Նրանք են իրական լրագրողները

Նրանք են իրական լրագրողները

Երբ աչքիդ առաջ ունես քո արարքի արդյունքում 100 տոկոսով երաշխավորված հաշվեհարդար, նման քայլի գնալը, թերեւս, խելահեղություն է, բայց նաեւ խիզախություն պահանջող արարք: Նման քայլեր մարդկության պատմության ընթացքում հազվադեպ են իրականացվել` այն պարզ պատճառով, որ մարդը, որպես կանոն, ինքնապաշտպանության մեծ բնազդ ունի եւ ինչ-որ քայլ անելուց առաջ հստակ հաշվարկ է անում` արժե՞ արդյոք դիմել այդ քայլին, որքա՞ն է այդ քայլի արդյունավետությունը, ի՞նչ կփոխի դա տվյալ իրավիճակում:

Ասենք, 1968 թվականին Պրահա` սովետական զորքի ներխուժման ժամանակ Մոսկվայի Կարմիր հրապարակում երիտասարդ աղջկա միայնակ ակցիան` այդ ներխուժումը դատապարտող պլակատով, ինքնասպանությանը համարժեք քայլ էր, բայց աղջիկը որոշել էր գնալ այդ քայլին, որպեսզի ապացուցի` ողջ սովետական հասարակությունը չէ, որ ողջունում է օտար երկիր սովետական զորքի ներխուժումը: Նման քայլեր կատարվել են նաեւ ստալինյան ռեպրեսիաների տարիներին, երբ մարդիկ, իմանալով, որ գնում են ստույգ մահվան, արել են իրենց քայլը: Արել են, որ իրենց չտանջի լռելու եւ հետապնդումներին մաս կազմելու ծանր բեռը, արել են, որ իրենց խղճի ու Աստծո առջեւ մեղքի զգացում չունենան: Արել են` իրենց եւ մերձավորների կյանքը դնելով հարվածի տակ:

Ռուսական առաջին ալիքի խմբագիր Մարիա Օվսյաննիկովան, իհարկե, ստալինյան ռեժիմի դեմ չի ելել, բայց նա խիզախների թիմից է: Ինչպես խիզախների թիմից էր 1991-ին ԳԿՉՊ-ի դեմ ընդվզած ՆՏՎ-ի լրագրող Տատյանա Միտկովան: Եվ հարցն անգամ այն չէ, թե նրանք ում կամ ինչի համար են այդ քայլին գնում: Հարցն այն է, որ բոլոր ժամանակներում իշխանությունների դեմ գնացող մարդիկ են այն խիզախները, որոնք համարձակվում են ռեժիմի դեմ դուրս գալ` վտանգելով իրենց խաղաղ կյանքը: