Մարկ Տվենը՝ ամեն ազգության եւ ժամանակի փաշինյանների մասին

Մարկ Տվենը՝ ամեն ազգության եւ ժամանակի փաշինյանների մասին

Անգլիական մի զվարճախոսություն կա, թե բոլոր թեւավոր խոսքերը, որոնք հայտնի չէ՝ իրականում ովքեր եւ երբ են ասել, վերջում վերագրվում են կա՛մ Մարկ Տվենին, կա՛մ Բերնարդ Շոուին, կա՛մ Աբրահամ Լինկոլնին։ Կոնկրետ այս ասույթի հեղինակը չգիտեմ ով է, բայց երեւի մարդկանց մասին արված ամենախոր դիտարկումներից մեկն է․ «Բարբարոսները հավատում են միայն նրան, ինչ տեսնում են»։ 
 Այն, ինչ մարդուն բարձրացնում է բարբարոսության մակարդակից եւ վերջնահաշվում ֆաունայի՝ կենդանական աշխարհի միջավայրից, աբստրակտ մտածողության ունակությունն է։ Որովհետեւ նյութական աշխարհից այն կողմ տեսնելու, ընկալելու, բառային կաղապարի մեջ դնելու, հաղորդակցվելու կարողությունն է պայմանավորել մարդու առաջընթացը եւ բացարձակ գերազանցությունը բոլոր մյուս էակների հանդեպ։

Այլ հարց, որ մարդկությունը որքան էլ առաջ շարժվի, միշտ մեծամասնությունը մնալու է բարբարոսության մակարդակում։ Դա նույնիսկ օրինաչափ է։ Պետք է գոհ լինել, որ ֆաունայի մակարդակին չեն խառնվում․․․ Բայց երբ Հայաստանում, Հայկական լեռնաշխարհում գտնվող եւ հայ ժողովրդին պատկանող երկրում, որտեղ Գիլգամեշի ժամանակներից ի վեր մարդկության ճանաչած աստվածների միակ բնակատեղին է ամփոփված՝ Տիգրիսի ու Եփրատի ակունքներում, որտեղ Նոյան տապանն է իջել ու մարդկությանը ծնունդ տվել Մասեաց լեռներում, որտեղից հրեաների Աբրահամ նախահայրն է հեռացել (Ուռհա-Եդեսիայից) եւ Հորդանանի ափերին նոր կրոն ձեւավորել, որտեղ հնդեվրոպական քաղաքակրթությունը, մայր լեզուն ու սպիտակ (արմենոիդ) ռասան է սկզբնավորվել (իհարկե հետագայում փորձել են Հայկական բարձրավանդակին Caucasus (Կովկասյան) անունը կպցնել, սպիտակ ռասայի Armenoid անվանումն էլ Caucasian White դարձնել, սակայն նման նենգափոխումից ծագումնաբանություն կամ գենետիկա չի փոխվում), երբ մարդկային քաղաքակրթության անվիճարկելի ծննդավայր ու օրրան հանդիսացող Հայկական բարձրավանդակից սերած Հայաստանում է բարբարոսության մակարդակի վրա գտնվող մեկը հասնում երկրի ղեկավարի պաշտոնին,  դա արդեն ոչ միայն մարդկանց, այլեւ աստվածների զայրույթը պիտի շարժի։ 

Իհարկե, դա դեռ հարց է, թե Հայաստանում ՔՊ ուսապարկերից այն կողմ քանի մարդ կգտնվեր, որ Նիկոլ Փաշինյանին քաղաքակիրթ անձ համարեր առհասարակ, բայց բարբարոսության այն մակարդակը, որ Հայաստանի մարզային սպորտդահլիճներում բեմադրած իր բալագաններով Փաշինյանն ի ցույց դրեց 2024-ի տարեսկզբին, ցնցող էր։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը բարբարոսության այնպիսի մակարդակում է, որ մինչեւ ֆիզիկապես իր ձեռքով չի քաշքշում, այստեղից-այնտեղից կախիչ պոկում, իր «կախված» ուղեղին չի հասնում, թե գործադիր իշխանությունում, ներառյալ կրթության ոլորտում, ինչ ձախողում է տիրում։ Փաշինյանի գիտակցությանը չի հասնում, որ կյանքում հաջողության, առավել եւս հաջող կառավարման բանաձեւն այն չէ, որ չանես այն, ինչ ուրիշներն արել են, եւ սխալ է եղել, այլ այն, որ մտավոր մակարդակդ բավարարի  պատկերացնելու, թե ինչ պետք է արվի, ինչպես արվի, եւ դա անես։ Մինչդեռ ինքը եւ իր թիմը կարող են լավագույն դեպքում կաշառք չվերցնել, քանի որ դա պրիմիտիվ ակտ է, ավելի կամքի, քան գիտակցության հետ կապված, իսկ դրանից այն կողմ ոչինչ չեն կարող անել։ 
Փաստորեն, պետք է անպայման կախիչներ քաշքշեր, պոկեր, որ կրթության կամ շինարարության ոլորտի տապալումները գիտակցությանը հասնեին։ Մինչդեռ կրթության ոլորտի իրական տապալումը ֆիզկուլտուրայի դասաժամերի համար նախատեսված անորակ պարագաները չեն, այլ, ասենք, հասարակության կրթական ու մտավոր մակարդակը կանխորոշող առարկաների՝ խոտանի մակարդակի դասագրքերը (ռուսերենից ձախավեր թարգմանված ու հայերենով անհեթեթություն դարձած հանրահաշվի դասագրքերից մինչեւ սխալներով լեփ-լեցուն անգլերենի դասագրքեր, հայ ժողովրդի պատմության՝ հանրաճանաչ դարձած ձեռնարկ, որի հեղինակի լկտիությունն այնտեղ է հասել, որ Հայկական բարձրավանդակն «անատոլիական» կոչի), գիտական հաստատություններում կատարվող ուսումնասիրությունների, պաշտպանվող գիտական թեզերի գերազանցապես անպետք ու ժամանակավրեպ թեմաները, անվերջ քանակով անորակ կադրերը, եւ այդպես շարունակ։ Միով բանիվ, ոչ նյութական բնույթի բազմաթիվ խնդիրներ, որ Փաշինյանը չի կարող աչքով տեսնել, շոշափել, որ գիտակցությանը հասնի։ 

