Խոսելուց առաջ մտածիր

Խոսելուց առաջ մտածիր

Արեւելյան ասացվածքներն ասում են` խուրմա ասելով բերանդ չի քաղցրանա, առուն չտեսած` մի թռիր, խոսքը քամուն մի տուր, խոսելուց առաջ լավ մտածիր: Այս մարդիկ անգամ հայտնի ասացվածքները չգիտեն եւ չեն կիրառում: Մինչդեռ անգամ մանուկներին է պարզ, որ խաղաղություն ասելով` խաղաղության չես հասնի: Իսկ բանակը կազմաքանդելով, զենք չներկրելով, գեներալներիդ դատելով եւ զինվորականներիդ վարկաբեկելով` երկիրդ կթողնես անպաշտպան: Գիշեր-ցերեկ դավաճաններից, դասալիքներից, բանակում գործող հինգերորդ շարասյունից խոսելով` թշնամուդ կուրախացնես, հայրենասեր հայ մարդկանց կխոցես ու կվիրավորես: Թշնամու դիվերսանտներին` իրենց երկրից փախած հալածյալ ներկայացնելով, ծիծաղի առարկա կդառնաս եւ քո սահմանամերձ բնակավայրերի բնակիչների զգոնությունը կբթացնես:

 

Ամեն զոհից ու կրակոցից հետո կառավարական ամառանոցը ոստիկանական զորքով շրջապատելով` վախերդ կցուցադրես եւ քո ժողովրդի արհամարհանքին կարժանանաս: Այս նեղ վիճակում անգամ շարունակելով նախկիններին եւ ընդդիմությանը հայհոյել` երկրում պառակտումը եւ հանրային ատելության չափաբաժինը  կմեծացնես: ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին մեղադրելով, եվրոպաներին հաճոյանալով եւ եվրաինտեգրման խոստումներ տալով` երկիրդ վերջին հենարանից կզրկես եւ ահեղ թշնամի կվաստակես, բայց նոր բարեկամներ էլ ձեռք չես բերի: Արցախն անպաշտպան ու մենակ թողնելով` կցուցադրես թուլությունդ ու անհավատարմությունդ քո երկրի անցած ճանապարհին, քո ժողովրդի որդեգրած սկզբունքներին: Ո՞ր մեկն ասեմ: Սխալների շարան, որոնք ճակատագրական են դառնում մեր՝ բոլորիս եւ մեր երկրի համար: Ինչպե՞ս կանգնեցնել այս շարանը եւ հասկացնել այս մարդկանց, որ իրենց սխալները շարքային, անմեղ սխալներ չեն, դրանք անդառնալի հետեւանքների կարող են հանգեցնել: