ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլաններում չի եղել․ Փաշինյան

 ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլաններում չի եղել․ Փաշինյան

«Եթե Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, արվելու է ամեն ինչ, որպեսզի նրանք մնան Հայաստանում։ Մենք նույնպիսի գորովանքով ենք վերաբերվում ԼՂ մեր քույրերի և եղբայրների կարիքներին, ինչպես ՀՀ քաղաքացիների պարագայում, և այս հանգամանքը ես ուզում եմ հատուկ ընդգծել»։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս իրադրության հետ կապված միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակն այն է, որ զարմացած են, թե ինչպես կարող է այնպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված փախստական ու կառավարությունն ի վիճակի լինի հոգալ նրանց, առնվազն կարճաժամկետ, նաև միջնաժամկետ կարիքները։ Նրանք չեն հիշում աշխարհում նախադեպ, որ որևէ երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված ու այդ երկրի փողոցներում քայլելիս, այդ երևույթը, որպես հումանիտար ճգնաժամ, չերևա»,- ասաց Փաշինյանը։

«ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների և քաղաքական ցանկությունների, նույնիսկ՝ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ օրակարգում չի եղել։ Ինչ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում»,- պնդեց նա։