Ի՞նչ է տեղի ունեցել իրականում․ նոր մանրամասներ Քոչարյանի գործից

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում․ նոր մանրամասներ Քոչարյանի գործից

«Լևոն Քոչարյանի գործով կա 2 տուժող և 1 վկա։ Տեղեկացնեմ, որ  տուժողներից մեկը Հրաչիկ Խաչատրյանն է։ Ես տեսանյութ կներկայացնեմ և այնտեղ հստակ կերևա, թե ով է Հրաչիկ Խաչատրյանը։ Ըստ մեղադրանքի, Հրաչիկ Խաչատրյանի ոտքերին է հարվածել Լևոն Քոչարյանը՝ մինչև ավտոմեքենա նստեցնելը։ Տեսանյութում դուք կտեսնեք, թե որտեղ է նա գտնվել և արդյո՞ք Քոչարյանը կարող էր հարվածել Հրաչիկ Խաչատրյանին։ Ունենք մի իրավիճակ, որ ես կաշկանդված եմ նախաքննության գաղտնիքով և, բնականաբար, չեմ կարող ասել, թե ոստիկանության աշխատողներն ինչ բնույթի ցուցմունքներ են տվել»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, թե իբրև նա 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ մասնակցել է խաղաղ ցույցին, կարմիր բերետավորները  օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհները բացելու, սակայն Լևոն Քոչարյանը հակադրվելով  նրանց՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել։ Պնդում են, թե իբր մինչև ավտոմեքենան նստեցնելու պահը, երկու անգամ ոտքերով հարվածել է ոստիկանության մեկ աշխատակցի ոտքին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և նպատակ ունենալով խաթարել նրանց ծառայողական գործունեությունը, 2 անգամ  հարվածել է ոստիկանության ևս մեկ այլ աշխատակցի կրծքավանդակի ու ուսի հատվածներին։ Սա է մեղադրանքի բնորոշումը։ Այս մեղադրանքը բնորոշ է քրեական օրենսգրքի 452 հոդվածին։ Սա զավեշտ է իրականում, այլ ոչ թե քրեական վարույթ»,- ասաց Ալեքսանյանը։