Ճանապարհը մեկ քայլի երկարությամբ տեսնողը  հայտնվում է փակուղում

Ճանապարհը մեկ քայլի երկարությամբ տեսնողը  հայտնվում է փակուղում

Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների  միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

- Խնդրում եմ նշեք մի քանի էական փոփոխություն, որոնք տեղի են ունեցել Հայաստանի կյանքում թավշյա հեղափոխությունից հետո։

-Որոշ փոփոխություններ կան, բայց էական կամ, եթե կուզեք՝ հեղափոխական փոփոխություններ, ես չեմ տեսնում, ինչը, բնականաբար, հարցականի տակ է դնում մեզանում տաս ամիս առաջ տեղի ունեցած իշխանափոխության իմաստը:

  Պետք է հասկանալ, որ էական կարող են համարվել միայն համակարգային փոփոխությունները, որոնց առկայությամբ ապացուցվում է, որ գործ ունենք ոչ թե ներհամակարգային ծիրում դերերի վերաբաշխման հետ, երբ, ինչպես հայտնի հեքիաթում, լուսավոր պատանին կտրում է վիշապի գլուխը, հայտնվում է նրա տեղում ու բոլորի աչքի առաջ դառնում մի նոր վիշապ,  այլ գործ ունենք արատավոր համակարգի հեղափոխական ապամոնտաժման ու «վիշապականությունը»  բացառող, հասարակության բոլոր խավերի շահերը ներկայացնող ու պաշտպանող  նոր համակարգի սաղմնավորման հետ:  

Այն,  որ այսօր  «լուսավոր պատանին» ձգտում է ինքն իրեն օժտել  «արունարբու վիշապի»  մագիլներով,  պարզ երևում է  ջղաձիգ փորձերից ամեն գնով պահպանել Սերժ Սարգսյանի կողմից սահմանված միահեծան ու մենաշնորհային վարչապետական վերահսկողությունն ԱԱԾ-ի ու Ոստիկանության նկատմամբ:

  Հետաքրքիր է, թե ինչու՞:  Ինչու՞, եթե Նիկոլ Փաշինյանն ունի որակյալ  մեծամասնություն ԱԺ-ում, և  ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը նախարարությունների կարգավիճակ տալու դեպքում ինքն  էլի հնարավորություն ունի լիարժեքորեն վերահսկել դրանց գործունեությունը՝  և՛ կառավարության , և՛ սեփական սուպերխմբակցության միջոցով, որի գլխին կանգնեցրել է անձնապես իրեն նվիրված Մակունցին:

Մի՞թե պատճառն այն է, որ չի բացառում, որ ձախողված անուրջների դաժան իրականությունը կարող է իր համար  անհրաժեշտ դարձնել նաև սեփական թիմակիցների նկատմամբ  վերահսկողությունն ուժային կառույցների միջոցով:

Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ մտածել էր սեփական իշխանությունն ամրապնդելու մեխանիզմը, քանզի վտանգ էր տեսնում առաջին հերթին ՀՀԿ-ի ներսում սկիզբ առած  «բզբզոցներից»:

 Ի՞նչ հնարավոր  «բզբզոցներից» է զգուշանում Նիկոլ Փաշինյանը, երբ այդպիսի համառությամբ ձգտում է ժառանգել Սերժ Սարգսյանի մագիլները: Գուցե՞ պատճառն այն է, որ նա բնավ չի հավատում տնտեսական հեղափոխության ու թռիչքային զարգացման մասին իր իսկ պաշտոնական ուղերձներին, իսկ ձախողված անուրջների դառնությունը նույնիսկ շատ ավելի երկար ու դժվարին քաղաքական պայքարի ճանապարհ անցած իշխող թիմերին է բերել տրոհմանն ու կազմալուծմանը: Սակայն չեմ ուզում ընկնել զարգացումներից առաջ։  Ես միշտ եմ տուժել այն պատճառով, որ ժամանակից առաջ եմ ընկել և ճշմարիտ կանխատեսումներ եմ արել, ինչը մեր  «չուկչայական» իրականության մեջ, ինչպես ծառից ընկած չուկչայի մասին հայտնի անեկդոտում, չարագուշակության մեջ ինձ  մեղադրելու առիթ է տվել:

- Ի՞նչ ծրագրերով ու գաղափարներով պետք է առաջնորդվեն արտախորհրդարանական ուժերը, եթե ուզում են հանդես գալ՝ որպես ընդդիմություն։

-Ընդդիմության,  որպես քաղաքականության կարևոր դերակատարի, հեղինակությունը հայաստանյան հասարակության աչքում այսօր խաթարված է: Պատճառն այն է, որ այժմ իշխող ուժին՝ ընդդիմությունից իշխանություն դառնալուց հետո,  հաջողվեց  «օրինականացնել»  սեփական ապագաղափարական նոր կեցվածքը և ներկայացնել «իզմերից» խուսափելն ու գաղափարական հստակ դիրքորոշում չունենալը որպես առավելություն: Այդ առումով այսօր իշխող ուժը փաստորեն շարունակեց ՀՀԿ-ի գիծը, որը «սերժական»  ու «միշիկական» մուտացիայի արդյունքում վերջնականապես կորցրեց  գաղափարական կռվանները և ծիծաղելիորեն փորձում էր նժդեհականությունը միաձուլել ռուսասիրության, իսկ ցեղակրոնությունը քրիստոնեության ու Եվրոպայի ժողովրդական կուսակցությունների խմբակցությանն անդամագրվելու հետ:

