Ինչպես գոմեշը ճահճում՝ ավելի խոր ենք խրվում

Ինչպես գոմեշը ճահճում՝ ավելի խոր ենք խրվում

Ո՞րն է հայի ողբերգական ճակատագրի պատճառը։ Մի հարցազրույցի ժամանակ Հրանտ Մաթևոսյանն ասում է, որ գերմանացիները տվել են դրա պատասխանը։ Ըստ նրանց մեղադրանքի՝ հայերը չեն ստացել գաղափարներ, որոնք իրենց թույլ կտային միավորվել, որոնք թույլ կտային միասնական լինել, ձևավորվել, ազգ դառնալ: Եվ դա է հայերի ողբերգական ճակատագրի պատճառը: Այսինքն աշխարհը գիտի հայի խոցելի․ թույլ կողմը և ճակատագրի բերումով, եթե գոյատևել ենք, դա եղել է մեր Եսը, Դիմագիծը պահելու պահպանելու շնորհիվ։ Այսօր եթե զարմանում եք, թե ինչու այս վիճակում ենք և ինչ է լինելու մեր վերջը, ինչու՞ է այսքան խորացել պառակտումը, ատելությունը, հիշեք, որ աշխարհը գիտի. որ հայի ողբերգական ճակատագրի պատճառը իր միասնական չլինելն է եղել։ Պառակտումը գցել են դրսից՝ ներսի ձեռքով։ Բավական է այդքանն ընդունեք, պարզ կլինի, թե վերջին հինգ տարիներին ինչու՞ է այդքան խորացվել ազգի պառակտումը, միմյանց նկատմամբ ատելությունը։ Սա դրսից մտցված ծրագիր է և իրագործվում է տառին համապատասխան։ Սև ու սպիտակի, նախկինների բաժանումը սկիզբը եղավ։

Մեզ տվեցին երևակայական մի կերպար, որը մենք չէինք և սկսեցինք խաղալ։ Դա «դուխովի» կերպարն էր։ Մեզ սովորեցրին, որ «դուխով» կարող ենք ավերել, ինչ նախկինում ունեինք։ Պետական կառույցները, դատարանները, Սահմանադրական դատարանը, նախարարությունները, եկեղեցին․․․ Մեզ ամեն ինչ «դուխով կործանելու» անցաթուղթ տվին։ Հետո նույն «դուխը» տարածվեց մեր հայրենիքի վրա։ Թշնամին «դուխով» վերցնում է մեր տարածքները, Արցախը հայաթափում է, մենք չենք դիմադրում, մենք հասել ենք ինքներս մեզ  «դուխով» կործանելու կարմիր կետին։ Եվ եկել է այն պահը, իմ բառերը նվաղ են դա ներկայացնելու, մեջբերում եմ Հրանտ Մաթևոսյանին․ «Ինչպես գոմեշը ճահճում՝ ավելի խոր ենք խրվում: Էթիկայի տեսակետից ճիշտ է, որ այդ իրականությունը չենք խոստովանում, քանզի ասված ու չասված խոսքը տարբեր արձագանքներ է ունենում: Այնպես որ, լավ է, որ մեզ չենք համարում ճահճում խեղդվող գոմեշներ»: Ու գիտե՞ք ովքեր իրենց չեն ասում ճահճում խեղդվող գոմեշներ։ Ովքեր ճահճից մի քանի մետր այն կողմ են կանգնած։ 

Իսկ ճահիճը տարածվում է․․․