«Հրապարակ». Ո՞ր դեպքում կարող են Հնդկաստանի քաղաքացիները մասնակցել ՀՀ-ում ընտրություններին

«Հրապարակ». Ո՞ր դեպքում կարող են Հնդկաստանի քաղաքացիները մասնակցել ՀՀ-ում ընտրություններին

Վերջին շրջանում ամենուր կարող ենք տեսնել տարատեսակ աշխատանքներ կատարող հնդիկների։ Հայաստան հնդիկների ակտիվ ներհոսքը բուռն քննարկումների առարկա է դարձել: Մեզ հետաքրքրեց, թե ինչպես են Հնդկաստանի քաղաքացիները Հայաստան ժամանում, որքան կարող են մնալ երկրում, աշխատելու համար թույլտվություն անհրաժե՞շտ է։ Զրուցել ենք «Միգրացիա եւ քաղաքացիություն» իրավաբանական գրասենյակի ղեկավար, Անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի հետ։

- Հնդիկների՝ Հայաստան ժամանումն ու կեցության իրավունքն ինչպե՞ս են կարգավորվում։ 

- Հայաստան մտնելու համար հնդիկներն էլեկտրոնային եղանակով ստանում են մուտքի վիզա։ Վիզային ռեժիմի խնդիրը մի քանի հարցի է բաժանվում օտարերկրացիների համար։ Կան երկրների քաղաքացիներ, որոնք Հայաստան մուտք են գործում առանց մուտքի վիզայի, օրինակ, եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլն։ Կան երկրներ, որոնց քաղաքացիները Հայաստան մուտք գործելու համար նախօրոք պետք է հրավեր ստանան, որպեսզի դիմեն օտարերկրյա դիվանագիտական ծառայություն մուտք գործելու համար, կան երկրների քաղաքացիներ, որոնք Հայաստան մուտք գործելու համար ստանում են մուտքի վիզան՝ նախապես լրացնելով էլեկտրոնային վիզա ստանալու հայտ։ Ուսումնասիրություն է իրականացվում ԱԱԾ-ի կողմից, հայտը ներկայացվում է հատուկ կայքէջով, որը սպասարկում է արտաքին գործերի նախարարությունը եւ ըստ այդմ, եթե ստանում են էլեկտրոնային վիզա, մուտք են գործում Հայաստան։

- Հայաստան մուտք գործելուց հետո ի՞նչ ռեժիմներ կան։

- Այն քաղաքացին, որը մուտք է գործել ՀՀ, ունի մուտքի վիզա, հանրապետությունում մնալու է մինչեւ մուտքի վիզայի ժամկետը լրանալը, ժամկետի լրանալուց հետո ՀՀ-ում բնակվելը համարվում է ռեժիմի խախտում, որով սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 50-100 հազար դրամ։ 

- Մուտքի վիզան որքա՞ն ժամանակով է ՀՀ-ում բնակվելու հնարավորություն տալիս։

- Նայած մուտքի վիզան ինչ ժամկետով է տրամադրվել՝ 21 օրով, 60, 120: Մուտքի վիզայի համար սահմանված է առավելագույնը 120 օր եւ 60 օր երկարացման հնարավորություն։ Եթե Հնդկաստանի քաղաքացին մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, օրինակ, ուսման նպատակով, դիմում է արդեն Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ կացության կարգավիճակ ստանալու համար։ Եթե ցանկանում է աշխատել ՀՀ-ում, իր հետ անմիջապես չեն կարող կնքել աշխատանքային պայմանագիր, մինչեւ չունենա աշխատանքի թույլտվություն եւ կացության քարտ։ Դրա համար օրինական ժամկետում ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի քաղաքացին իրավունք ունի ստանալ Հանրային ծառայությունների համարանիշ` դիմում է գործատուին, գործատուն նշված քաղաքացու համար էլեկտրոնային եղանակով հայտ է ներկայացնում, որ Workpermit համակարգով ստանա աշխատանքի թույլտվություն եւ միաժամանակ կացության կարգավիճակ, ուսումնասիրություններ են իրականացվում` գործերը համակարգի միջոցով ուղարկվում են ոստիկանություն, ԱԱԾ: Այդ պրոցեսը 4 փուլ է անցնում, ապա արդեն ստանում է կացության քարտ, որը ներկայացնում է գործատուին, եւ միայն դրանից հետո գործատուն իրավունք ունի կնքելու աշխատանքային պայմանագիր։