 Արդյունքում ընդդիմությունն այսօր զրկված է գաղափարական դաշտում իշխանության նկատմամբ իր առավելությունն ապացուցելու հնարավորությունից,  որովհետև գաղափարական դաշտը դիտվում է որպես ավելորդ  «իզմերի»  տիրույթ, որտեղ կուսակցությունները փորձում են  խաբել քաղաքացիներին, իսկ իշխանության գալուց հետո միանգամայն օրնական կարգով հայտարարում են, որ ընդդիմությունը հենց նրա համար է, որ խաբի քաղաքացիներին ու այդ ձևով գա իշխանության: Ամենայն շիտակությամբ հայտարարում են, որ ընդդիմությանը պետք է նայել որպես անմեղսունակների հանրույթի, որի առաջնորդներն իշխանության գալուց հետո որևե պատասխանատվություն չեն կրում իրենց կողմից նախկինում առաջ քաշվող գաղափարների, ծրագրերի, խոստումների համար: Փաստորեն Հայաստանում  Ջորջ Սորոսին հաջողվեց հարյուր տոկոսով իրականացնել սեփական գլոբալիստական  ծրագրի կարևորագույն նպատակները՝ ազգային քաղաքական կուսակցությունների դերակատարությունը զրոյացնել ու քաղաքական դաշտը վերցնել սորոսական դրամաշնորհներով սնվող կառույցների լիակատար վերահսկողության տակ: Արդյունքում մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ազգային կուսակցությունները կամ քայքայվել են ու հեղինակազրկվել, կամ  էլ՝ մարգինալացվել են, իսկ քաղաքական գործիչներին եկել են փոխարինելու գաղափարական  «իզմերից» ազատ քաղաքացիական ակտիվիստները ու «բարեգործական» կառույցները: Խորհրդարանում հաստատվել է կվազիբազմակուսակցականություն, և այսպիսի «պաշարով» մենք պատրաստվում ենք «ազգանպաստ» լուծում տալ արցախյան հիմնահարցին…

 Հիմա՝ այս նախաբանից հետո,  կարճ ու կոնկրետ պատասխանեմ Ձեր հարցին: Նիկոլ Փաշինյանի օրինակին հետևելով ընդդիմությունը պետք է առաջնորդվի Խորհրդային Միությունը վերականգնելու կամ  Հայաստանը Ռուսատանի կազմը մտցնելու ծրագրով, որպեսզի իշխանության գալուց հետո հրաժարվի այդ ծրագրից և Հյուսիսատլանտյան Դաշինքին ու Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնի: Իսկ  սրանից հետո հայաստանյան  քաղաքական ընդդիմության ասածների մեջ,  բացի «հայկական»  խորամանկությունից, այլ բան մարդիկ չեն փնտրելու, և այս իրավիճակը նույնքան ծիծաղելի է, որքան ողբերգական...

- Որո՞նք եք համարում ներկա կառավարության «աքիլլեսյան գարշապարը», խնդրում եմ թվարկեք դրանք։

-Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդի աջակցությամբ  «փողոցից՚՚ իշխանության եկած ուժերի հիմնական խնդիրն է միշտ եղել խոսքի և գործի միջև խզում թույլ չտալը: Եթե դու կարող ես բացատրել ընդդիմություն եղած ժամանակ քո տված խոստումներից հրաժարումը ինչ-ինչ մարտավարական նկատառումներով կամ երկրի անվտանգության հետ կապված և միայն իշխանության գալուց հետո քեզ համար պարզ դարձած խնդիրներով, ապա իշխանության գալուց հետո քո տված խոստումներից հրաժարվելը հղի է ծանր հետևանքներով:

   Անցումային արդարադատության գործիքակազմի ներդրման պատրաստակամության մասին Նիկոլ Փաշինյանի խոստումը ես այդ առումով առանձնապես եմ կարևորում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ինքս, որպես տասը տարի անընդմեջ սերժսարգսյանական ռեժիմի կողմից դաժան քաղաքական հալածանքների ենթարկված մարդ, մտադիր եմ հասնել արդարադատության, այլ որովհետև ինձ նման տասնյակ քաղաքացիներ կան, ովքեր ենթարկվել են անմիջապես Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված և ուղղորդվող հալածանքների: Ես գիտեմ ինչ եմ անելու, եթե անցումային արդարադատությունը չդառնա իրականություն: Եվ դրա իրավուքը ունեմ, քանզի քվեարկել եմ այս իշխանության օգտին հենց անցումային արդարադատության սահմանման անհրաժեշտությունը գիտակցելով և այդ հարցում Նիկոլ Փաշինյանի կողմից տրված բազմաթիվ խոստումները հաշվի առնելով:

