Ազգային գաղափարախոսության միկրոմոդելը եւ մակրոմոդելը

Ազգային գաղափարախոսության միկրոմոդելը եւ մակրոմոդելը

Առկա արտաքին և ներքին մարտահրավերների  պայմաններում  կայուն և զարգացող պետություն կառուցելու համար օդ ու ջրի նման մեզ անհրաժեշտ է ունենալ ազգային գաղափարախոսություն: Ազգային գաղափարախոսությունը սկսվում է անհատի աշխարահայացքի և անհատականության ձևավորումից, որն ըստ  էության ունի երկու բաղադրիչ, որոնցից առաջինը նյութական բարիքների և երկրորդը՝ հոգևոր արժեքների սպառումն է: Ինչպես նյութական բարիքների, այնպես էլ  հոգևոր արժեքների սպառման նկատմամբ ընկալումը մարդկանց մոտ շատ տարբեր է:  Եթե սպառողական զամբյուղի կառուցվածքը, բաղադրիչները և օգտակարությունը, կախված իրենց եկամտի չափից, մարդիկ  կարող են չափել և գնահատել և որոշակի ընտրություն կատարել, ապա հոգևոր արժեքների զամբյուղի անհրաժեշտությունը և օգտակարությունը ոչ միշտ է կարևորվում մարդկանց կողմից:

Այստեղ հոգևոր արժեքներ ասելով մենք հասկանում ենք հոգևոր-քրիստոնեական արժեքները, քանի որ հայ հասարակության և հայկական քաղաքակրթության զարգացման ընթացքը ցույց է տվել, որ մեր հոգևոր բնական վիճակի և էության հիմքում ընկած են աստվածային ծագում ունեցող հոգևոր-քրիստոնեական արժեքները: Բնականաբար հարց է առաջանում թե մարդու աշխարահայացքի և ազգային գաղափարախոսության ձևավորման մեջ ինչ դեր ունեն անհատի նյութական սպառումը և հոգևոր-քրիստոնեական արժեքները և ինչպես են դրանք փոխազդում մեկը մյուսի վրա: Այդ հարցերը վերլուծելու և պարզաբանելու համար պետք է սկսել միկրոմակարդակից: Այսինքն, իմ կարծիքով, նախ մենք պետք է պատկերացում ունենանք,  թէ ինչ է իրենից ներկայացնում մարդու էության փիլիսոփայական մոդելը: Ըստ Աստվածաշնչի մեկ մար­դու մեջ ա­ռար­կա­յա­ցած և նյու­թա­կա­նա­ցած է աստ­վա­ծա­յին սկիզբ ու­նե­ցող ե­րեք բնու­թյուն՝ Հայր Աստ­ված, Որ­դի Աստ­ված և Սուբ Հո­գի:

Դա վկա­յում է, որ Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց իր պատ­կե­րով և նմա­նու­թյամբ: Այդ սուրբ եռամիասնությունը կարելի է ավելի պարզ ներկայացնել հետևյալ մոդելի տեսքով: Ըստ իմ փիլիսոփայական պատկերացումների մար­դու էու­թյու­նը կազմ­ված է ե­ռա­շերտ ու­ղե­ծիր­նե­րից՝ հոգևոր ուղեղ, ֆիզիկական ուղեղ և ֆիզիկական մարմին, ո­րոնց մի­ջու­կը կազ­մում է սուրբ հո­գին: Հոգևոր ուղեղը պատասխանատու  է անհատի հոգևոր զարգացման համար և կազմակերպում է մեր ամբողջ հոգևոր կյանքը: Հոգևոր ուղեղի միջոցով մարդու կողմից ստեղծվում և արտադրվում են հոգևոր արժեքներ: Ֆիզիկական ուղեղը պատասխանատուն է մեր ֆիզիկական գոյության, անվտանգության և բարեկեցության համար: Ֆիզիկական ուղեղի միջոցով ստեղծվում են նյութական բարիքներ և նյութական արժեքներ: Սուրբ հոգու միջոցով մենք ստանում են աստվածային ծագում ունեցող հայտնութենական գիտելիքներ և հաղորդակցվում ու հաղորդություն ենք ստանում Աստծուց:  