- Իսկ հայերենին պե՞տք է տիրապետի։

- Հայաստանում բնակվելու համար հայերենի իմացություն չի պարտադրվում․ որեւիցե երկիր չունի նման ռեժիմ, որ օտարերկրյա քաղաքացին վիզային ռեժիմով մուտք գործեց ՀՀ կամ նույնիսկ առանց վիզայի, պարտադիր պետք է տիրապետի լեզվին։ Եթե տիրապետում է այնպիսի լեզվի, որով ՀՀ-ում առավելապես շփվում են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, բնականաբար, շատ ավելի լավ, եթե չի տիրապետում, արդեն այդ անհարմարության բեռը կրում է տվյալ քաղաքացին։ Եթե Հնդկաստանի քաղաքացին բավարարում է օրենքով սահմանված մյուս պահանջներին, օրինակ, ունի 3 տարվա կացության քարտ եւ ցանկանում է դիմել քաղաքացիություն ստանալու համար, այստեղ պահանջվում է լեզվի իմացություն։ Նա պետք է հանձնի հայոց լեզվի իմացության թեստ, քննություն, նաեւ՝ Սահմանադրության իմացության թեստ՝ հայոց լեզվով: Եթե պատասխանում է հարցաշարի կեսից ավելիին, ապա համարվում է հանձնված, եւ նրանից ընդունում են քաղաքացիության վերաբերյալ գործ։ Աշխատանքային պայմանագիր կնքելու համար լեզվի իմացությունը պարտադիր չէ։ Նրանք բոլորն աշխատում են մասնավոր ընկերություններում, եւ գործատուն է որոշում չափորոշիչները, թե իրեն ինչպիսի աշխատողներ են պետք։

- Իսկ ժամանողների առողջական վիճակը ստուգվո՞ւմ է, ինչ-որ վտանգավոր հիվանդությունների առկայություն եւ այլն, չէ՞ որ կարող են տարբեր վարակներ ներմուծել երկիր։

- Եթե օտարերկրյա քաղաքացին դիմել է Միգրացիոն ծառայություն ոչ permit համակարգով, ուզում է կեցության իրավունք ստանալ ուսման նպատակով կամ ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ, կամ անկախ ձեռնարկատեր է, կամ ՍՊԸ ունի` հիմնադիր է, այս պարագայում դիմում է անձնագրային վարչություն եւ տվյալ պարագայում ներկայացնում է առողջության վերաբերյալ տեղեկանք։ Իսկ Workpermit համակարգով էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնելու համար առողջության վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացնում։ 

- Նախկինում դատապարտված անձանց թույլ տալի՞ս են մտնել Հայաստան։

- Այդ ինֆորմացիայի մասով ուսումնասիրությունն իրականացվում է Ազգային անվտանգության ծառայության կողմից` եթե տալիս են դրական եզրակացություն, բնականաբար, նա կարող է մտնել երկիր։ 

- Իսկ դեմոգրաֆիական հնարավոր խնդիրներից խուսափելու համար կա՞ն վերահսկման կամ զսպման մեխանիզմներ։

- Մեխանիզմը կայանում է նրանում, եթե քաղաքացին մուտք է գործել ՀՀ եւ բնակվում է, օրինակ, ապօրինի, չունի համապատասխան կացության կարգավիճակ, չունի մնալու իրավունք, բնականաբար, գործ կհարուցվի արտաքսման վերաբերյալ, եւ նրան կարտաքսեն Հայաստանից։ Օրենսդրությունը սահմանել է համապատասխանության կրիտերիաներ, որոնցով էլ օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստան մուտքը սահմանվում է։ Եթե պետության անվտանգության տեսանկյունից, դեմոգրաֆիական տեսանկյունից վտանգ են տեսնում՝ կատարում են օրենսդրական փոփոխություններ։ 

- Ո՞ր դեպքում օտարերկրյա քաղաքացին կարող է մասնակցել ՀՀ ընտրություններին եւ ո՞ր ընտրություններին։

- Համապետական ընտրություններին չեն կարող մասնակցել՝ դրա համար պետք է լինեն բացառապես ՀՀ քաղաքացի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել տվյալ համայնքում մեկ տարի հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Օրինակ, Հնդկաստանի քաղաքացին պետք է ունենա կացության կարգավիճակ, հետո կկարողանա հաշվառվել` ըստ բնակության վայրի։