Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

 Հարգարժան պարոն վարչապետ

Ձեզ է դիմում Աբխազիայի և Հայաստանի գրողների միությունների անդամ, Սուխումում 1991 թվականի հոկտեմբերից լույս տեսնող «Գրական Համշեն» թերթի հիմնադիր-խմբագիր Արտավազդ Սարեցյանը։ 

Նամակի պատճառը, ցավոք, ուրախացուցիչ չէ․դառնացած սրտով լսեցի, որ սիրված մանկապատանեկան հրատարակություններ «Ծիծեռնակ», «Աղբյուր» ամսագրերն ու «Կանչ» պարբերաթերթը հայտնվել են փակման եզրին։ 

Փակման առիթն անչափ ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այսքան տխուր․վերոհիշյալ պարբերականները կրթության և գիտության նախարարության մանկապատանեկան մամուլի հայտարարած մրցույթում տպագրվելու իրավունք չեն շահել, որովհետև այդ իրավունքը շահել են ավելի ցածր գին ներկայացնող հրատարակությունները։ Ցածր գին, այսինքն՝ էժան։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել․ նախապատվությունը տրվել է ոչ թե հրատարակության բարձր որակին, այլ ․․․ էժանությանը, քանզի ցածր գինը բարձր որակ չի կարող ենթադրել։ Գրեցի այս տողերը և հիշեցի ժողովրդական իմաստությունն այն մասին, որ ժլատը կրկնակի է վճարում։ Իսկ վճարի գինն արդեն համարյա մեկդարյա պատմություն ունեցող մանկապատանեկան մամուլի անդառնալի կորուստը կարող է լինել, այն մամուլի, որի էջերում իրենց առաջին թոթովանքներն են տպագրել հետագայում հայ գրականության երևելի դեմքեր դարձած պատանի ստեղծագործողները։ 

«Ծիծեռնակի», «Աղբյուրի» և «Կանչի» հետ սերտորեն համագործակցել են Վախթանգ Անանյանը, Համո Սահյանը, Վարդգես Պետրոսյանը, Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը, Պարույր Սևակը և այլ դասականներ, որոնք ըստ արժանվույն գնահատել են տվյալ պարբերականների դերն ու նշանակությունը հայ մանուկների ստեղծագործելու և ինքնատիպ մտածելու իրավունքը սատարելու գործում։ Այս պարբերականները հայ դարավոր մշակույթի պատմության կարևորագույն արժեքն են, նրա բաղկացուցիչ ու անքակտելի մասը։ 
Ես Ձեզ եմ դիմում՝ առաջին հերթին գրողին ու լրագրողին, մեր հայրենիքի վարչապետին ոչ միայն գեղագիտական ու կրթական խոր բովանդակությամբ տոգորված «Ծիծեռնակին», «Աղբյուրին» և «Կանչին» սատարելու, այլև կրթության և գիտության նախարարության միջոցով այդ պարբերականները և ժամանակակից մանկական գրականության լավագույն նմուշները սփյուռքի կրթօջախներն հասցնելու գործընթաց մշակելու խնդրանքով։ 

Հարգանքով՝ Արտավազդ Սարեցյան,

Աբխազիայի հայկական «Գրական Համշեն» թերթի հիմնադիր-խմբագիր