Պետրակովի ասուլիսը մանիպուլյացիաներով լի և պատասխանատվությունից խուսափելու արարողություն էր

Պետրակովի ասուլիսը մանիպուլյացիաներով լի և պատասխանատվությունից խուսափելու արարողություն էր

«Հրապարակի» զրուցակիցը ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանն է։

- Պարոն Ճաղարյան, մարտի 25 ին մեկնարկում է ֆուտբոլի Եվրո- 2024 ընտրական փուլը և Հայաստանի հավաքականն իր հարկի տակ հյուրընկալելու է Թուրքիայի հավաքականին։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ խաղից։

- Անկեղծ ասած, ցանկություններս ու սպասելիքներս անհամադրելի են։ Ցանկանում եմ, որ մեր հավաքականը վերջապես դուրս գա Եզրափակիչ փուլ, բայց հաշվի առնելով իրականությունը՝ սպասելիքներս այնքան էլ հուսադրող չեն։ Նախ մեր ենթախմբում առնվազն 3 թիմի հետ խաղերը լինելու են չափազանց ծանր և նրանց հաղթելն, առավել ևս, լինելու է շատ դժվար։ Նշածս 3 թիմերից մեկը հենց Թուրքիայի հավաքականն է, որի դեմ խաղերին ավելանում է նաև ազգային արժանապատվության ու Ցեղասպանությամբ պայմանավորված պատմականորեն կուտակված ծանր բեռը։ Համենայն դեպս, ըստ իս, չարժե Թուրքիայի դեմ խաղը գերարժևորել, ստեղծել ավելորդ լարվածություն, ինչը կարող է վատ անդրադառնալ մեր ֆուտբոլիստների վրա։

- Տարբեր կարծիքներ և մտավախություններ են հնչում Թուրքիայի դեմ խաղից առաջ, մասնավորապես ի նշան Թուրքիայի երկրաշարժի զոհերի հիշատակի Լռության րոպե հայտարարելու մասին։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

- Նախ առայժմ որևէ այդպիսի լուր չկա, բայց հաշվի առնելով Հայաստանում տիրող ներկա իրողությունը՝ չեմ բացառում, որ ըստ իրենց սովորության դա կարող է ներկայացվել տարատեսակ սոուսներով՝ ՈՒԵՖԱ-ի պարտադրանքից մինչև Միջազգային հանրության հորդոր։ Ուղղակի կհորդորեի հերթական անգամ չոտնահարել մեր արժանապատվությունը, ինչը կլցնի համբերության բաժակը ևս մի քանի կաթիլով։

- Ունենք նոր մարզիչ, որն օրերս հանդես եկավ մամուլի ասուլիսով։ Ի՞նչ կարծիքի եք, նոր մարզչի գործոնը չի՞ կարող արդյոք դրական դեր ունենալ։

- Նախ, ըստ իս, մարզչի ընտրությունը լավագույնը չէր, և հույս ունենալ, որ նրա գոծոնը կարող է դեր ունենալ հաջողություն ունենալու մեջ՝ առնվազն ինքնախաբեություն է, այնուամենայնիվ ժամանակը ցույց կտա։ Ինչ վերաբերում է պարոն Պետրակովի ասուլիսին, իմ կարծիքով այն մանիպուլյացիաներով լի և պատասխանատվությունից խուսափելու արարողություն էր։ Ի՞նչ է նշանակում «ՀՖՖ նախագահի կողմից առաջադրանք է դրված՝ ձգտել դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ», պարոնայք իսկ ինչու՞ այդքան համեստ առաջադրանք, ինչու ոչ՝ «ձգտել դառնալ Եվրոպայի, կամ Աշխարհի չեմպիոն»։ Միևնույն է, եթե առաջադրանքը ձգտելն է, վատ չի լինի ձգտել ավելի բարձր նշաձողի։ Մյուս մանիպուլյացիան Հենրիխ Մխիթարյանին հավաքական հրավիրելու հարցի հերթական թարմացումն էր, մանավանդ վերջինիս կողմից Սենիկ Կարա- Պողոսյանին տված հարցազրույցից հետո։ Շարունակվում է պատճառներ և արդարացումներ գտնելու քաղաքականությունը։

- Մեր հավաքականն ունի նորեկներ, ի՞ նչ եք կարծում այդ հանգամանքը որևէ ձևով կանդրադառնա հավաքականի ելույթների վրա։

-Անկեղծ ասած, ինձ համար տարակուսելի է, որ «Կրասնոդար-2»-ից կամ «Բավարիայի» երիտասարդական կազմից 18-19 տարեկան ֆուտբոլիստների հրավիրելը ներկայացվում է որպես մեծ առաջընթաց կամ ձեռքբերում։ Այդ դեպքում ինչո՞ւ հավաքական չի հրավիրվել արդեն լեհական «Լոձի» խաղացող «Արարատ-Արմենիա-2»-ի սան 18-ամյա Դավիթ Բարսեղյանը, սա ուղղակի համեմատության համար։ Սա ուղղակի սեփականը ստեղծելու անկարողությունը սպառողական հոգեբանությամբ և սեփական PR-ով փոխարինելու դասական գործելաոճ է։ Երբեք չեմ թերագնահատել և անտեսել սփյուռքի դերը, սակայն ամբողջությամբ հույս դնել ֆուտբոլիստներ նացիոնալիզացնելու, կամ արտասահմանում հայի արմատներով խաղացողներ գտնելու վրա՝ անթույլատրելի է։ Դա տեղական ֆուտբոլը վերացնելու ամենակարճ ճանապարհն է։

- Եվ վերջում՝ Ձեր կանխատեսումը Հայաստան-Թուրքիա խաղի վերաբերյալ։

- Զերծ կմնամ որևէ կանխատեսում անելուց, քանզի այն ամենաանշնորհակալ զբաղմունքն է։ Ուղղակի ցանկանում եմ, որ մեր տղաները զերծ մնան ամեն տեսակ լարվածությունից, ցուցադրեն իրենց կարիերայի լավագույն խաղը, բարձր պահեն մեր երկրի և ազգի արժանապատվությունն ու բոլորս միասին տոնենք մեր հաղթանակը։