Եվս գործող մի կառույց քանդելով ի՞նչը կփոխվի․ հերթը հասավ ԳԱԱ-ին
Մինչ կորոնավիրուսից ենք խոսում, լուրջ աշխատանքներ են տարվում Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու ուղղությամբ։ Այլ երկրներում կան օրինակներ, որտեղ նման բան արել են և հիմա խոստովանում են, որ մեծագույն սխալ են գործել։ Իսկ մեր երկրում ուրիշի սխալների վրա սովորելու փոխարեն, նույն սխալներն են գործում, քանդում նորմալ աշխատող կառույցը՝ վերակազմավորում անվան տակ։ Բոլորս էլ լավ գիտենք, որ մեր գիտնականները չնչին գումարներով բարձր արդյունքներ են արձանագրում, Հայաստանը վարկանշային տեղերում է, այն դեպքում, երբ գիտության ֆինանսավորման սանդղակում ամենացածր շեմն է գրավում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ որևէ կառույց լուծարել է ուզում, առաջինն ինքն է քար նետում։ Ահա թե ինչպես էր նա բնութագրել Գիտությունների ազգային ակադեմիան․ «Ցավոք սրտի Հայաստանում շատ մեծ չափով, ոչ ամբողջությամբ, գիտական գործունեություն վարելը նշանակել է գնալ ամեն առավոտ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, սուրճ խմել օրվա առաջին կեսը և վերադառնալ տուն»։ Ինչ ձևով էլ մեկնաբանվի հայտարարությունը, դա լուրջ վիրավորանք էր գիտության բնագավառում անխոնջ աշխատող մշակների համար։
Տեղեկացա գիտնականներից, որ այս օրերին ակադեմիական ինստիտուտներում քննարկումներ են անցկացվում, «կոլեկտիվների տրամադրությունն է ստուգվում», անգամ քվեարկություններ են արվում, թե ովքեր են կողմ, որ լուծարվի կամ, ինչպես շղարշում են, վերակազմավորվի Գիտությունների ազգային ակադեմիան, ինչպես նման դեպքերում՝ «բարեփոխումների անվան տակ» փորձում են լուծարել ակադեմիան։ Թե ներկայացված նախագծերը փետուրե ինչ գունային գամմա են ներկայացնում, վերջնական արդյունքը՝ Գիտությունների ազգային ակադեմիային պետական կարգավիճակից զրկելն է։ Այսօր ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, ինչպես տեղեկացրին, քվեարկություն է տեղի ունեցել։ Գերակշիռ մեծամասնությամբ դեմ են եղել ԳԱԱ-ի կարգավիճակը փոխելուն։ Ամեն դեպքում ԳԱԱ-ի վերակազմավորման հարցը օրակարգային է․ ևս գործող մի կառույց քանդելով ի՞նչը կփոխվի։
Այսպես քանդելով ու՞ր ենք գնում։
Կարծիքներ