«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բարձիթողի վիճակ է

«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բարձիթողի վիճակ է

Տարեվերջին Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ խաչակրաց արշավանք իրականացրած կառավարող ուժը հայտարարում էր, որ ավելի ուժեղ, ավելի լավ, ավելի թափանցիկ՝ նիստերը ուղիղ հեռարձակող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ուզում ունենալ, դրա համար են «մերժում» Հարությունյանին: Իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կոչ էր անում լավագույն մասնագետներին՝ մասնակցել այդ պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին եւ զբաղեցնել հանձնաժողովի անդամի, նախագահի պաշտոնները՝ ցույց տալով, որ իրենք ոչ թե ընդվզում են իրենց ու իրենց բարեկամների դեմ հանձնաժողովի հարուցած վարույթների պատճառով, այլ Հարությունյանի մասնագիտական որակների եւ ուզում են լավ կառույց ունենալ, որին, ըստ երեւույթին, խանգարում էր նախկին նախագահը։

Վերջինս արդեն մեկ ամսից ավելի է՝ գործազուրկ է, բայց հանձնաժողովը համալրելու եւ «ավելի լավ» հանձնաժողով ունենալու ուղղությամբ ՔՊ-ն դեռեւս ոչ մի քայլ չի արել` ո՛չ մրցույթ է հայտարարվել՝ թափուր պաշտոնները համալրելու համար, ո՛չ թեկնածուների անուններ են հայտնվել, ո՛չ քննարկում է ընթացել: Չնայած հունվարի 1-ից մեկնարկել է պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը, սակայն ՔՊ-ում չեն շտապում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի նոր մրցույթ հայտարարել, լրացնել թափուր 2 անդամի պաշտոնները, ապաեւ հանձնաժողովի նախագահ ընտրել: Սա նշանակում է, որ կա՛մ հարմար թեկնածուներ չունեն ու այդ պատճառով մրցույթ չեն հայտարարում, որովհետեւ հնարավոր է` իսկապես պատահական մարդիկ դիմեն, կա՛մ էլ իրենց իրականում պետք չէ այս մարմինը, իսկ այն, ինչ կատարվում է այժմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, մեր աղբյուրներն անվանում են կառավարման ճգնաժամ։ 

Նախ՝ դեկտեմբերի 6-ին խորհրդարանի կողմից Հայկուհի Հարությունյանի չվերընտրվելուց հետո հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով պետք է իր կազմից` հանձնաժողովի տարիքով ավագ անդամին նշանակեր նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Չնայած գործող կազմի երեք անդամներից ամենաավագն Արամայիս Փաշինյանն է՝ 46 տարեկան, սակայն վերջինս ինքնաբացարկ է ներկայացրել, մինչդեռ հանձնաժողովի մասին օրենքը նման հնարավորություն` ինքնաբացարկ չի նախատեսում, եւ Փաշինյանը պարզապես պարտավոր էր իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները։ Արամայիս Փաշինյանը թեպետ ազգակցական առումով կապ չունի վարչապետ Փաշինյանի հետ, սակայն, ասում են, ունի ազդեցիկ հովանավոր, եւ նա ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանի քրոջ ամուսինն է: Ա. Փաշինյանը 2019 թվականի նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ` 3 տարի ժամկետով, իսկ անցած տարվա ապրիլին վերընտրվել է այդ պաշտոնում, չնայած նախապես հայտարարել էր, որ այլեւս չի ուզում առաջադրվել: Սակայն նրան համոզեցին առաջադրվել, եւ նա ժամկետի խախտմամբ, կրկին ՔՊ-ի կողմից գործուղվեց հանձնաժողով։

Մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանն արտոնյալ կարգավիճակ ունի՝ երբ ուզում է, հաճախում է աշխատանքի, երբ չի ուզում, չի գնում, ՔՊ-ականների հայտարարագրերի, բարեվարքության հարցերում էլ բավական կողմնապահ է եւ գրեթե միշտ հակադրվում է իշխանականների դեմ որոշումներ կայացնելուն։ Թե ինչու Փաշինյանը չի համաձայնել ստանձնել նախագահի պարտականությունները, մեր աղբյուրներն ասում են, որ մասնագիտական առումով չունի բավարար պոտենցիալ, ուստի խուսափում է ժամանակավոր պատասխանատվությունից եւ հետագայում տհաճ իրավիճակներում հայտնվելուց: Հիմա հանձնաժողովում նախագահի պարտականությունները կատարում է 35-ամյա Մարիամ Գալստյանը, ով, ըստ մեր աղբյուրի, փորձառության լուրջ պակաս ունի եւ դժվար թե կարողանա գործընթացը հավուր պատշաճի կազմակերպել։

Թե երբ կհամալրվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր հաստիքները, միայն Նիկոլ Փաշինյանը կիմանա: Ըստ երեւույթին, նոր «սրտի թեկնածուների» փնտրտուքի մեջ են, իսկ երբ միակ չափանիշը յուրային եւ հնազանդ աշխատողն է, նման թեկնածու գտնելը հեշտ չէ: Օրենքը սահմանում է, որ անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո 20-օրյա ժամկետում նոր խորհուրդ պետք է ձեւավորվի, ապա մրցույթ հայտարարվի, որի համար 30 օր է սահմանված, սակայն օրենքը չի հստակեցնում, թե երբ պետք է մրցույթ հայտարարվի, ուստի ենթադրվում է, որ իշխանությունը հնարավորինս երկար պարալիզացված կպահի այս հանձնաժողովի աշխատանքները, որ ՔՊ-ականների դեմ հարուցված 25 վարույթները չավարտվեն, եւ նորերը չհարուցվեն։ Ահա՝ այսպիսի պայքար կոռուպցիայի դեմ:
Երեկ փորձեցինք նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կարծիքը լսել իրենից հետո հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, սակայն նա հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ առայժմ որոշել է հանգստանալ եւ չի հետեւում հանձնաժողովի գործունեությանը։ Մեր հարցին՝ եթե այլ պաշտոնի առաջարկ ստանա, կընդունի՞, Հարությունյանն ասաց, որ Ազգային ժողովի քննարկումից իր համար այլեւս պարզ է, որ իրեն որեւէ պաշտոն չեն առաջարկի: «Եթե, այնուամենայնիվ, առաջարկեն. Փաշինյանի գործերն անքննելի են»: «Իմն են քննելի․․․»,- բազմանշանակ պատասխան տվեց Հարությունյանը։