Ամեն տարիքում նկատել եմ թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարաբերությունների տրանսֆորմացիան

Ամեն տարիքում նկատել եմ  թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարաբերությունների տրանսֆորմացիան

Նախ սպորտի շնորհիվ, ապա նաև կրթության՝ 15 տարեկանից շփվել եմ թուրքերի և ադրբեջանցիների հետ: Ամեն տարիքում նկատել եմ հարաբերությունների տրանսֆորմացիան: 

Երբ պատանի էինք և այնքան էլ քաղաքականացված չէինք, շփումներն ավելի անկաշկանդ էին և մաքուր (նույնիսկ թշնամական վերաբերմունքը մաքուր էր՝ առանց ձևերի, ինչը միշտ զգացել եմ ադրբեջանցիների կողմից՝ հատուկենտ բացառություններով): Թուրքերի կողմից երբեք նման վերաբերմունք չեմ նկատել: Հակառակը, միշտ եղել է ընդգծված սիրաշահում, սիրալիրություն, հարգանք (թեկուզև ձևական): Ինչու՞. որովհետև թուրքերն ինչ պետք էր, արել էին և վերցրել, իսկ ադրբեջանցիներն էլ լրջորեն պատրաստվում էին… 

Տարիքի հետ, երբ ավելի հասուն դարձանք, հայտնի, որոշներս էլ՝ խոհեմ, ամեն բան դարձավ ավելի հաշվարկված: 
Ադրբեջանցիների մոտ ավելի ծայրահեղական դարձավ վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ ընդհուպ մինչև իրար չբարևելը: Մի բան, որ սպորտում շատ հազվադեպ է լինում: 
Բայց թուրքերի հետ նորից խնդիր չկար: Դեռ ավելին, ինչքան ավելի հայտնի դարձանք, տիտղոսակիր, այնքան ուժեղացավ սիրաշահումը: Այդ առումով նրանք հաստատ բացառիկ են… 

Հիմա,երբ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում բարձր պաշտոն եմ զբաղեցնում, այդ հարաբերություններն այլ երանգ են ստացել՝ չխորանամ: 

Այս տարիների ընթացքում ունեցել եմ շփումներ շարքային մարզիկներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ երկու երկրներից էլ…

Մի փոքրիկ դրվագ. երբ 2016թ-ին Պոլսում (ներկայիս Ստամբուլ) դարձա միջազգային մրցաշարի հաղթող, տեղի քաղաքապետը ոտնկայս ծափահարում էր և հետո թարգմանչի միջոցով արտահայտում հիացմունքը գոտեմարտերիցս...

Այսքանը (հնարավորինս հակիրճ) գրեցի, որ մոտավոր հասկանաք եղած փորձը: 
Ավելացնեմ՝ բակալավրում դիպլոմային աշխատանքս եղել է «թուրք-չինական հարաբերությունները», մագիստրատուրայում՝ «թուրք-ամերիկյան», իսկ ասպիրանտուրայում՝ «թուրք-սիրիական»: 

Հիմա, Հայաստանի դե ֆակտո իշխանության չտես, հակապետական ներկայացուցիչները, որոնք ո՛չ տեսական, ո՛չ գործնական որևէ փորձ չունեն, գտնվում են բոլոր առումներով ստորացվածագույն վիճակում, որոշել են հարաբերվել/քաղաքական խաղեր տալ ժամանակակից միջազգային հարաբերություններում ամենավտանգավոր և ամենաազդեցիկ դեմքերից մեկի և նրա կցորդի հետ, ով պահը բաց չի թողնում մեզ վնասելու և ստորացնելու համար: 

Դե հիմա պատկերացրեք, թե Հայաստանը ներկայացնող պատուհասներին ինչպես են խաբելու(եթե դրա անհրաժեշտությունն իհարկե լինի) ու «ծովից ծարավ հետ բերելու»: 
Եվ այդ ամենը կատարվում է հայ ժողովրդի լռության/համաձայնության պայմաններում՝ ունենալով նաև որոշ վայ քաղաքական ուժերի աջակցությունը… 

հ.գ. տարիներ անց հուսամ կբացահայտվի, թե սրանց ովքեր էին իշխանության բերել Հայաստանում:

Ամեն բան օրինաչափ է