Բանակին պետք է վստահել, իսկ զինվորական մարդուն՝ հարգել. Սենոր Հասրաթյան
![Բանակին պետք է վստահել, իսկ զինվորական մարդուն՝ հարգել. Սենոր Հասրաթյան](https://hraparak.am/uploads/images/image_750x_6056e10a3d08d.jpg)
ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բզկտված ու հուսահատ Հայրենիքի վերջին հենարանն իր բանակն է, թեկուզև, այս անգամ՝ պարտված... Ժողովրդից ծնված բանակը, որքան էլ դժվար, պետք է նորից դառնա այն, ինչպիսին նրան ստեղծել ու ոգեշնչել է ժողովուրդը... Բանակում «նախկիններ» ու «ներկաներ» չեն լինում... Բանակի նախկինն ու ներկան նրա անցած մարտական ուղին է՝ հաճախ վերելքներով, իսկ որոշ դեպքերում՝ նաև անկումներով... Բանակին ու նրա զորավարին կարող է վիրավորել թշնամին, բայց ոչ երբեք նա, ով իր անվտանգության համար պարտական է հենց նույն այդ բանակին և նրա անցած ուղու ծանրությունն ուսած զինվորական մարդուն... Մարդիկ լինում են տարբեր, այդ թվում՝ նաև զինվորականները... Նրանք, իրենց ուժեղ կողմերով հանդերձ, կարող են ունենալ նաև թուլություններ, ինչը բնական ու երկրային է: Զինվորական մարդու մասին կարծիք հայտնելուց առաջ յուրաքանչյուր ոք պարտավոր է առանձնանալ ինքն իր խղճի հետ և պատասխանել սոսկ երկու հարցի. առաջին՝ ի՞նչ եմ արել ես, որ չի արել նա Հայրենիքի համար և, երկրորդ՝ ի՞նչ է արել նա, որ ես չեմ արել Հայրենիքի համար...
Հ.գ. Բանակին պետք է վստահել, իսկ զինվորական մարդուն՝ հարգել, ինչն ավաղ մեր երկրում այսօր կիսատ ու անկատար է... Անկատար է, քանի որ նա, ով առաջինը պետք է հարգի բանակը ներկայացնող զինվորական մարդուն և իր վերաբերմունքով օրինակ ծառայի շարքային քաղաքացու համար, ոչ միայն իր կենսագրությամբ անհաղորդ է բանակային կյանքին, այլև միամտորեն կարծում է, թե զինվորական մարդն իր կատարածուն է, և նրա հետ կարելի է վերաբերվել այնպես, ինչպես կամենում է թիվ մեկ պատահականությունը»»:
Կարծիքներ