Մատի ու մատանու արանքում

Մատի ու մատանու արանքում

«Հայաստանը կադաստրի թուղթ չունի» իմացական  մակարդակով է ընթանում մեր իշխանության կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Ալիևն ասում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար երաշխավոր պետք չի, Փաշինյանն իրեն լիուլի բավարարում է։ Փաշինյանն էլ ասում է՝ չէ՛,  պետք է, որովհետև կարող է ինձ խաբես, երաշխավո՜ ր է պետք։ Երաշխավորը  վկայի նման մի բան է։ Ոնց որ ասես գայլը գառը չի ուտի, եթե կողքին վկա լինի։ 

Ուտվող բանը ուտվելու է։ Չփխվող բուրդը չփխվելու է։  Ուզում ես կողքից մի տասը երաշխավոր բեր։ Կարևորն այն է, որ դու ուտվո՜ղ չլինես, ատամներդ ցույց տաս։ Որ կոտրած, փչացած ատամ էլ ունենաս, շապիկ հագցնես, որ թշնամին չտեսնի թուլությունդ ու վախդ։ Թե չէ՝ ինչպես մեր մեծերն են ասում՝ թշնամին հաշվել է ատամներդ, էլ անելու բան չունես․․․ «Հաշված ատամներին,, ոչ մեկը երաշխավոր չի կանգնի, ոչ մի միջազգային կառույց անցավ գլուխը ցավի տակ չի դնի։ Կասի՝ «հենա ուտվումա էլի, ես խի՞ մտնեմ մատի ու մատանու արանքը»։ Եթե մի կողմը տրվում է, ես նրա իրավունքը ինչու՞ խանգարեմ։ Մի բան, որ կարող եմ առանց խառնվելու անեմ, ինչու՞ խառնվեմ։ Հանդիպում ենք կազմակերպում, խոսելու պայմաններ ենք ստեղծում, դա քի՞չ է։ Թող երկուսով իրենց հարցերը լուծեն։ 

Տեսնում են, որ Փաշինյանը հենց խառնվեն, մեղքը գցելու է իրենց վրա, մի կողմ են քաշվել․․․ Սկզբից ասացի, որ խաղաղության պայմանագիրն ընթանում է «Հայաստանը կադաստրի թուղթ չունի» ձևաչափով։ Այդ ձևաչափի մեջ միակ ելքը մնում է, որ Փաշինյանն ասի՝ թող նոտարը մեր պայմանագիրը հաստատի։ Կադաստրի թղթից հետո նոտարի թուղթն ավելի արժանահավատ է։