Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Թուրքիայում այսօր՝ մայիսի 28-ին, մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որն առաջին անգամ է անցկացվում այդ երկրի պատմության մեջ։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին և կգործեն մինչև 17:00-ն: 

Երկրով մեկ տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ։ Ընտրողների թիվը գերազանցում է 60 միլիոնը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած քվեարկության առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսը։ 

Ընտրությունների արդյունքում երկրորդ փուլին մասնակցելու իրավունք են ստացել Ժողովրդական դաշինքի թեկնածու, երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (49,52 տոկոս ձայն) և ընդդիմության թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն (44,88 տոկոս)։

«Ալյանս ԱԹԱ» դաշինքի թեկնածու, էթնիկ ադրբեջանցի Սինան Օհանը, ով մայիսի 14-ի քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 5,17 տոկոսը, կոչ է արել կողմնակիցներին երկրորդ փուլում պաշտպանել Էրդողանի թեկնածությունը։

Ձայների հաշվարկը կսկսվի տեղական ժամանակով ժամը 17:00-ին ընտրատեղամասերի փակվելուց հետո: Այն ընտրողների համար, ովքեր առողջական պատճառներով չեն կարող գալ տեղամասեր, կգործեն «շարժական քվեատուփեր»։ Ինչպես նաև մայիսի 14-ի ընտրություններում, տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները կկարողանան քվեարկել հատուկ պատրաստված կաղապարով։

Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունն ավարտվել է մայիսի 24-ին։ 73 երկրներում ընդհանուր առմամբ քվեարկել է 3,5 միլիոն ընտրող։ Արտերկրից քվեատուփերը Անկարա են հասցվել օդային և դիվանագիտական փոստով։ Դրանք կբացվեն կիրակի երեկոյան, մյուս քվեատուփերի հետ միասին՝ քվեարկության ավարտից հետո։ 

Ընտրությունների արդյունքների հեռարձակման արգելքը կգործի մինչև մայիսի 28-ը՝ ժամը 21:00-ն։