք հանճարներ շատ ունենք, բայց հայի բախտը առավել պարզ, քան Հրանտ Մաթևոսյանն է չի կարող ներկայացնել․ 

«Ոչ վաղ անցյալում ես դուրս էի գալիս պատշգամբ ու նայում էի երկու թափառական շնաձագերի վազվզոցին մեր բակում: Նրանցից մեկը անհետացավ, կարծում էինք՝ խփել են: Եվ ահա՝ երկրորդ շնիկի համար ոչինչ էական չփոխվեց, նա շարունակում էր երևակայական ընկերոջ հետ խաղերը, նույն խաղացկուն պարերն էր պարում, քանզի կենդանի շնիկը ընդամենը նրա երևակայությունն էր: Այնպես որ, իրական աշխարհը մեր ընկալումների պատկերն է »:

Արցախը մեր երևակայությու՞նն է, տոնածառի լույսերով խաբկա՞նք է հաղորդվում մեր ուղեղին։ Գերեզմանները չե՞ն կանչում, չե՞ն աղաղակում՝ եկե՜ք մեզ տեր եղեք։ Սա ի՞նչ ողբերգություն էր, որ քողարկվում է լույսերի խրախճանքի մեջ։ Ինչու՞ մեր ընկալումը, հիշողությունը հավասարազորվում է շնաձագերի հիշողության հետ։ Ամեն ինչ մոռացվե՞ց․․․ Իսկ ինչքան մայրեր դեռ չգիտեն, թե իրենց որդիներն ի՞նչ եղան։ 

Միակ տեղը, որ նրանց սփոփում է, Եկեղեցին է։ Գուցե դա է պատճառը, որ այդ սփոփանքն էլ ուզում են խլել․․․