Ըստ մեր փի­լի­սո­փա­յա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի, մար­դու էու­թյան մի­ջու­կը կազ­մում է աստ­վա­ծա­յին ծա­գում ու­նե­ցող սուրբ հո­գին, ո­րի շուրջ ձևա­վոր­ված հա­ջորդ թա­ղան­թը կազ­մում է հոգևոր ու­ղե­ղը, այ­նու­հետև երկ­րորդ թա­ղան­թը` ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը, և եր­րորդ թա­ղան­թը կամ վեր­ջին ու­ղե­ծի­րը կազ­մում է մեր ֆի­զի­կա­կան մար­մի­նը: Առօրյա կյանքի ընթացքում և ժամանակի ցանկացած պահի մարդու գործունեությունը և վարքագիծի պայմանավորված է ֆիզիկական մարմնի, ֆիզիկական ուղեղի, հոգևոր ուղեղի և սուրբ հոգու փոխազդեցությամբ և անհատի կողմից իր գործունեության վերաբերյալ որոշումները կայացվում են այդ փոխազդեցությունների միջոցով: Մարդու էության փիլիսոփայական մոդելում և անհատի կողմից որոշումների կայացման ժամանակ կարևոր դեր ունի նաև սուբ հոգու և խղճի փոխազդեցությունը: Սուրբ հոգին իր մեջ պարունակում է աստվածային ծագում ունեցող այն կանոնական չափանիշները, որոնց մարդը իր գործունեության ընթացքում ձգտում է հասնել և մոտենալ Աստծուն՝ դառնալ ավելի կատարյալ:  Անհատը որքան հեռանում է այդ կանոնական չափանիշներից այնքան  մարդու խիղճը ահազանգում է այդ մասին, որի արդյունքում մարդը ընկնում է անհանգստության և հոգեկան տագնապների մեջ և նույնիսկ կարող է նաև կործանվել:  Մարդը ինչպես կարող է  փրկվել և դուրս գալ այդ վիճակից: Նարեկացին գտնում է, որ մարդը կարող է փրկվել միայն հավատի միջոցով, որը պիտի ուղեկցվի մեղքերի խոստովանությամբ, ապաշխարությամբ, անմռունչ հեծության մեջ հանցանքները պատմելով, ի խորոց սրտի Աստծո հետ խոսելով:  Հետևելով մեր հոգևոր հայրերին մարդ կարող է ապահովել հոգեկան անվրդովություն և անխռովություն, որը միաժամանակ նպաստում է մարդու ներքին անկախությանը և անդրդվելությանը:  

Ըստ ներկայացված մոդելի, առօրյա կյանքում որպեսզի խղճի միջոցով մարդը չարժանանա արժանի պատժի, անհրաժեշտ է, որ մեր որոշումները կայացվեն առնվազն հիմք ընդունելով խելամտությունը, չափավորությունը և արդարությունը, միաժամանակ պահպանելով Աստծո պատվիրանները և հոգևոր կյանքի օրենքները: Ի տարբերություն սուրբ հոգու, մարդու ոգին ներառում, արտացոլում և ընդգրկում է միայն անհատի ֆիզիկական ուղեղը և ֆիզիկական ցանկությունները: Այստեղ հարկ է նշել, որ մարդը կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչներից տարբերվում է նրանով, որ իր որոշումները կայացնում է ներկայացված փիլիսոփակայն մոդելի միջոցով: Կենդանական աշխարհում գոյություն ունեցող կենդանիները կողմնորոշվում են միայն իրենց ֆիզիկական ուղեղի և ֆիզիկական ցանկությունների շղթայի միջոցով, որոնք սակայն արդեն իսկ որոշված և բնության կողմից տրված են իրենց: 

Մարդու գործունեության վերաբերյալ ներկայացված այս միկրոմոդելը ցույց է տալիս թե ինչ մեխանիզմների և շղթաների միջոցով է ձևավորվում մարդու ներքին աշխարահայցքը: Մարդը, երբ շփվում է  հասարակության հետ արդեն իսկ առաջանում են բարոյական  նոր չափանիշներ և նորմեր: Դեռևս Սոկրատից սկսած փիլիսոփայությունն  ուսումնասիրել է մարդու բարոյական վարքագիծը: Նա գտնում է, որ բարոյագիտությունը «գիտությունների գիտությունն է»: Այս առումով Սոկրատը կարծում է, որ իր ժամանակվա Հունաստանի անկումը բխում է աթենացիների բարոյական կյանքի ճգնաժամից: 

Ըստ էության ներկայացված մոդելի հիման վրա ցույց տրվեց, որ մարդու կողմից որոշումների կայացումը և իր աշխարհայացքի ձևավորումը տեղի է ունենում սուրբ հոգի-հոգևոր ուղեղ-ֆիզիկական ուղեղ-ֆիզիկական մարմին-հասարակություն շղթայի միջոցով:  Սա կարևոր է այն առումով, որ ազգային գաղափարախոսությունը կարող է և պետք է ձևավորվի ներկայացված մարդու էության փիլիսոփայական այս մոդելի հիման վրա: Դա պայմանավորված է նրանով, որ ազգային գաղափարախոսությունը պետք է միաժամանակ հիմնվի և միավորի մարդու նյութական աշխարհընկալման և հոգևոր աշխարհընկալման վերաբերյալ պատկերացումները: Առանց հոգևոր-քրիստոնեական աշխարհայացքի ազգային գաղափարախոսությունը կվերածվի նյութապաշտ-հեթանոսների գաղափարախոսության: Փաստորեն բացի ներկայացված միկրոմոդելից մարդը որոշումներ է կայացնում նաև մակրոմոդելի հիման վրա, որը ներառում է պատմականորեն արդեն իսկ գոյություն ունեցող աշխարհակարգը, պետական կառավարման ինստիտուտները, արտաքին և ներքին քաղաքականությունը, սահմանադրական իրավունքները, մշակույթը, ազգային ավանդույթները և սովորությունները, տնտեսությունը, գործարար միջավայրը, կրթության համակարգ և այլն:

