Կարո՞ղ են ասել՝ ով է լինելու վարչապետը, կարո՞ղ են ստվերային կաբինետ հայտարարել․ Ստեփան Դանիելյանը՝ ընդդիմադիր ուժերի պահանջի մասին

Կարո՞ղ են ասել՝ ով է լինելու վարչապետը, կարո՞ղ են ստվերային կաբինետ հայտարարել․ Ստեփան Դանիելյանը՝ ընդդիմադիր ուժերի պահանջի մասին

Օրերս ստորագրվեց համաձայնագիր, որով Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար, Ադրբեջանին պետք է անցնի ԼՂՀ տարածքի մեծ մասը։ Համաձայնագրի ստորագրումից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը, քաղաքացիների որոշ մասը սկսեցին պահանջել իշխանության հրաժարականը և այժմ էլ շարունակվում են այդ պահանջով հանրահավաքները։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ 

-Պարո՛ն Դանիելյան, ըստ Ձեզ՝ ինչ-որ նախադրյալներ կան, որ կարող է փոխվել այս համաձայնագիրը։ 

-Այդ հայտարարությունը շատ ընդհանուր մի հայտարարություն է, որտեղ շատ հարցեր, սկզբունքային հարցեր պարզաբանված չեն։ Եվ այդ հայտարարության շրջանակներում կարելի է շատ բան փոխել, ֆունդամենտալ բաներ փոխել, նույնիսկ այդ հայտարարության շրջանակում։ Էլեմենտար մի օրինակ բերեմ․ այստեղ ասված է «բռնի տեղահանվածների վերադարձ», չէ՞, հենց այդ կետով կարելի վերականգնել Արցախի տարածքը, գուցե բացի Շուշիից, որը շրջափակման մեջ է գտնվում, ըստ էության, Ադրբեջանի շրջափակման մեջ է։ Եվ իրենց ամբողջ գոյության հարցը կախված է այդ ռուսական խաղաղապահ զորքերի վերաբերմունքից։ Նախ պետք է հասկանանք՝ դա ինչ հայտարարություն է։

-Այսինքն՝ հասկանանք «բռնի տեղահանված»-ը վերաբերում է վերջին շրջանում տվյալ տարածքներում բնակված նաև արցախցիների՞ն։

-Այո, Հադրութի, Մարտունիի մասերին և այլն։ Այս վիճակում Շուշին որպես ադրբեջանական չի կարող նորմալ գործել որպես քաղաք։ Հիմա վերադառնանք փաստաթղթին, դա ի՞նչ փաստաթուղթ էր։ Այդ փաստաթուղթը, իմ կարծիքով, նրա մասին էր խոսում, որ ինչ-ինչ պատճառներով Ալիևին և Թուրքիային  ինչ-որ առումով պառկեցնում էր, իրավունք էր տվել, որպեսզի ֆորմալ Ադրբեջանի տարածքում (Արցախը նկատի ունեմ, որը որպես Ադրբեջանի տարածք է ընդունված) ինքը սուվերենությունից հրաժարվի և այդտեղ, ըստ էության, տեղակայվի ռուսական ռազմաբազա։ Այսինքն՝ այս փաստաթղթով Ադրբեջանը դե յուրե իր տարածքը հանձնեց Ռուսաստանին, ճիշտ է, ժամանակավոր։ Ժամանակավոր խաղաղապահներ էին և՛ Աբխազիայում, և՛ Հարավային Օսիայում։ Այսինքն՝ այստեղ աշխարհաքաղաքական փոփոխություն  է կատարվել այդ փաստաթղթում, որը ձեռնտու էր Ռուսաստանին և կյանքի հարց էր Իրանի համար։ Որովհետև մենք հասկանում ենք, որ եթե Արցախի հարցը լուծվեր իրենց ուզածով, ամբողջովին իրենք գրավեին, Ադրբեջանը դառնում էր ՆԱՏՕ-ի տարածք, մտնում էր Կասպից ծով, տարածաշրջան, և հետագայում ծավալվելու խնդիր կար նաև հաջորդ քայլում, ըստ էության, Իրանի մասնատում կգնար հայտնի պատճառներով՝ Իրանի Ադրբեջանի (Ատրպատականի - ՀՐԱՊԱՐԱԿ)։ Այսինքն՝ Ռուսաստանը Իրանի ինչ-որ միջամտությամբ, աջակցությամբ, որը գուցե մենք հետագայում կիմանանք, մանրամասն, թե ինչեր են կատարվել, լուծել են իրենց խնդիրը։ Սա իրենց խնդիրն էր։ Մեր խնդիրը ո՞րն էր․ մենք պետք է ունենանք ազգային օրակարգով իշխանություն, որը կարող է համախմբել հանրությանը, որը կարողանա այս փաստաթղթի շրջանակներում ֆունդամենտալ հարցեր լուծել և վերադարձնել Արցախի բնակչությանն այնտեղ, մանրակրկիտ աշխատանք տանել իրենց անվտանգության և սոցիալական խնդիրների համար։ Եվ ես ստահմ եմ, որ այս դեպքում մարդիկ ավելի անվտանգ և ապահով, սոցիալապես ավելի լավ կապրեն, քան Հայաստանում։ Մենք այս ուղղությամբ չենք տեսնում ոչ մի քայլ ո՛չ քաղաքական, ո՛չ կազմակերպչական, որովհետև պետական ինստիտուտները պարալիզացված են Հայաստանում, քաղաքական ինստիտուտները չեն գործում։ Սա ամենավտանգավորն է, որ այսօր կատարվում է։ Եվ նորից եմ կրկնում, մեզ պետք է ազգային օրակարգով քաղաքական ղեկավարություն, որ այս հարցերը լուծի։ Տարածաշրջանում ֆունդամենտալ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։

