Որևէ գործի հետ ասոցացումը դեռևս բավարար չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար. Սիրանուշ Սահակյան

Որևէ գործի հետ ասոցացումը դեռևս բավարար չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար. Սիրանուշ Սահակյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած սուբյեկտը չի կարողացել նշել, թե դատավորի կողմից հարցազրույցում ո՞ր արտահայտությունն է համարվել կարծիք։ Այս մասին ԲԴԽ նիստին ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նշենք` ՀՀ արդարադատության նախարարության կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մեղադրանքով գործով վարույթը կարճելու մասին որոշման վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու համար։ 

Նիստին Սիրանուշ Սահակյանը նշեց, որ  դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կատարվել է մի շարք արտահայտություններ, որոնց գերակշռող մասը փաստերի վերաբերյալ դատողություններ են։ Բացի դա՝ ներկայացուցչի դիտարկմամբ՝ որևէ գործի հետ ասոցացումը դեռևս բավարար չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար. «Եթե դեպքի ազդեցությունը դեպքի և արդար դատաքննության վրա չկա, դատավորները լիարժեքորեն օգտվում են խոսքի ազատության իրավունքից։ Ինչ վերաբերում է մեղադրանքի վերաորակման վերաբերյալ հայտարարությանը, ապա փաստի արձանագրում է՝ մեղադրանք գոյություն չունի, վերաորակման մասին խոսելն ավելորդ է»։


 Փաստաբան Գեորգի Մելիքյանն էլ ընդգծեց, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։