Ազգային գաղափարախոսությունը փաստորեն իրենից ներկայացնում է վերը  ներկայացված միկրոմոդելի և մակրոմոդելի միավորումը:  Այսինքն, ազգային գաղափարախոսությունը նյութական կյանքի զարգացման և հոգևոր կյանքի մասին հայացքների և պատկերացումների մի ամբողջական համակարգ է, որն ուղղված է կայուն է զարգացող պետություն կառուցելուն: Այն իր մեջ ներառում է արդարությունը և արդարադատությունը, տնտեսական ազատությունը, տնտեսական զարգացումը և տնտեսական հարաբերությունները, հոգևոր-քրիստոնեական արժեքները, միկրո-միջավայրում պատմանականորեն ձևավորված ազգային սովորույթնրը և ժամանակակից ընկալումները, ստեղծված մշակութային արժեքները, բարեկամական, ազգակցական, ընկերային հարաբերությունները, արտաքին հոգևոր, նյութական և աշխարհայացքային ազդեցությունները: Թվարկված այս նյութական-հոգևոր արժեքների համակարգը կարելի է համալրել նաև հացահատիկ արտադրող-հացթուխ-նյութական և հոգևոր, գիտական, ինչպես նաև հասարակական արժեքներ ստեղծող և տարածող անհատներով: Այս համակարգի առանձին օղակների միավորումը և դրանց արդյունավետ համագործակցությունը կապահովի, որպեսզի ամբողջ հասարակությունը լինի ավելի կազմակերպված և ունենա միասնական կամք՝ պայքարելու կայուն պետության կայացման համար:

Մասնավորապես, այս մոտեցման շրջանակներում բնականաբար հարց է առաջանում, թե ինչու գոյություն ունեն համեմատաբար աղքատ և հարուստ ազգեր և պետություններ և ինչով է պայմանավորված դրանց տարբերությունները: Այստեղ շատ կարևոր է, թե ազգային գաղափարախոսության հիման վրա ինչպես են ձևավորվում պետական կառավարման ինստիտուտները: Տարբեր երկրների զարգացման փորձը ցույց է տվել, որ այն երկրներն են արագ զարգանում և ծաղկում, երբ ներդրել են կառավարման արդյունավետ ինստիտուտներ, տնտեսական և քաղաքական խմբերի միջև գոյություն ունեն արդյունավետ համագործակցություն և ունեն տնտեսական զարգացման արդյունավետ մոդելներ: Այս առումով մեր երկրի տնտեսական գաղափարախոսության շրջանակներում վերջին երեք տասնամյակների  ընթացքում ձևավորված տնտեսական աճի մոդելը կարելի է բնութագրել որպես նոր սարքավորումների, մեքենաների, տեխնոլոգիաների և նորարարությունների ներմուծման վրա հիմնված տնտեսություն: Հիմնականում դրանց ներմուծման հիման վրա ներքին տնտեսությունում ձևավորվում են արտադրություններ, որոնց արտահանումը ապահովում է երկրի մրցունակությունը և կենսունակությունը: Միաժամանակ տնտեսական ինստիտուտների արագ և արդյունավետ ձևավորումը կարող է ապահովել արագ և բարձր տնտեսական աճ և բարեկեցություն: Բացի տնտեսական հատվածից մնացած ոլորտներում  ձևավորված արդյունավետ ինստիտուցիոնալ կառույցները ևս կարող են ապահովել կայուն և զարգացող պետություն: Այսպիսով ազգային գաղափարախոսությունը որոշվում է տնտեսական և հոգևոր ընկալման,  որոշումների կայացման ներկայացված շղթայի և  կառուցվածքի միջոցով: Այս առումով մեր հիմնական խնդիրներից է ազգային գաղափարախոսության ձևավորումը և ստեղծումը։ Առավել արդյունավետ, մրցունակ և արագ զարգացող երկիր ունենալու համար անհրաժշտ է որպեսզի նյութական և հոգևոր արժեքների համադրման և դրանց ներդաշնակման հիման վրա կարողանանք ձևավորել ազգային գաղափարախոսություն: 

Ռոլան Մնացականյան,
տնտեսագիտության թեկնածու