Պատվաստանյութի կրիզիս է՝ այն ծախսվել է օտարերկրացիներին պատվաստելու վրա

Պատվաստանյութի կրիզիս է՝ այն ծախսվել է օտարերկրացիներին պատվաստելու վրա

Կորոնավիրուսային հիվանդությունը Հայաստանում աշնանը նոր թափ է ստանալու․ նման կանխատեսումներ են անում մասնագետները։ Բացի սրանից, մտավախություն կա, որ հնդկական «Դելտա»-ն եւս կարող է հասնել Հայաստան, որն անգամ մանկահասակ երեխաներին չի խնայում։ Մի կողմից՝ իշխանությունը մտածում է պատվաստումը բոլորի համար պարտադիր դարձնելու մասին, եւ անգամ առողջապահության նախարարությունը նման որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ, մյուս կողմից՝ Հայաստանում շարունակում են, զբոսաշրջությունը խթանելու համար, օտարերկրացիների, մասնավորապես՝ իրանցիների պատվաստումները, որոնք գալիս են Հայաստան՝ օրերով հերթ կանգնում, որ պատվաստվեն։

Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ հիվանդության նոր ալիքի մասին լուրերը եւ հնդկական շտամի տարածումը ՀՀ քաղաքացիներին ստիպել են, որ պատվաստվելու համար ավելի ակտիվորեն դիմեն համապատասխան մարմիններին, բայց այս անգամ էլ նոր խնդիր է առաջացել՝ չինական պատվաստանյութը եւ «Աստրազենեկան» սպառվել են։ Երկրում պատվաստանյութի դեֆիցիտ է առաջացել, եւ բժշկական շրջանակները մեղադրում են գործող իշխանություններին, որ թանկ ու դժվարությամբ ներկրվող պատվաստանյութերը մենք անհեռատեսորեն ծախսեցինք օտարերկրացիների վրա, եւ հիմա հայտնի չէ, թե երբ է նոր խմբաքանակ գալու։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե պատվաստանյութի խնդիր չկա ՀՀ-ում․ «Մենք այսօր էլ պատվաստումներն անում ենք, նույն տեմպերով շարունակում ենք, միաժամանակ բանակցություններ ենք վարում, որ նոր խմբաքանակներ երկիր ներկրվեն։ Այս պահին չի ավարտվել, նույն տեմպերով մեր պատվաստումներն իրականացվում են։ Մեզ մոտ պատվաստվել ցանկացողների քանակը բավականին աճել է, եւ մարդիկ, այո, երբ որ խոսում ենք, որ նախապես գրանցվեք, որ հերթեր չգոյանան, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պատվաստանյութը երկրում բացակայում է։ Բոլոր պոլիկլինիկաներում անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ կա։ Մենք չենք տալիս 6 ամսվա կամ 3 ամսվա կտրվածքով, ամեն պոլիկլինիկա 1 ամսվա պաշար պետք է ունենա, որն անընդհատ թարմացվում է»։ Հարցին, թե պոլիկլինիկաներ չկա՞ն, որտեղ վերջացել է պատվաստանյութը, Գայանե Սահակյանը պատասխանեց․ «Մենք մոնիթորինգ ենք անում, իրենք հայտը տալիս են, եւ մենք բաշխում ենք իրականացնում»։

Անդրադառնալով օտարերկրացիներին պատվաստելու թեմային՝ ասաց, որ նրանց շարքերից պատվաստվողների թիվը նվազել է․ «Նրանց համար նոր քաղաքականություն է մշակվել, այսինքն՝ երկրում պետք է գտնվեն առնվազն 10 օր կամ դրանից ավելի, դրանից հետո միայն կարող է պատվաստումն իրականացվել։ Մենք ամենօրյա ռեժիմով մնացորդի քանակներն ենք ճշտում, անընդհատ մենք իրենց հետ կապի մեջ ենք»։

Մինչ ԱՆ ներկայացուցիչը վստահ պնդում է, թե պատվաստանյութի պակաս չկա, պոլիկլինիկաներում պատկերն այլ է։ Մենք զանգահարեցինք Երեւանի մի քանի պոլիկլինիկա, եւ, ինչպեսեւ սպասվում էր, դրանց մեծ մասում պատվաստանյութը բացակայում էր։
Թիվ 19 պոլիկլինիկայից հայտնեցին, որ իրենց մոտ պատվաստանյութերը սպառվել են․ «Դեռ չկա պատվաստանյութ, էսօր զանգահարեցին եւ ասացին, որ մեկ շաբաթվա մեջ կլինի»։

4-րդ պոլիկլինիկայում միայն «Սպուտնիկ V»-ն էր առկա։ Թիվ 22-ում եւս սպառվել էին պատվաստանյութերը, իսկ թիվ 5-ում էլ չգիտեին՝ ունե՞ն, թե՞ չունեն։ Փաստորեն, ստախոսությունը բոլոր համակարգերին է բնորոշ, եւ պետական պաշտոնյաները՝ առանց աչք թարթելու, կարող են խաբել լրագրողին ու հասարակությանը։

Նշենք, որ հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանում պատվաստվել է բնակչության մոտ 3,5 տոկոսը։