Մեր դիվանագիտության «հաջողությունները»

Մեր դիվանագիտության «հաջողությունները»

Բացի տնտեսական ասպարեզում իրականացված հեղափոխական թռիչքից, իսկ Քրիստոսի արձանի վեր հառնելուց հետո՝ նաև աշխարհի զբոսաշրջության կենտրոն դառնալուց, վերջին տարիներին դիվանագիտության բնագավառում նույնպես արձանագրվել են աննախադեպ նվաճումներ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին, բայց չեն սահմանափակվում դրանցով. 

1.    Պատերազմ և «փայլուն» կապիտուլյացիա:
2.    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ Ադրբեջանի համաձայնությամբ և նախապայմաններով: 
3.    Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմաններով:
4.    Հայաստանով անցնող հաղորդակցային ուղիների ապաշրջափակում՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի:
5.    Հայոց ցեղասպանություն մոռացություն (Ծիծռնակաբերդի համալիրի հարցն էլ, գուցե, պետք է լուծել. բնակարանաշինության համար ընտիր տարածք կլինի): 
6.    Իսկ ընդհանրապես, հայերը քոչվոր ցեղ են, իսկ բարեհամբույր թուրքերը, խղճահարությունից ելնելով. մի փոքր տարածք են տրամադրել մեզ, մինչդեռ հայերը լկտիացել են ու ավելին են ուզում: 
7.    Մանր-մունր հարցեր էլ կան. Երևանի մզկիթն իրանական չէ, ադրբեջանական է: 
Ցանկը կարելի է շարունակել:  

Նամուսն էլ չափ ու սահման ունի: Մի խոսքով, Հարավային Կովկասի քարտեզը կազմելու իրավունքը, չհաշված Վրաստանը, ներկայիս Հայաստանի և Ադրբեջանի տարածքն՝ առանց սահմանազատման, պետք է տալ Ռուսաստանին, ինչպես գծեց, այնպես էլ կլինի: Ենթադրենք, Ռուսաստանը գծեց մի 10 հազար քառակուսի կիլոմետր՝ Վրաստանին հարող տարածք: Հոյակապ է: Մի 10% էլ պետք է երեւի նվիրենք՝ հաջող գործարքի համար: 
Պետք է վերջ տալ բանակցություններ անվանվող կապիկությանը: Видите-ли, երրորդ երկրների քաղաքացիների հատելը հայ-թուրքական սահմանով, համարվում է առաջընթաց՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում: Դե, իսկ դեմարկացիան և դելիմիտացիան ավարտված է այն հատվածներում, որտեղ «տնավորվել» են հարևանի զորքերը: Մյուս հատվածներում, ենթադրաբար, նույնպես ավարտված են այդ աշխատանքները, որի մասին կտեղեկանանք, երբ նրանց զորքերը ժամանեն նշանակման վայրեր: 

Հ.Գ. Ակնհայտ է, որ Իլհամի ներկայացրած 50 միլիարդ դոլարի հաշիվը պետք է փակել, գուցեև՝ վճարումներն արդեն սկսվել են:
Գագիկ Վարդանյան