Եկեղեցու դեմ արշավը՝ մերօրյա հերետիկոսությո՞ւն

Եկեղեցու դեմ արշավը՝ մերօրյա հերետիկոսությո՞ւն

Տաթևի վանքում ծառայություն իրականացնող և այս պահին որոշակի առողջական խնդիրներ ունեցող Հայր Միքայելի անվան շուրջ բարձրացված աղմուկը չի լռում։ Հիշեցնենք, որ Հայր Միքայելն ունի առողջական խնդիրներ, որի մասին Մայր Աթոռը հաղորդագրություն էր տարածել։ Եվ այս առիթը որոշել էին իրենց ձեռքից բաց չթողնել որոշ ուժեր՝ մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու և Կաթողիկոսի ինստիտուտի դեմ աշխատող ուժերը։ Հայտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին հայտարարել, որ Գարեգին Բ-ն պետք է հրաժարական տա, իսկ Հայր Միքայելը դառնա նոր կաթողիկոս։ Այս հայտարարությունները արդարացնում էին այն հանգամանքով, իբր Կաթողիկոսը կարգալույծ է արել Հայր Միքայելին։

Այնինչ, խոսքն ընդամենը առողջական խնդիրներ ունենալու մասին էր։ Մենք փորձեցինք հասկանալ թե հակակեղեցական այս հիստերիան որտեղի՞ց է ուղղորդվում կամ ովքեր են դրա հիմնական տարածողները։ Որոնումների արդյունքում գտանք «Նոր Հայաստան- Նոր հայրապետ» էջը, որը վարում է ոչ միանշանակ կենսագրություն ունեցող մի մարդ, ով Հայաստանից դուրս է ապրում։ Հետաքրքիր մի նյուանս նկատեցինք, էջում, որ Հայր Միքայելին ներկայացնում են որպես Կաթողիկոսի զոհ, այնինչ երեկ Հայր Միքայելը ստիպված էր հայտարարությամբ հանդես գալ ու հորդորել իր անունը չսակարկել սեփական շահի համար և որ իրեն կարգալույծ չեն արել, շարունակում է ծառայությունը։ Սակայն, զարմանալի օրինաչափությամբ, այս էջում շարունակում են հրապարակել Հայր Միքայելին գովերգող տեքստեր ու թե ինչ սարսափելի մարդ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Իսկ մեկնաբանություններում Հայր Միքայելի հանդեպ սիրո զեղումներ անողները Հայր Միքայելի էջի տարածած հայտարարությունները կարդացե՞լ են, թե այդ սիրո մասին մեկնաբանությունները ևս ուղորդված են։ Մի հատված Հայր Միքայելի տարածած հայտարարությունից․ «Հետագա տարակարծություններից խուսափելու համար, ցանկանում եմ ամենքիդ տեղեկացնել, որ շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում, սակայն, առողջապահական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական Սուրբ Պատարագ չեմ մատուցում։ Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը, առավել ևս չվերագրել ինձ այնպիսի անհամեստ հավակնություններ, որոնք պարկեշտ չեն: Իմ հորդորն է նաև, որ համբերությամբ զինվենք, խաղաղվենք և հույսով սպասենք, որ առողջապահական վերջնական դրական եզրակացության արդյունքում, կամոքն Աստուծո վերոհիշյալ հարցին շուտափույթ լուծում կտրվի և ես ընդհանրական Սուրբ Պատարագ կմատուցեմ։ Աղոթքով և օրհնությամբ` Հայր Միքայել»։

