Հրայր Թովմասյանի սանիկին ազատ արձակեցին

Հրայր Թովմասյանի սանիկին ազատ արձակեցին

«Վերաքննիչ քրեական դատարանը (Ս.Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»։ Նորայր Փանոսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 28-ին։ Համաձայն գործի նյութերի, Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու ժամանակ Փանոսյանը, զբաղեցնելով արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը, նույն նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում նոտարներին տրված բանավոր կարգադրություններով եւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ աշխատանքից ազատելու սպառնալիքով, էական վնաս է պատճառել պետության, Երեւան համայնքի, ինչպես նաեւ նշված նոտարների շահերին, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Խոսքը նոտարական գրասենյակի տարածքը սեփականաշնորհելու, ապա նոտարներին օգտագործման տրամադրելու մասին է։

Օրերս մենք գրել էինք, որ այս գործով իրավապահներին հաջողվել է շանտաժով ցուցմունք կորզել մի գործարարից, ով նշել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը ձեռք բերելու նպատակով, իր բարեկամի առաջարկությամբ, հանդիպել է Թովմասյանի հետ, ով ասել է, որ նման տարածք է վաճառում, սակայն հետագայում ինքը հրաժարվել է տարածքը ձեռք բերելու մտադրությունից։ Ավելին, նշված հանդիպման փաստը ժխտող բարեկամի՝ Նորայր Փանոսյանի հետ առերեսման ժամանակ գործարարը նշել է, որ չի հիշում Թովմասյանի հետ հանդիպման ո՛չ վայրը, ո՛չ ժամը, ո՛չ էլ այլ մանրամասներ։ Նշված գործարարը ՍԴ նախագահի դեմ ցուցմունք է տվել չորրորդ անգամ անընդմեջ հարցաքննվելիս, քանի որ հարցաքննությունից առաջ նրան են ներկայացրել մեկ այլ քրեական գործով իր կողմից փողերի լվացման հիմքով ձերբակալելու մասին որոշում եւ սպառնացել 6-10 տարվա ազատազրկմամբ։ Գործարարը, փաստաբանի խորհրդով, 30 րոպեով խնդրել է հետաձգել հարցաքննությունը, ապա վերադառնալով՝ ընդունել է Թովմասյանի դեմ ցուցմունք տալու առաջարկը եւ նշել, որ հանդիպել է Թովմասյանին, ով բանակցել է տարածքի վաճառքի հետ կապված, բայց չի հիշում հանդիպման վայրն ու մանրամասները։ Որից հետո նրան ձերբակալելու որոշման տեքստը պատռվել է։