Ինչո՞ւ էր փակ Երևան- Գյումրի ճանապարհը

Ինչո՞ւ էր փակ Երևան- Գյումրի ճանապարհը

Այսօր Արագածոտնի մարզի Կաքավաձոր վարչական շրջանի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի մայրուղին։ Հիմնական պատճառն այն է, որ ծրագրով Ներքին բազմաբերդ- Կաքավաձոր ճանապարհը պիտի ասֆալտապատեին, քանի որ այն շատ վատ վիճակում էր, սակայն ծրագիրը հետաձգվել է։ Բնակիչներն էլ, որպես բողոքի նշան, փակել են ճանապարհը։ Բնակիչները պահանջել էին հանդիպում Արագածոտնի մարզպետի՝ Սերգեյ Մովսիսյանի հետ։ Փորձեցինք կապ հաստատել Մովսիսյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ 

«Հրապարակի» հետ զրույցում Կաքավաձորի վարչական ղեկավար Արգիշտի Մխիթարյանն ասաց, որ այո, բնակիչներն իսկապես փակել էին ճանապարհը, սակայն արդեն բացել են։

«Մի պահ փակել են՝ հետո ճանապարհը բացվել է։ Ես, համայնքի ղեկավարի՝ Տավրոս Սափեյանի հետ մոտեցել ենք բնակիչներին, զրուցել ենք իրենց հետ՝ ճանապարհը բացվել է։ Ես այդ ժամանակ եղել եմ Թալին համայնքում վարչական ղեկավարների ժողովին, ժողովից ինձ զանգեցին տեղեկացրին ու ես համայնքի ղեկավարին այցելել եմ բողոքի վայր»,-ասաց Մխիթարյանը։
Կաքավաձորի վարչական ղեկավարը տեղեկացրեց, որ պատճառը եղել է այն, որ իրենց գյուղի՝ դեպի մայրուղի տանող ճանապարհը պետք է կապիտալ վերանորոգվեր, սակայն Մխիթարյանին անհայտ պատճառներով հետաձգվել է դրա վերանորոգումը և գյուղի բնակիչներն այդ կերպ են որոշել աչշրտահայտել իրենց բողոքը։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք բնակիչները պահանջե՞լ են մարզպետի հետ հանդիպում, Մխիթարյանն ասաց, որ այդ ժամանակ ինքը տեղում չի եղել և նման պահանջից տեղեկություն չունի։