ԿԳՄՍՆ-ում, նաեւ մյուս նախարարություններում  

Իսկ բովանդակային, ոչ շոշափելի ու ոչ նյութական խնդիրները կրթության նախարարությանը վերաբերեն, քաղաքաշինությանը, ֆինանսներին, ՊԵԿ-ին, Կադաստրի կոմիտեին, թե մի այլ կառույցի, այնքան համատարած են, արմատացած ու մարդկանց վնասող, որ դրանց կողքին անորակ սպորտդահլիճը խնդիր չէ առհասարակ։ Ասենք, ֆինանսների նախարարությունում չեն ցանկանում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, Սահմանադրության, եվրոպական կոնվենցիաների կարգավորումներին ի տես պաշտոնապես պարզաբանել, որ, դիցուք, 20 տարի առաջվա անշարժ գույքի համար հարկային պարտավորություններ չեն կարող առաջադրվել քաղաքացուն, քանի որ գոյություն ունի անշարժ գույքի առնչությամբ իրավունքի պաշտպանության, հայցային վաղեմության 10-ամյա ժամկետ, եւ դա անփոփոխելի ժամկետ է օրենքի ուժով։ Գերադասում են ոչինչ չպարզաբանել, որ տեղական իշխանությունների անգործությունը, 10 տարում վարչական կամ դատական որեւէ միջոցի չդիմելը, հարկային պարտավորությունների կատարման չհասնելը չբացահայտվի, հետեւանքներ չառաջացնի, պորտաբույծ հարկահավաքներն աշխատանքից չազատվեն։ Փոխարենը մարդու եւ քաղաքացու վրա են՝ օրենք, Սահմանադրություն ու կոնվենցիա խախտելով, ոչ իրավաչափ պարտավորություններ դնում։ Եվ դա հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների հանդեպ է արվում, հատկապես՝ մարզերում, որտեղ ամեն թեթեւակի տառաճանաչ հարկահավաք կարծում է, թե կարող է օրենք մեկնաբանել, այն գործադրելու փոխարեն։ Փաշինյանը թող ֆինանսների նախարարին կանչի, այդ խնդիրներով զբաղվի, ոչ թե դպրոցներում տնտեսվարի դերի մեջ մտնի։

Կամ՝ Կադաստրի կոմիտեում (ԿԿ) փլուզված, գետնին հավասարված շինությունը փաստաթղթերով ներկայացնում են կանգուն՝ «0» վնասվածության աստիճանով շինություն, որպեսզի հարկեր պոկեն։ Մինչդեռ որեւէ պետություն Կադաստրի կոմիտե չի պահում հարկահավաքությանն օժանդակելու համար, այլ նրա համար, որպեսզի սեփական հողային ֆոնդը եւ անշարժ գույքի ֆոնդը պատկերացնի։ Դիցուք, սահմանային լարվածություն է, ինչ-որ  քանակի զինվորականներ է պետք այսինչ վայրում տեղակայել, ԿԿ-ից պահանջվելու է տեղեկատվություն, թե տվյալ վայրում ինչ շինություններ կան, որոնք կարելի է վերապրոֆիլավորել կամ վերակառուցել ռազմական նպատակների համար։ Իսկ Հայաստանում ԿԿ-ից կարող են տրամադրել անվնաս շինությունների ցանկ, ՊՆ-ից գնան տեսնեն՝ դրանցից որեւէ մեկը գոյություն չունի։ Ընդսմին, Կադաստրի կոմիտեում հաստատում են, որ այդպես է, որովհետեւ իրենք բնության մեջ, ֆիզիկապես որեւէ շինություն չեն տեսնում, միայն թղթերին են նայում։ 