-Նշեցիք, որ հստակեցման խնդիրներ կան։ Հնարավո՞ր է ինչ-որ փոփոխություններ կատարել, իշխանության գնալ-չգնալով։ 

-Նույնսիկ փաստաթուղթը, որը շատ  անորոշ և շատ վերացական կետեր է պարունակում և շատ հարցերի պատասխան չունի ազգային օրակարգ ունեցող իշխանությունը Հայաստանում, թեկուզ այդ փաստաթղթի շրջանակներում կարող է ֆունդամենտալ հաջողությունների հասնել` ստեղծված իրավիճակից ելնելով։ որովհետև կրկնում եմ, որ ամբողջ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական դասավորություն է ձևավորվում և շատ-շատ անսպասելի զարգացումներ են կարող լինել, որոնք կարող են և՛ վտանգավոր լինել մեզ համար, և՛ մեծ հնարավորություններ բացել։ Դա նշանակում է, որ պետք է իրավիճակը հասկացող իշխանություն, որը կարող է շատ հստակ քայլեր իրականացնել և՛ քաղաքական դաշտում՝ արտաքին ու ներքին, և՛ կազմակերպչական։                          

-Ընդդիմադիր ուժերն իշխանության հրաժարականն են պահանջում, ի՞նչ նախադրյալներ եք տեսնում, իշխանությունը կմնա՞, չի՞ մնա։ 

-Ես չեմ կարող ասել՝ իշխանությունն այսօր չի մնա, վաղը չի մնա, թե մի շաբաթ հետո չի մնա, ես չգիտեմ, բայց այս իշխանությունը չի կարա մնա։ Այսինքն՝ անհնար է, որ Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ։ Այլ հարց է, թե ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենք կարո՞ղ են տալ այն հարցերի պատասխանը, որ այսօր մեր հասարակությանը հետաքրքրում է, կարո՞ղ են ասել՝ ով է լինելու վարչապետը, կարո՞ղ են ստվերային կաբինետ հայտարարել, կարո՞ղ են քաղաքական իրավիճակը բացատրել, երբ սրանց հեռանալը լինի։ Եվ հանրության համար հասկանալի լինի, որ դուրս գան փողոց և հասնեն հաջողության։ Այս առումով ես, ցավոք սրտի, դեռ չեմ տեսնում այդ հարցերի պատասխանը, բայց մարդիկ փողոց դուրս գալուց առաջ պետք է այդ հարցերի, գոնե մի քանի գլխավոր հարցերի, պատասխանն ունենան։