Մենք՝ անզոր, նրանք՝ անզգա

Մենք՝ անզոր, նրանք՝ անզգա

Ողբերգությունը խորանում է, մեր անզորությունից ծնված հուսահատությունը՝ նույնպես։ Ի՞նչ անի Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Գավառում եւ Գորիսում ապրող հայաստանցին, որը սրտի տագնապով ու միայն վատ լուրերի սպասումով՝ հետեւում է իրադարձություններին եւ չգիտի իր անելիքը։ Գլուխը ո՞ր պատին տա Հայաստանում ապրող մարդը, որը, եթե անգամ պատրաստ է գնալ ու կռվել, իր կյանքի գնով պաշտպանել Արցախը, զրկված է այդ հնարավորությունից, որովհետեւ երկրի պաշտպանությունը կազմակերպում է իշխանությունը՝ հանձինս կառավարության ու Պաշտպանության նախարարության։ Իսկ նրանք նախընտրել են ոչ թե երկրի անվտանգությունն ապահովել, այլ զբաղվել ասֆալտ գցելով, մանկապարտեզներ նորոգելով եւ սնուփդոգեր Հայաստան բերելով, որ մարդիկ բավականաչափ տեսարաններ ունենան ու կյանքը ձանձրալի չլինի։ 
Եւ բոլոր նրանք, ովքեր օրնիբուն հանդիմանում են ընդդիմությանը եւ նրանց սահման ուղարկում, թե՝ Հրապարակում հավաքվելու փոխարեն գնացել կռվելու, պետք է հասկանան, որ ոչ մի կռվող մենակ չի կարող պատերազմել։ Եւ պատերազմողն ու երկրի պաշտպանությունը կազմակերպողը կառավարությունն է, որը երեք տարի զենք չի ներկրել, բանակը չի մարզել, անգամ՝ դիվանագիտական ճակատում ոչ մի հաջողություն չի գրանցել՝ կորցնելով հին դաշնակիցներին եւ չկարողանալով համարժեք դաշնակիցներ ձեռք բերել։ 

Ինչի՞ համար էին հայ-ամերիկյան զորավարժությունները, եթե դրանց իրականացման պահին անգամ թշնամին հարձակվում է հայկական հողի վրա, իսկ նրանք ոչ մի դեր չեն խաղում։ Գուցե դրանք բացառապես մի իմաստ ունեին՝ ռուսին մեր դեմ հանելո՞ւ։ Ի՞նչ իմաստ ուներ ամիսը մեկ Բրյուսել ու Պրագա գնալը, Մակրոնի ու Բլինքենի հետ սիրախաղեր անել, եթե ամենավճռական պահին նրանք մատը մատին չէին տալու մեր Արցախը կոտորածից փրկելու համար։ Ինչո՞ւ էին ԵՄ դիտորդներ գալիս տարածաշրջան, որ Հայաստանը տարանջատեն Արցախից եւ հանգիստ դիտեն, թե ինչպես է Արցախը հանձնվո՞ւմ։ 

Հիմա այս ամբողջ միջազգային հանրությունը՝ անզգա ու ստոր հայացքով, ուշադիր հետեւում է, թե ինչպես են երեխաներ զոհվում Արցախում, ինչպես են մարդկանց զրկում հայրենի հողում ապրելու իրավունքից եւ ինչպես են բանտեր կառուցում, որտեղ իրենց հայրենիքի համար կռված հերոս տղաներին են բանտարկելու՝ ասես քրեական հանցագործների։ Ո՞ւմ էին պետք Անդրեա Վիկտորինի, ԱՄՆ դեսպանի հետ ամենօրյա հանդիպումներն ու լայնաժպիտ լուսանկարները, եթե նրանք հորդորելու էին, որ մենք համաձայնենք ագրեսորի, բռնարարի, զավթիչի անօրինական պահանջներին եւ մեր ազգի լավագույն հատվածին՝ արցախցիներին տնավեր անենք։