Ամենակարճ ճանապարհը

Ամենակարճ ճանապարհը

Կարգավորման բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության թեման, թերեւս, ներկայումս ամենաքննարկվողն է: Ստեփանակերտում գումարված՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի բացման ելույթում վարչապետ Փաշինյանը վերստին շեշտել է, որ չի ներկայացնում արցախահայությանը եւ կարող է խոսել միայն Հայաստանի անունից: Միջնորդները, մինչդեռ, համարում են, որ գոյություն ունեցող ձեւաչափը փոխել հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ:

Թեման ծավալուն քննարկվել է Արցախի հանրային հեռուստատեսության եթերում՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց այդպես էլ առկախ է մնացել հիմնական հարցը՝ կարգավորման ի՞նչ տեսլական ունի պաշտոնական Ստեփանակերտը: Իսկ ի՞նչ շահագրգռվածություն պետք է ունենան միջնորդները՝ Ստեփանակերտին հրավիրելու բանակցությունների, այդ հարցում հասնելու Ադրբեջանի համաձայնությանը, եթե պարզ չէ, թե Արցախը պատրա՞ստ է գնալու կարգավորման, ինչպե՞ս է պատկերացնում կարգավորումը, Ադրբեջանի հետ իր հետագա հարաբերությունները:

Այս հարցերն, իրոք, Հայաստանի իշխանության իրավասությունից դուրս են: Երեւանը չի կարող  պայմանավորվել Բաքու-Ստեփանակերտ ապագա հարաբերությունների շուրջ: Այս առումով Ադրբեջանն իր տեսլականը հնչեցրել է՝ Լեռնային Ղարաբաղի ամենաբարձր ինքնավարություն: Ստեփանակերտի ընդհանուր մոտեցումն այն է, որ վերադարձ անցյալին չի կարող լինել ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով:

Այսօր, թվում է, հարկ է բացել այս դիվանագիտական ձեւակերպումը: Ստեփանակերտում, իհարկե՝ համապատասխան խորհրդատվական քննարկումներ անցկացնելուց հետո, պետք է, երեւի, ձեւավորվի համապատասխան աշխատանքային խումբ, որը կաշխատի կարգավորման պատկերացումները փաստաթղթի վերածելու ուղղությամբ: Երբ այն պատրաստ կլինի, կսկսվեն քաղաքական քննարկումները, կարվեն լրամշակումներ: Վերջնական համաձայնությունից հետո կարգավորման արցախյան տարբերակը պետք է պաշտոնապես ներկայացվի միջնորդներին եւ Ադրբեջանին: Սա է, թերեւս, բանակցություններին ներգրավվելու ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհը:  Ըստ էության, բանակցությունների սեղանին պետք է դրվեն ոչ թե ինչ-որ սկզբունքներ, այլ՝ կարգավորման ադրբեջանական եւ արցախյան տարբերակները, բանավեճը պետք է ընթանա դրանց շուրջ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի գտնել այն ոսկե միջինը, որը կբավարարի կողմերին: Նման գործընթաց, սակայն, կարող է մեկնարկել, եթե Ադրբեջանը եւ Արցախն իրոք ունենան հանգուցալուծման գնալու նպատակադրվածություն եւ միմյանց ընդառաջ քայլ անելու քաղաքական կամք: