ՀՀ-ի ու Արցախի միջև որևէ էլիտաների օրոք նման վատ հարաբերություններ չէին եղել․ Ղուլյան

ՀՀ-ի ու Արցախի միջև որևէ էլիտաների օրոք նման վատ հարաբերություններ չէին եղել․ Ղուլյան

«Արցախի պետականության պահպանումը ոչ միայն այսօրեական, այլև ապագայի թեմա է: Եթե մենք մտածում ենք ընդհանուր հայկական քաղաքական մտքի զարգացման, հայկական պետականության մասին, ապա շատ կարևոր է, որպեսզի Արցախի պետականությունը կարողանանք ճիշտ պահել: Իրականում տպավորություն կա, թե 10 օրում մոռացության ենք տվել այն, ինչը 30 տարի եղել է հայկական միասնական օրակարգում և մոռացել ենք Արցախի տված զարթոնքը»:

Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկարներ» թեմայով հրավիրված քննարկմանն իր ելույթում ասել է Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Ցանկացած արցախցու երազանքն է վերադառնալ իր ծննդավայր։ Եթե մենք մեր վերադարձի իրավունքի հետ չկարողանանք կապել նաև մեր ինքնորոշման իրավունքը՝ մեզ սպասելու է հերթական հիսաթափությունը: Վերադարձ Արցախ անպայման պետք է լինի, որպեսզի մենք ունենանք Արցախի պետականություն։ Ես ցավով պետք է նշեմ, որ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության միջև այսպիսի վատ հարաբերություններ, կտրվածություն չի եղել որևէ կառավարման էլիտաների օրոք, շատ մեղմ եմ ասում։ Խոսքը ոչ միայն պաշտոնական հարաբերությունների մասին է, այլև զուտ մարդկային, իսկ լավ հարաբերություններն ավելի շատ կնպաստեն հետագա փուլերի համար»,- նշել է նա։