Կտրուկ հայտարարություններ ես անում, կտրում ՀԱՊԿ-ի հետ կապը, նորից պատերազմ ես սադրում

Կտրուկ հայտարարություններ ես անում, կտրում ՀԱՊԿ-ի հետ կապը, նորից պատերազմ ես սադրում

Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները «սառեցված» են: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ՊՆ-ում հյուրընկալելով Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին, նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով: Լըկորնյուն էլ հայտարարել է. «Շուտով Հայաստանին կմատակարարվեն ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները»։ 

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անդրադառնալով թեմային նշում է, որ սա հերթական բեմադրությունն է: Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները պատրաստ են ամեն գնով Ռուսաստանին` որպես դաշնակից չեզոքացնել, անգամ մարդկային և տարածքային նոր կորուստների գնով: Եւ անգամ մեծ ցանկության դեպքում Ֆրանսիան չի կարող փոխարինել Ռուսաստանին:

«Գործ ունենք նոր թատերական ներկայացման հետ: Զենքը երբեք չի լինում ավելորդ, կամ շատ, ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հաստատում է դա, բայց եթե դու զենք ես ձեռք բերում հակադրության տրամաբանությամբ, իսկ Ֆրանսիայի հետ սիրախաղի իմաստն այն է, որ Ֆրանսիան հուսալի ռազմական գործընկեր է և կարող է փոխարինել իբր անհուսալի ՌԴ-ին, սա արդեն տանում է լրիվ այլ տեղ: Եթե առանց հակադրվելու տրամաբանության այլ ուժային կենտրոններից ևս ձեռք ես բերում զենք, գուցե էլի որոշակի խնդիրներ առաջանան, սակայն դրանք լուծելի հարցեր են: Այսօր փորձ է արվում Ֆրանսիային ներկայացնել Ռուսաստանին հակակշիռ` փոխարինող, վստահելի գործընկեր և այլն, սակայն անգամ եթե Ֆրանսիայի խոստացած սպառազինությունը տեղ հասնի, որոշակի հարցեր են առաջանում: Նոր հնարավոր պատերազմի ժամանակ մեզ պետք է լինելու անսահմանափակ հուսալի մատակարարում: Օրինակ` 44-օրյա պատերազմի ժամանակ 102-րդ ռազմաբազան բառի բուն իմաստով դատարկվել է: Ֆրանսիան, անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող ապահովել մեր կարիքները` ողջ ծավալով: Եթե սրան էլ գումարենք, որ կան լոգիստիկ խնդիրներ, թե ինչպես կարող է զենքը Հայաստան մտնել` կարող է մտնել միայն Վրաստանով, իսկ Վրաստանում թուրք-ադրբեջանական ազդեցությունը բավականին մեծ է, ես շատ հավանական եմ համարում, որ ցանկացած պահի Վրաստանն ուղղակի կարող է արգելել իր տարածքով զենք մատակարարել: Ասել, թե Վրաստանը Եվրամիության գործընկերն է և այլն, այդքան էլ այդպես չէ: Թուրքիայի ազդեցությունը Վրաստանում չափազանց մեծ է, էլ չեմ խոսում անձնակազմ պատրաստելու և նման հարցերի մասին: Այս ամենի համար ահռելի ժամանակ է հարկավոր: Ֆրանսիան չի կարող անգամ մեծ ցանկության դեպքում փոխարինել ՌԴ-ին անգամ որպես հուսալի մատակարար: Նույն Ֆրանսիան այսօր գտնվում է իր ռազմաքաղաքական անկման ստորին կետի վրա: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանն իր պրոքսի ուժերի հետ միասին Աֆրիկայից դուրս մղում Ֆրանսիային: Ֆրանսիան անգամ իր ազդեցության գոտիները չի կարողանում Աֆրիկայում պահել, էլ ո՞ւր մնաց մեզ զենք տրամադրի, դրան էլ գումարենք ուկրաինական ճակատում սպառազինության անհրաժեշտության խնդիրը, այդ ամենի ֆոնին Ֆրանսիայից մեծ աջակցություն ակնկալելը միամտություն է: Սա հերթական հակառուսական հետևողական քաղաքականության էլեմենտն է, գլխավոր նպատակը մեր հանրության մոտ հակառուսականությունը մեծացնելն է, պատրանք ստեղծելը, թե Ֆրանսիան կարող է լինել հուսալի դաշնակից և գործընկեր` փոխարինելով Ռուսաստանին: Նորմալ իշխանությունները, այո, կարող էին նաև բարեկամ Ֆրանսիայի հետ ջերմ հարաբերություններ հաստատել, առանց հակառուսականության և անիմաստ պատրանքներ ստեղծելու», - ասում է Ջամալյանը: