«Հրապարակ». Որքան շատ են դիմում մանիպուլյատիվ հնարքներին, այդքան էֆեկտը փոքրանում է

«Հրապարակ». Որքան շատ են դիմում մանիպուլյատիվ հնարքներին, այդքան էֆեկտը փոքրանում է

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ

- Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը մի շարք կասկածելի հայտարարություններ արեց` հիշեց Մադրիդյան սկզբունքները, որոնց հեղինակը, ըստ նրա, հայկական կողմն է եղել, եւ որոնցով ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Եթե իսկապես Մադրիդյան սկզբունքներն են այս իրավիճակի հիմքը, ինչո՞ւ Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրացիայի մասին սկսեցին խոսել 2020-ից հետո:

- Ինչ խոսք, այս ամենի հիմքում Մադրիդյան սկզբունքները չեն: Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անկեղծ չէ եւ ճիշտ չի ասում: Չգիտեմ՝ նա ճիշտ չի ասում, որովհետեւ չգիտի՞, թե՞ միտումնավոր է այդպես անում, բայց, ամեն դեպքում, Մադրիդյան սկզբունքներն անպայմանորեն չէին ենթադրում Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում, ճիշտ հակառակը` Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի հետագա ճակատագիրը որոշվելու է հանրաքվեի միջոցով, ընդ որում` պահպանելով էթնիկ համամասնությունը: Հանրաքվեին պետք է դրվեր մի հարց, որն Արցախի հարցի վերաբերյալ որեւէ սահմանափակում չէր ունենալու: Այսինքն` կարող էր դրվել Արցախի անկախության հարցը: Այնպես որ, Փաշինյանը ճիշտ չի ասում: Այսօրվա իրողությունների հիմքում ոչ թե Մադրիդյան սկզբունքներն են, այլ` 44-օրյա պատերազմն ու իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունը: Իշխանությունները, նախ, պատերազմից փուսափել չկարողացան, հետո էլ չկարողացան այն կասեցնել, երբ կար դրա հնարավորությունը: Այսօր էլ շարունակվում է այս ընթացքը, որովհետեւ առկա իրողությունների հետ հաշվի նստելու փոխարեն անվերջ ինչ-որ անիմաստ գործողություններ են անում, որոնց պատճառով հայկական կողմը միայն տուժում է:

- Այսինքն` սա կարելի է անվանել հերթական էժանագին մանիպուլյացիա՞ն:

- Իմ տեսանկյունից` այո: Սա ոչ մի այլ բացատրություն չունի: Ինչպես միշտ, այս իշխանությունները փորձում են մեղքը բարդել բոլորի վրա, իրենցից բացի: Սովորաբար դրանք նախկին իշխանություններն են, երբեմն Ռուսաստանն է լինում մեղավոր, երբեմն՝ Արեւմուտքը, երբեմն էլ՝ հինգերորդ շարասյունը, ու այդպես շարունակ: Այսինքն, անվերջ մեղավորներ են փնտրում՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Գնալով մանիպուլյացիաների ազդեցությունը թուլանում է: Որքան շատ են դիմում այդ հնարքներին, այդքան էֆեկտը փոքրանում է:

- Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների մասին: Նկատեց, որ եթե այդ հարաբերություններն իրենից առաջ ջերմ էին, ապա ինչպե՞ս էր 2011-ին Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառում: Ի վերջո` երբ սկսեց բարձրանալ հակառուսականության ալիքը, Ռուսաստանը Հայաստանին զենք չի՞ վաճառել:

- Խնդիրն այժմ Ռուսաստանին գնահատելը չէ: Խնդիրը ռուսամետ կամ հակառուս լինելն էլ չէ: Այո, անվերջ կարելի է արդարացի դժգոհություն հայտնել՝ Ռուսաստանին ուղղված, սակայն խնդիրն այն է, թե այդ ամենն ինչ քաղաքական նպատակ է հետապնդում: Ի՞նչ ենք շահելու դրանից: Այո, Ռուսաստանը լավագույն դաշնակիցը չէ, եւ, այո, ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դաշնակիցներն ավելի շատ են, քան Հայաստանի դաշնակիցները: Պե՞տք է արդյոք Ռուսաստանի հետ թշնամանալ, երբ չունես այլընտրանք: Սա է գլխավոր հարցը: Անվտանգության այլ համակարգ մեզ չի առաջարկվում այլ կողմից: Մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանում առկա խնդիրներն արեւմտյան հարթակներում լուծելուն դեմ են տարածաշրջանի բոլոր երկրները: Հետեւաբար, նման քաղաքականություն առաջ մղելով, Հայաստանը ոչ միայն հայտնվում է տարածաշրջանային մեկուսացման մեջ, այլեւ իրենից վանում է նույնիսկ այն պոտենցիալ դաշնակիցներին, որոնք կարող էինք ունենալ, եթե խնդիրները քննարկվեին տարածաշրջանային հարթակներում, օրինակ՝ 3+3 ձեւաչափում: Այդ ձեւաչափում Հայաստանը կարող էր ունենալ առնվազն երկու դաշնակից` Ռուսաստանն ու Իրանը: Մինչդեռ դրսի հարթակներում խաղաղություն փնտրելն ընդամենը մեզ ավելի է հեռացնում կայունությունից: Այն էսկալացիայի մեծ լիցք է պարունակում:

- Փաշինյանն անդրադարձավ նաեւ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին՝ նշելով, որ բարձրաստիճան զինվորականները խուճապ են առաջացրել եւ չեն թողել, որ զորքը բարձունք գրավի: Եվ կարող է պարզվել, որ այդ զինվորականները հայրենիքի դավաճաններ են։ Տպավորություն էր, որ դատական վճռից առաջ վճիռ կարդացող Փաշինյանը ոչ թե վարչապետ է, այլ՝ գլխավոր դատախազ:

- Այն, որ Նիկոլ Փաշինյանը նման մանրամասների է տիրապետում` նորմալ է, սակայն, որ հենց այնպես, օդում հայտարարություններ անելը պետության ղեկավարի գործառույթներում չի տեղավորվում` փաստ է: Խոսվեց շատ լուրջ հանցանքների մասին, բայց պետությունը ոչ թե կասկածներ հայտնելու համար է, այլ բոլոր ինստիտուտներով դրանք բացահայտելու: Ամբիոնից վերացական հայտարարություններ անելու միակ արդյունքն այն է, որ հասարակությունը սկսում է բանակին չվստահել: Չկա այլ արդյունք: Հասարակության վստահությունն այսկերպ ԶՈՒ-ի նկատմամբ փոքրանում է, իսկ դա բացարձակապես անընդունելի է: Դա մեր թշնամիների մեծագույն ցանկությունն է, քանի որ այն հիբրիդային պատերազմների բաղադրիչ մասն է, իսկ Հայաստանն այժմ հիբրիդային պատերազմի մեջ է: