Ընտրատեղամասերում խափանումները միասին վերցրած կազմել են 357 ժամ. Մուկուչյան

Ընտրատեղամասերում խափանումները միասին վերցրած կազմել են 357 ժամ. Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով՝ հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների շրջանակում ընդհանուր հեռարձակման տևողությունն ընտրական տեղամասերից կազմել է 70 հազար 941 ժամ, խափանումները միասին վերցրած կազմել են 357 ժամ։ 

«1517 տեղամասերից իրականացվել է հեռարձակում։ Մոտ 1350 տեղամասերից հեռարձակման ընթացքում որևէ խափանում առկա չի եղել։ Ընդհանուր հեռարձակման տևողությունը տեղամասերից կազմել է 70 հազար 941 ժամ, խափանումները միասին վերցրած կազմել են 357 ժամ, ընդհանուր հասանելիությունը՝ 47 ժամվա կտրվածքով», - Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման քննության ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Մուկուչյանն ասաց, որ տեղամասերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկն ըստ էության աշխատել է 47 ժամվա ռեժիմով, իսկ հասանելիությունն ընդհանուր 99,5 տոկոս է կազմել։ 

Այսօր ավելի վաղ ՍԴ դիմում ներկայացրած կուսակցություններից «Հայոց հայրենիքի» ղեկավար Արտակ Գալստյանը քննության ժամանակ հայտարարել  էր ընտրությունների վերահսկողությունը կուսակցությունն իրականացրել էր տեսախցիկների միջոցով կուսակցության կենտրոնական շտաբից, և որ մոտ 1,5 ժամով իրենց շենքը հոսանքազրկված է որ եղել այդ ընթացքում։ «Կենտրոնական շտաբում տեղադրեցինք մոնիտորներ, կարողանում էինք միաժամանակ վերահսկել մոտավորպես 1500 տեղամասեր, բայց ցավոք սրտի, Աստծո կամոք, թե ոչ, հոսանքազրկվեց, մոտավորպես ժամուկես վերահսկողությունը չենք ունեցել։ Ընդ որում, հոսանքը անջատվել է միայն մեր շենքում, վերականգնվելուց հետո արդեն ընտրության արդյունքները պարզ էին», - ասել էր Արտակ Գալստյանը։ 

Բացի այդ, քվերաթերթիկների հաշվարկի ժամանակ հոսանքազրկվել էին Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներ։