Չեք պատկերացնում՝ ինչ է կատարվել․ վարչական ղեկավարների  95 տոկոսին աշխատանքից ազատել են․ համայնքապետի թեկնածու 

Չեք պատկերացնում՝ ինչ է կատարվել․ վարչական ղեկավարների  95 տոկոսին աշխատանքից ազատել են․ համայնքապետի թեկնածու 

Մարտի 26-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների համար Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

ՔՊ թեկնածուն համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանն է: 

Հիշեցնենք, որ Անիում վերջին ընտրություններից հետո զարգացումներ եղան: Երբ պետք է կայանար նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում համայնքապետ էր ընտրվելու, եւ ձևավորվելու էր համայնքային իշխանություն, այն չկայացավ։ Քանի որ նիստը բոյկոտեցին «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայկական երազանք» կուսակցությունների ավագանու անդամները:

Ավագանու 8 մանդատ ՔՊ-ինն էր, 3-ը՝ «Հայկական երազանք»-ինը։ 10 մանդատ էր ստացել «Ազգ-համայնք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում էր գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը: Վերջինս կրկին առաջադրվել է՝ որոշ հույսեր փայփայելով, որ այս անգամ «Ազգ-համայնք» դաշինքը կկարողանա այնքան ձայն տանել, որ միանձնյա իշխանություն ձևավորի:
Hraparak.am-ի զրուցակիցը համայնքապետի թեկնածու Արտակ Գևորգյանն է։

-Պարոն Գևորգյան, նո՞ր ակնկալիքներով եք գնում ընտրության, «կրկին փորձիր» տարբերա՞կն է, թե՞ ինչ-որ բան է փոխվել․․․։ Ձեզ ընդամենը մեկ մանդատ Է անհրաժեշտ` համայնքապետ դառնալու համար։

-Բնականաբար, որպես հաղթած թիմ՝ մենք գնում ենք ընտրության, ունենալու ենք արդյունք։ Այդ մեկ մանդատի համար ընդամենը 63 ձայն էր պակասում, հիմա շատ բան է փոխվել։ Բնակիչներից շատերն օրենքից անտեղյակ էին, շատ-շատ իրավիճակներում նրանց համար տեսանելի բաներ ի հայտ եկան։ Օրենքի բացը հասկացել են։ Հիմա իրավիճակը վերարժևորելու պահն է․․․։ Վստահ ենք, որ այս անգամ ավելի շատ մարդ է ընտրություններին մասնակցելու։ Շատերը դեռ չեն մեկնել արտագնա աշխատանքի, նույնպես կմասնակցեն ընտրությանը։

-Եթե կրկնվի նույն սցենարը, ի՞նչ եք անելու։

-Հիմա ինչ արվում է, օրենքի շրջանակներում պիտի լինի։ Թեկուզ կոալիցիոն համագործակցություն, որովհետև եթե  ավագանին չձևավորվի, նորից լինելու է «կրկին փորձիր» տարբերակը, եւ տուժելու է համայնքը, ազգաբնակչությունը, բացի այդ՝ հասարակական պառակտումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու․․․․։ Թե չէ ստացվում է՝ այլ իրավիճակում, եթե թույլ տան, թեկնածուներն ինչ-որ շուկայական փուլ կմտնեն, եւ ցանկացած պահի կարող է ոտնահարվել այն թեկնածուի, քաղաքական ուժի իրավունքը, որը 50+ ձայն է տարել: Հասկանո՞ւմ եք՝ տուժում է նաև պրոֆեսիոնալիզմը․․․։

-Հիմա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ՔՊ-ի թեկնածուն է, սա ոչինչ չի՞ ասում․․․

- Ինչո՞ւ եմ ասում՝ տուժում է պրոֆեսիոնալիզմը։ Գուցե պետք է առաջադրվի ժամանակավոր պաշտոնակատար, բայց նա ընդամենը ներքին համայնքային հարցերը կարգավորելու համար է։ Այս ընթացքում չեք պատկերացնում` ինչ է կատարվել։ Գյուղերի վարչական ղեկավարների 95 տոկոսին աշխատանքից ազատել են։ Ենթակառուցվածքների աշխատողներին, հաշմանդամ երեխա ունեցող աշխատողին, անգամ հավաքարարին, կանչել ասել են՝ եթե մեր թիմից չես, ազատում ենք։ Տնից 3 հոգու ազատել են, անաշխատանք են մնացել մարդիկ, ինչ է թե ինձ հետ որևէ ազգակցական, բարեկամական կապեր ունեն: Այսինքն՝ հավաքարարի աշխատանքը քաղաքական է․․․։ Պատկերացնո՞ւմ եք՝ նույն ներկայացուցիչը պայմանական հաղթում է, գալիս է իր թիմով, եւ հին աշխատողները չկան: Կան նրանք, ովքեր համայնքային կառուցվածքներից գաղափար չունեն։ Համայնքը խաղալիք չէ: