Կառավարության ծրագիրը պետք է ցույց տար նաև քաղաքական համակարգի փոփոխությունները

Կառավարության ծրագիրը պետք է ցույց տար նաև քաղաքական համակարգի փոփոխությունները

Ընթերցեցի ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը: Մասնագիտական հետաքրքրությունից ելնելով ցանկություն ունեմ անդրադառնալ մի քանի կարևոր հիմնադրույթների, որոնք ցավոք այդպես էլ տեղ չեն գտել կառավարության ծրագրում, բայց որոնք հաստատապես պետք է տեղ ունենային դրանում: Եվ այսպես Կառավարության ծրագրում չկա քաղաքական համակարգին վերաբերող որևէ դրույթ: Ինչու հենց քաղաքական համակարգին, որովհետև ըստ էության նոր իշխանությունը նախկին քաղաքական համակարգի պայմաններում առաջացած մարդկանց փոքր խումբ է, որը ժողովրդավարական պրոցեսներ նախաձեռնելով ստացավ հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը և փոխեց իշխանությունը:

Ասել է թե՝ նախկին քաղաքական համակարգի տրամաբանությունը անհասկանելի դարձավ ոչ միայն ասօրվա իշխանավորների, այլ նաև հանրության մեծ մասի համար: Շատ կարևոր է հասկանալ, որ գործող իշխանության պայքարը նախկինների դեմ ես ընկալում եմ որպես փիլիսոփայական տարբերություն, այսինքն՝ քաղաքական կառավարման փիլիսոփայության փոփոխություն և քաղաքական խաղի փիլիսոփայության փոփոխություն: Եթե սրանց մասին որևէ բան նշված չէ կառավարության ծրագրում, հարց է առաջանում, ո՞րն էր փոփոխությունների իմաստն ու նպատակը, արդյո՞ք միայն կոռուպցիայի վերացումը կամ մենաշնորհների տապալումը, չէ որ դրանք իմ ընկալմամբ մշտական գործընթացներ են, իսկ քաղաքական համակարգի գործառնական նշանակության և նրա փիլիսոփայության փոփոխությունը նաև պետության ներքաղաքական կայունության ու քաղաքական դաշտի էկոլոգիայի տեսանկյունից կարևոր խնդիր է:

Քաղաքական համակարգի առողջացման ու արդիականացման համար պետք են սահմանադրական փոփոխություններ, ինչն իր հերթին պետք է ենթադրի նաև սահմանադրական օրենքի՝ կուսակցությունների մասին ՀՀ օրենքի փոփոխություն, իսկ ավելի գլոբալ ընտրական օրենսգրքի ամբողջական վերանայում: Նոր իշխանության առանցքային խնդիրը քաղաքական կառավարման փիլիսոփայության փոփոխության խնդիրն էր, իսկ դա առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ պատկերացնել: Ի դեպ, կառավարության ծրագրում ես նաև չտեսա պառլամենտական մշակույթի խորացման և պառլամենտական կառավարման համակարգին բնորոշ զսպումների ու հակակշիռների մեխանիզմները կայացնլու և դրանք պետական-հասարակական ու քաղաքական կյանքում գործուն դարձնելու նպատակամիտվածությունը: Այն քաղաքական ուժը կամ դաշինքը, որը փաստացի ղեկավարում է երկիրը պարտավոր է այդ ծրագրում ներկայացնել իր մոտեցումներն ու պատկերացումները՝ նոր քաղաքական համակարգի ու դրանում դաշտի դերակատարների հարաբերությունների մոդելավորումը:

Ցանկություն ունեի նաև տեսնելու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցային մշակույթին վերաբերող դրույթ, որովհետև հանրային կյանքի կազմակերպման այլընտրանքային ուղիներ որոնելու տեսանկյունից սա չափազանց կարևոր է, ինչը բոլոր ժամանակներում բացակայել է մեր քաղաքական մշակույթից: Կարծում եմ, որ կառավարության ծրագիրը միայն տնտեսությունը զարգացնելու մասին չէ, կամ առհասարակ պետության անվտանգությունը ապահովելու և երկրին առաջընթաց բերելու: Խորապես համոզված եմ, որ իրեն հեղափոխական հռչակած կառավարությունը իր ծրագրում պետք է ներառեր իսկապես հեղափոխական-արմատական ռեֆորմներ նաև քաղաքական ու կուսակցական համակարգերում, ինչը ոչ պակաս կարևոր, եթե չասենք ամենակարևորն է՝ անվտանգությունից հետո:

Սմբատ Ղահրամանյան