ՀՀ-ում օրենսդրական կարգավորմամբ 3 տարին մեկ անշարժ գույքի կադաստրային վերագնահատում է կատարվում։ Դրա համար ԿԿ գոյություն ունի` հարյուրավոր, գուցե հազարավոր աշխատակիցներով, տարածքային ստորաբաժանումներով, սակայն նրանք երբեք տեղում չեն տեսնում՝ վերագնահատվող շինությունը գոյություն ունի՞։ Կաբինետում նստած՝ թղթերն են վերագնահատում, հարկային տեռոր ապահովելու համար, իսկ թե հետո պետությունն ինչ խնդրի առջեւ կկանգնի, եթե հանկարծ անվնաս ներկայացվող, իրականում՝ փլուզված շինությունները հարկավոր լինեն, իրենց չի հուզում։ Այսինքն՝ պետությունում, ներառյալ սահմանային գոտում, անշարժ գույքի ֆոնդային ամբողջ պատկերը կեղծված է, ու ինքնահոսով այդպես էլ շարունակվում է։ Փաշինյանը թող դրա մասին մտածի, ոչ թե մարզերում ինքնագործ ներկայացումներ տա։

Կամ՝ ՊԵԿ-ի օրինախախտումները, ասենք՝ բողոքարկված վճիռը գտնվում է Վերաքննիչ դատարանում, ընդունվել է վարույթ, նշանակված է դատաքննության օր, սակայն ՊԵԿ Իրավաբանական վարչությունում համարում են, թե կարող են բողոքարկված վճիռը համարել մասամբ անբողոքարկելի դարձած եւ ուղարկել հարկադիր կատարման։ Թքած, թե Վերաքննիչ դատարանում ինչ կքննարկվի կամ կորոշվի։ Այդ կարգի հանցագործ մտածողությամբ ու էությամբ հարյուրավոր մարդիկ ՊԵԿ իրավաբանական վարչությունում պաշտոններ են զբաղեցնում ու պետբյուջեից հազարավոր դոլարներ ստանում՝ օրենք, Սահմանադրություն եւ կոնվենցիա ոտնահարելու համար։ Կամ՝ զվարճալի մի գործ մի քանի տարի դատական ատյաններում պտտվեց, իհարկե, արդյունքում ՊԵԿ-ը պարտվեց, բայց ո՞րն էր խնդիրը․  մասամբ այն, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունում չէին ընդունում, որ Սեպտեմբերի 21-ը ՀՀ անկախության օրն է՝ ոչ աշխատանքային, հետեւաբար՝ այդ օրը չի կարող դատավարական ժամկետ ավարտվել։ Այսինքն, տարիներով դատական պրոցեսներ են գնում՝ ապացուցելու համար, որ մածունը սպիտակ է։ Այդպես է, որովհետեւ երկրում կառավարություն չկա, կառավարական մարմինների հանդեպ վերահսկողությոն չկա, վարչական վարույթի ինստիտուտ չկա։ Փաշինյանը թող դրա մասին մտածի, ոչ թե սպորտդահլիճներում կախիչներ պոկոտի։  

Չի զարմացնում, բայց զայրացնում է

Հայաստանում պետական հաստատությունների անարդյունավետ, անգիտակից, խարդախ ու բարոյազուրկ գործելաոճը, որի պատկերավոր հետեւանքն էլ Փաշինյանի պոկոտած կախիչներն էին, կանոն է եւ ոչ մեկին չի զարմացնում։ Այլ հարց, որ երբեմն այդ ամենն ազգային մակարդակի է հասնում ու զայրացնում․ ասենք օրերս՝ հունվարի 10-ին Թուրքիայի ներկայիս տարածքում հերթական երկրաշարժն էր եղել՝ Անտիոքի մոտ, հայկական Սվեդիայի, Մուսա լեռան շրջանում։ Հայաստանյան լրատվամիջոցները դա ինչպե՞ս հաղորդեցին․ «Թուրքիայի Հաթայի նահանգի Սամանդաղ բնակավայրում»։ Մուսա լեռն ու Սվեդիան Հայաստանում թուրքերենով Samandagh են կոչում, վստահ եմ՝ առանց անգամ գիտակցելու, որ Մուսա լեռան մասին է խոսքը։ Այ, սա է աղետը, շատ ավելի խորը, քան բոլոր նախարարությունների բոլոր տապալումները։ Ի՜նչ անչափելի տգիտություն, բարոյազրկություն, անպատասխանատվություն, ազգային ինքնության բացակայություն,  մանկուրտիզմ պետք է լինի, որ Հայաստանում Սուրբ Սիմոն լեռը, Սվեդիան, Մուսա լեռը կոչեն Samandagh։

Սպորտդահլիճի կախիչներին կամ ծորակներին ով էլ մի երկու անգամ մուրճով հարվածի կամ պտուտակը ձգի, կամրանա, սակայն նույն դյուրությամբ կրթության բովանդակային ու հանցագործ տապալումները չեն ուղղվի կամ վերանա։ Եվ նման իրականության մեջ ինչ-որ կախիչների շուրջ բալագան բեմադրել, այն էլ՝ տեսախցիկների առաջ, ուղղակի շրիշակից ցածր ամոթալի մակարդակ է։