Ի պատասխան ԱՄՆ-ից ժամանած տիկնոջ զառանցանքներին

Ի պատասխան ԱՄՆ-ից ժամանած տիկնոջ զառանցանքներին

Ալեքպոլյան պատմություններ ֆեյսբուքյան էջն արձագանքել  է լոսանջելեսաբնակ Քրիստինե Հալաջյանի այսօր Գյումրիում արված հայտարարությանը, թե Մայր Հայաստան արձանը սատանիստական է և այն պետք է քանդել: 

«Մայր Հայաստան» 1975թ. Գյումրի Քանդակագործ՝ Արա Սարգսյան:

«Կոթողն այս կառուցվեց ի անմահություն Հայրենական մեծ պատերազմում հանուն մեր Մեծ Հայրենիքի զոհված լենինականցիների»:
1975թ.-ին այս տողերը փորագրվել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պատվանդանին: 
Իր բնույթով հուշարձանը հանդիսանում է Երևանի Հաղթանակի հուշարձանի տարբերակը և ունի երկակի իմաստ։ Այն կոչված է ճարտարապետության և քանդակագործության մոնումենտալ միջոցներով մեծարել հաղթանակը, հավերժացնել ընկածների հիշատակը, ինչպես նաև գովերգել աշխատանքը։

Լենինականում երկմտել են կուրծքը բաց արձան տեղադրել: Հուշահամալիրի ճարտարապետն էլ մի փոքր ամոթխած, բայց մի պատմություն է մտաբերում.

-Սուրեն Մատնիշյանը Արա Սարգսյանին ասաց. «Վարպե՛տ, քեզ մի բան պիտի ասեմ: Ախր, գյումրեցիները մի քիչ մեծբերան են, ավել-պակաս կսկսեն խոսել, պտի ասեն՝ ծիծիկդ ուտեմ: Ի՞նչ կլինի, գոնե, մի քիչ փակեք»: Արա Սարգսյանը սփյուռքահայ էր, չհասկացավ. «Ի՞նչ կսես, ադ ի՞նչ կնշանակե»: Բացատրեցի, որ կասեն, կուրծքդ ուտեմ… Արա Սարգսյանը միանգամից արձագանքեց, «Է'հ, իրանց մարն է, թո'ղ ուտեն…»:

Կռած պղնձից պատրաստված հուշարձանը պատկերում է երիտասարդ կնոջ՝ հանդարտ էպիկական դիրքում։ Մերկ կրծքով կնոջ պարզած ձեռքին պահված արմավենու ճյուղը խորհրդանշում է խաղաղությունը, իսկ մյուս ձեռքում Զվարթնոցի տաճարի խոյակը՝ հայի ստեղծագործ ուժը: 
Սակայն իրականում այստեղ պատկերված է Նեմեսիսը՝ հունական դիցաբանության վրեժի եւ արդար հատուցման թեւավոր աստվածուհին, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական եւ հասարակական նորմերը: Արա Սարգսյանը եղել է, 1919 թվականին ստեղծված, «Նեմեսիս» խմբավորման անդամ, այդ մասին ավելի բացահայտ սկսեցին խոսել միայն Հայաստանի անկախացումից հետո:

Արա Սարգսյանը շատ է օգնել այս խմբավորմանը: Սակայն գալով Խորհրդային Հայաստան հնարավորինս թաքցրել է այդ փաստը, բայց իր բոլոր քանդակներում կան թաքնված ուղերձներ:

  Ի պատասխան ԱՄՆ֊ից ժամանած տիկնոջ զառանցանքներին։ 

Նշենք, որ Լոսի Քիսոյի այդ սկանդալային  հայտարարությունը, թե արձանի էներգետիկան վատն է, և պետք է այն քանդել, բուռն կերպով քննարկվում է համացանցում, հատկապես վրդովված են գյումրեցիները: