Կենդանի հորդորակ

Կենդանի հորդորակ

Իմ բոլոր ջանքերը՝ Պետրոս Ղազարյանին Հ1-ի լրատվական ծառայության տնօրեն նշանակելու երջանկահիշատակ առիթով արձագանքի «դաշտ» բերել ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին, անցնում են ապարդյուն։ Չի  բացառվում, որ վերջինս ոչ մի վտանգավոր, առավել ևս արտառոց բան չի տեսնում այն իրողության մեջ, որ հանրային հեռուստաընկերության ամենապատասխանատու աթոռին հիմա նստած է մեկը, ում նախկին աշխատավայրի գզրոցը լիքն է (չեմ կասկածում) նախկին Լեզվի պետական տեսչությունից ստացված հորդորակներով։ Եվ այս առումով լեզվի նախկին տեսչությունը գուցե նույնիսկ երախտապարտ է Պետրոսին՝ տարիներ շարունակ իր աշխատակիցներին մշտական աշխատանքով ապահովելու համար։ 

Բայց այս հուսահատ բաց նամակիս (առ Պետրոս Ղազարյան) ասելիքը ոչ թե մեր լեզվում պետրոսյան ավերածությունների կամ աղտեղությունների մատնանշումն ու  «վերհանումն» է, այլ մի առաջարկով նրան դիմելը։ Կարծում եմ՝ այդ առաջարկը հրապարակայնորեն հնչեցնելու իրավունք ունեմ այն հիմնավորմամբ, որ ինքս աշխատող մարդ եմ, ու նաև իմ (թող որ աննշան) հարկային մուծումներից են գոյանում պարոնայք Պետրոս Ղազարյանի և Դավիթ Գյուրջինյանի պետական աշխատավարձերը (հուսամ՝ կլորիկ  բնավ չեմ նախանձում)։  Ուստի և ես՝ հասարակ հարկատուս, որ նաև անհամեստորեն իրեն լեզվի նվիրյալ  ու պաշտպան է կարծում,

 

ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ

 

պահանջում եմ Պետրոս Ղազարյանից՝ իր որևէ հաղորդմանը հյուր կանչել Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին։

 

Ապագա հյուրի մասնագիտությունը և աշխատանքի վայրը նկատի ունենալով՝ հաղորդման հիմնական թեմա բնականաբար պետք է դառնա ՀՀ օրենքը լեզվի մասին, այդ օրենքից բխող մեր բոլորիս պարտականությունները, մեր լեզվի գլխին կախված սպառնալիքներն ու մարտահրավերները։ Որևէ կասկած չունեմ՝ հարցազրույցի ընթացքում Պետրոսը լավագույնս կմարմնավորի վերոնշյալ  սպառնալիքները, իսկ Դ․ Գյուրջինյանը հնարավորություն կունենա ուղիղ եթերում Պետրոսի գլխին կարդալ իր աշխատանքային «ավետարանը»՝ իբրև․․․ կենդանի հորդորակ։

Վստահ եմ նաև՝ դա կլինի ամենակատարյալ շոուն, որ երբևէ արել է Պետրոս Ղազարյանը, և լավագույն վկայությունը, թե ի՛նչ կարող է անել Լեզվի կոմիտեն։

Անտարակույս, այդպիսի դարակազմիկ հարցազրույցի համար բավական երկար ժամանակ է պահանջվում։ Պետրոսին դա առավել է անհրաժեշտ՝ միջնակարգ դպրոցի հայոց լեզվի դասագրքերին վերջապես ծանոթանալու համար, իսկ Դ․ Գյուրջինյանին՝ իր ղեկավարած կոմիտեի վարած (այսինքն՝ դեռ չվարած) լեզվական քաղաքականության մասին գոնե մոտավոր պատկերացում ուրվագծելու համար։ Եվ քանի որ այդ երանելի հարցազրույցն իսկապե՛ս կարող է խիստ ժամանակատար լինել, ինձ թույլ եմ տալիս նույնիսկ օր առաջարկել՝ 2019 թվականի փետրվարի 21-ը։

Գյուրջինյանը՝ չգիտեմ, բայց Պետրոսը հազիվ թե մտաբերի, թե ինչու՛ այդ օրը․․․

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