   Առ այսօր՝ արդեն վեցերրորդ տարին է, Հայաստանի քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակի շքամուտքն ավերված վիճակում է: Ի՞նչ կարող եմ ես անել,  քանի դեռ Հայաստանի Գլխավոր դատախազի պաշտոնը շարունակում է զբաղեցնել հենց այն անձնավորությունը, որը  սրանից հինգ տարի առաջ, զբաղեցնելով այն ժամանակ Երևանի դատախազի պաշտոնը,  Սերժ Սարգսյանի ցուցումով կարճել է քրեական գործը մեզ մեծ նյութական վնաս պատճառելու մասին: Իսկ Սերժ Սարգսյանը դրանից հետո  իրեն հասցեագրված իմ նամակին, որը պաշտոնապես հանձնվել է իմ կողմից  իր աշխատակազմին և հրապարակվել է մամուլում, այդ թվում  «Հրապարակ» օրաթերթում,  պատասխանել է հերթական դատական հետապնդումով, որտեղ  ես գլխավոր թիրախն էի, իսկ «Հրապարակ» թերթը՝ երրորդ կողմ: Դա հինգերրորդ՝ իմ դեմ հարուցված դատական գործն էր, և բոլոր այդ գործերը նպատակ ունեին ինձ հեռացնել Մոսկովյան 33 ա շենքի առաջին հարկից և ճանապարհ բացել շենքը քանդելու ու տեղում Սերժի եղբոր՝ Լևոն Սարգսյանի համար տասնհինգհարկանի հյուրանոց կառուցելու համար:

Այդ գործում  «օրթախ» էր նաև Կամո Արեյանը, որը  հանգստանալով «Կառլովի Վարի»  չեխական հայտնի հանգստավայրում դիմել է իմ մանկության ընկերոջը՝  Աշոտ Ազատյանին,   խնդրելով ինձ համոզել մեր գրասենյակի վաճառքի հարցում: Եվ այսօր էլ Երևանի քաղաքապետի  գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնող ու պարգևավճարներ ստացող Կամո Արեյանը, որը  հայտնի Լիսկայի, Գալուստի տղա՝ Արման Սահակյանի և, իհարկե, փախուստի մեջ գտնվող Լևոն Սարգսյանի հետ անձամբ մասնակցել է մեր գրասենյակի ռեյդերական հափշտակության փորձերին, մատը մատին չի խփում ՀՔՄ գրասենյակի ավերված մուտքը վերականգնելու հարցում: 

    Այս և մյուս օրինակներից մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքացիների կազմակերպված թալանի տանիքները դեռ պահպանվել են, կոռուպցիայի դեմ պայքարն առ այսօր չի բերել թեկուզ մեկ կամ երկու նախարարի, թաղապետի, քաղաքապետի ձերբակալության: Այս երկրում, որտեղ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, համակարգված և հրեշավոր չափերի հասնող թալան է տեղի ունեցել, երեսուն տարվա մեջ և ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի ձերբակալվել իր պաշտոնավարության օրոք, ինչպես, օրինակ, նույն Ռուսաստանում ձերբակալվեցին մի շարք գործող նահանգապետեր կամ, օրինակ, տնտեսության նախարար Ուլյուկաևը:

        Եթե ավելի ընդհանրական ձևակերպում տամ նոր իշխանության «աքիլեսյան գարշապարի»  մասին Ձեր հարցի պատասխանին, ապա պետք է ասեմ, որ հիմնական խնդիրն երկրի զարգացման ռազմավարության բացակայության մեջ է: Տղաները հույս էին դրել, որ «ավելիի» դիմաց Արևմուտքից կստանան «ավելին», օրինակ, Հայաստանի համար մի նոր Մարշալի պլան :

Հաշվարկը չափից ավելի պարզունակ էր՝ բրենդավորել  «Հայկական հեղափոխությունը»  և վաճառել հարուստ Արևմուտքին: Այսինքն,  ամենապարզունակ՝ մեկքայլանի հաշվարկ էր, բայց պարզվեց, որ ոչ ԱՄՆ նախագահ Թրամփը, ոչ ՌԴ նախագահ Պուտինը հակված չեն կարևորել «հայկական գործոնն՚» Արցախի խնդրից զատ: Իսկ Արցախի խնդրում Բոլթոնի պլանը Լավրովի պլանից  էապես չի տարբերվում:

Մեր շահերի տեսանկյունից ոչինչով չի տարբերվում: Բայց այս իրավիճակը միանգամայն կանխատեսելի էր, և, իհարկե, քաղաքագիտական ճշմարտություն է, որ ճանապարհը մեկ քայլի երկարությամբ տեսնողը  հայտնվում է փոսում: Իսկ փոսից դուրս գալու միակ եղանակը ներազգային կյանքում արդարության հաստատումն է՝ սերունդների,  սոցիալական ու տարածաշրջանային խմբերի միջև ներդաշնակ փոխհարաբերությունների ձևավորման հիման վրա: