Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղին ընդառաջ

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղին ընդառաջ

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին 9-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Անցկացրած  8 տուրերից  հետո Գերմանիայի հավաքականը 21 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը, Ռումինիան 13 միավորով երկրորդն է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան՝ 12 միավորով երրորդը։ Հայաստանի հավաքականը նահանջել է 4-րդ հորիզոնական։ Հայաստանի հավաքականն ու Հս․Մակեդոնիան թեպետ ունեն հավասար՝ 12 միավոր, սակայն   լրացուցիչ ցուցանիշներով ՝ խփած և բաց թողնված գնդակների տարբերությամբ, վաղվա մեր մրցակիցը մրցաշարային աղյուսակում առաջ է մեր ընտրանուց։ Գերմանիայի հավաքականն ապահովել է J խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն ու դարձել առաջին թիմը, որը պաշտոնապես ապահովել է իր մասնակցությունը Քաթար-2022-ին:

Գերմանիային, ի դեպ, մենք հյուրընկալելու ենք օրեր անց՝ նոյմեբերի 14-ին։ Նշենք, որ բոլոր խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը ստանում են ԱԱ-2022 եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն ևս 5 ուղեգիր արդեն փլեյ-օֆֆ փուլում։ Հայաստանի հավաքականը ևս կարող է հնարավորություն ստանալ մասնակցել այդ փուլին, եթե վերջին երկու խաղերում անհրաժեշտ արդյունք գրանցի, իսկ վերջին երկու խաղերից առաջինը, ինչպես նշվեց, վաղն է, ու վաղվանից իրոք շատ բան է կախված։

Արդեն հայտնի է դարձել, որ Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկելու է Իսպանիայի մրցավարական խումբը։ Գլխավոր մրցավարը կլինի Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը, որի օգնականներն են Ռաուլ Կաբանյերոն ու Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը: Չորրորդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ Խոսե Մարիա Սանչես Մարտինեսն այս մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյի» մրցավարն է եղել, որում «Բարսան» տանը պարտվեց «Ռեալին»։

Հայտնի է նաև այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հնարավորություն կունենան մասնակցել Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպումներին:

Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, իսկ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով:

Ընդհանուր առմամբ, հավաքական են հրավիրվել 27 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան – «Արարատ»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)
Սոլոմոն Իմե Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»
Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»

Հարձակվողներ
Սարգիս Ադամյան – «Հոֆֆենհայմ» (Գերմանիա)
Լուկաս Սելարայան – «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
Իշխան Գելոյան – «Բալթիկա» (Ռուսաստան)
Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»

Նշենք, որ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղը մեկնարկելու է վաղը՝ Երևանի ժամանակով 21։00-ին։