Սխալ մարտավարություն

Սխալ մարտավարություն

Իշխանություններին մեղադրելու եւ նրանց հրաժարականը պահանջելու հազար ու մի լեգիտիմ պատճառ կա, սակայն մենք՝ հայերս, սիրում ենք դավադրությունների տեսություններով առաջնորդվել եւ չապացուցվող մեղադրանքներ առաջ քաշել։ Ամբողջ ազգը զբաղված է 5 միլիարդ դոլարով Արցախը «ծախելու» վարկածի քննարկմամբ։ Եվ առհասարակ՝ վարչապետը Կանադայում տուն է առել, նրա երեխաները մեկնել են երկրից, զբաղված է հարբեցողությամբ, բժիշկները կապում են, որ կանխեն ինքնասպանությունը, եւ աբսուրդի նմանվող այլ մեղադրանքներ են պտտվում օդում այս օրերին։

Իսկ եթե պարզվի, որ 5 միլիարդ չի ստացել, Կանադայում տուն չի առել, ուրեմն ի՞նչ՝ այս պատերազմն ու պարտությունը, այս բարոյազրկված ու հուսահատ վիճակը, անիշխանությունը, պետության բացակայությունը նորմա՞լ է։

Մենք անպայման սուր եւ անհավանական սցենարների ականատես պետք է լինենք, որ իշխանությունների հրաժարակա՞նը պահանջենք։ Աշխարհում կառավարությունները շատ ավելի չնչին պատճառներով են հրաժարականներ տալիս, հետո նորից վերընտրվում են եւ վերադառնում։

Նորմալ քաղաքական գործընթացների փոխարեն մենք անպայման բարբարոս ցեղերի նմա՞ն պետք է ապրենք։ Կառավարության հրաժարականին հասնելը պետք է անպայման դառնա գերխնդիր, ազգովի փողոց ելնենք ու օրերով հրաժարական մուրանք մեր ընտրյալներից։ Նաեւ բոլոր պաշտոնյաներին պետք է սպառնանք բանտով ու մահապատժով։ Ամեն երկրորդը պետք է նրանց զգուշացնի, որ երկրագնդի վրա այլեւս ապրելու իրավունք չես ունենալու։

Ինչի՞ համար։ Որ աթոռն ու կյանքը նույնացվեն, եւ հրաժարականի սպառնալիքը դառնա կյանքից զրկելուն ուղղված քա՞յլ։ Որ մարդը, եթե ուղղակի ուզում է գոյատեւել, ձյութի նման կպչի աթոռին ու այլեւս պոկ չգա՝ թեկուզ միայն իր ընտանիքի հետագա գոյատեւումն ապահովելու համար։