Այս էջում թիրախավորում են նաև բռնի տեղահանված արցախցիներին, կեղծ մարդասիրության քողի տակ փորձելով ներկայացնել նրանց գործիք Կաթողիկոսի ձեռքում, ով իբրև թե ուզոմ է«արյունով հեղափոխություն» անել։ Իհարկե, սա ծիծաղելի կթվա օրվա լրահոսին քիչ թե շատ ծանոթ մարդկանց համար, բայց այստեղ ստիպված ենք վերհիշել ֆաշիստ Գեբելսի թևավոր դարձած խոսքը ստի մասին՝ “Repeat a lie often enough and it becomes the truth”, որը թարգմանաբար նշանակում է՝ Անընդհատ կրկնիր սուտը և այն կդառնա ճշմարտություն։ Ամենայն հավանականությամբ, Հայ առաքելական եկեղեցու, Կաթողիկոսի, համարձակ ու նվիրյալ հոգևորականների դեմ արշավներ սկսողները Գեբելսի փորձին են վստահել ու որոշել հենց նրա կիրառած գործիքներով աշխատել։ Չէ որ նույն Գերմանիայում այդ գործիքները աշխատեցին, բայց և տեսանք, թե ինչ արդյունքի հանգեցրին։ Սակայն, ցավոք, մեր հարևաններն ու թշնամիները նույնը չեն, ինչ Գերմանիայի հարևաններն ու թշնամիները։ Էջը թերթելու ընթացքում տեսա նաև թիրախավորում հանրության կողմից հարգված և սիրված այլ հոգևորականների նկատմամբ էլ՝ Արշակ Սրբազան, Միքայել Սրբազան և այլոց դեմ։ Հետաքրքիր է, որ բավականին խորամանկ են ապատեղեկատվությունը մատուցում մարդկանց, օրինակ նույն Հայր Միքայելի օրինակով, ներկայացնում են իբրև շատ են մտահոգված Հայր Միքայելով, բայց իրականացնում են հայ եկեղեցին կազմաքանդելու, պառակտելու առաջադրանքը։ Այս էջում հրապարակված էին տեքստեր, որտեղ կային 5-րդ շարասյան մասին, իշխանափոխությունը հակասահմանադրական արարք որակելու մասին դատողություններ, որոնք պարզապես նույնացվում են այս իշխանությունների հռետորաբանության հետ։ Կարմիր գծով անցնում էին նաև այն մեկնաբանությունները ու բովանդակությունը, որ ով այս իշխանության դեմ է՝ նա դավաճան է։

Ի դեպ, էջի անվանումն էլ է շատ բան հուշում՝ Նոր Հայաստան-Նոր Հայրապետ․ չի՞ հիշեցնում արդյոք Նիկոլ Փաշինյանի Նոր Հայաստանը՝ Նոր Հայաստան առանց Արցախի, Նոր Հայաստան՝ ադրբեջանական ահաբեկչական զորքերի կողմից օկուպացված սուվերեն ՀՀ տարածքներով։ Ընդ որում կաթողիկոսի դեմ արշավ մղողները չեն էլ նշում օրինակ Նոր Հայաստան՝ Նոր եկեղեցի, այլ նոր հայրապետ, որովհետև իրենց գործունեության հիմքում եկեղեցու կործանումն է։ Հեռուն պետք չէ գնալ, Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ ով խոսի իր իշխանության դեմ՝ նա դեմ է Աստծուն։ Արդյոք իշխանությունները դեր խաղում են այս ամենում՝ ամենայն հավանականությամբ այո։ Իշխանությունները պատերազմ են հայտարարել եկեղեցուն ու ստանձնել են յուրօրինակ հերետիկոսի դերը։ Հայ առաքելական եկեղեցին միշտ կատարել է ազգապահպան դեր հատկապես այն ժամանակաշրջաններում, երբ չենք ունեցել պետականություն։ չենք կարող ժխտել, որ հարյուրամյակներով պետականության բացակայության պայմաններում որպես ազգ գոյատևել ենք, մշակույթ ստեղծել հենց եկեղեցու շնորհիվ, և այսօր մեզանից փորձում են այդ վերջին հզոր հենարարնն էլ խլել։ Ցանկացած պետականություն հիմնված է որոշ կառույցների վրա, մեր դեպքում, իմ կարծիքով, այդ կառույցներն էին բանակը, Հայ առաքելական եկեղեցին, Սփյուռքը։ Բանակը քայքայվեց՝ արդյունքում կորսված Արցախ, օկուպացված ՀՀ սուվերեն տարածքներ, խեղված ճակատագրեր ու հազարավոր զոհեր և սպասվող նոր պատերազմ՝ Ալիևի ֆաշիստական նկրտումներով համեմված, Սփյուռքը պառակտվեց, իսկ հիմա անցել են եկեղեցուն։ Մնում է հասկանալ, թե շուրջ երկու հազարամյակի պատմություն ունեցող ազգապահպան եկեղեցուն որքան վնաս կկարողանա հասցնել փաշինյանական ռեժիմն իր կարգալույծ արված ու ոխը սրտերում պահած հակաեկեղեցականներով։

Հ․Գ․ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները, ովքեր իրենց եկեղեցապաշտ են ներկայացնում և եկեղեցու դարդով են «տապակվում», երևի այնքան են հեռու եկեղեցուց, որ չգիտեն էլ, որ Կաթողիկոսը չի կարող հրաժարական տալ, այսինքն կաթողիկոսի հրաժարականի ինստիտուտ չի գործում, նման բան պարզապես գոյություն չունի։