«Կացին»-ը ինքնասպան էղնող չէր, ստիպել են. ինչո՞ւ է գյումրեցի մուրացկանը ինքնասպանության փորձ արել

«Կացին»-ը ինքնասպան էղնող չէր, ստիպել են. ինչո՞ւ է գյումրեցի մուրացկանը ինքնասպանության փորձ արել
Երեկ կեսօրին Գյումրու «Հիսունամյակի» կամրջից ցած նետվելու փորձեր է արել 35-ամյա մի երիտասարդ, ով Գյումրիում հայտնի է «Կացին» մականունով եւ մուրացկանությամբ է զբաղվում Յոթ վերք եկեղեցու բակում: Նրան ճանաչում են գրեթե բոլորը: 2 տասնամյակից ավել է, ինչ Կարենը, նույն ինքը՝ Կացինը, մուրացկանությամբ է զբաղվում: Հատկանշական է, որ նա տարբերվում է մյուս մուրացիկներից, քանի որ հագնվում է ավելի կոկիկ, համարձակ է եւ «գործըկերներից» շատերն են նրան ենթարկվում:



Երեկվանից «գործըկերները» անհանգստացած են. ի՞նչն է ստիպել երիտասարդին ինքնասպանության դիմել: «Էդպես որ ըսեմ հոգսն ելե իրան կխեղդեր, էդպես չէր: Ոչ ընտանիք ուներ, ոչ բան, ինքն էր, իրա չոր գլուխը: Դե գործ էլ լավ, վատ կա էլի, եսիմ, չիդեմ ինչ ըսեմ: «Կացին»-ը ինքնասպան էղնող չէր, ստիպել են »,-կարծիք հայտնեց Կարենին ճանաչող մուրացիկ տղամարդը՝ չհստակեցնելով, թե ով կարող էր ստիպել կամ ճնշել համարձակ Կարենին:



Մեկ ուրիշն էլ ասաց, որ արդեն մի քանի օր է՝ նա գործի չէր գալիս. «Մե անգամ ըսեց ցուրտ է, հեչ կայնել չեմ ուզե, բայց էդ իրանից չէր»,-նկատեց մուրացիկներից մեկը՝ մի քանի անգամ ընդգծելով, որ վերջերս Կարենն այն չէր: Ի դեպ, նրան մեծացրել են որդեգիր ծնողները, որոնք, ծանոթների ասելով , մահացած են: Նշենք, որ քաղաքացիներին եւ ոստիկաններին երեկ հաջողվել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի կյանքը փրկել: Ոստիկանները կամրջի հակառակ կողմից անվտանգ դուրս են բերել նրան՝ վերցնելով հսկողության տակ: Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել:



**Արևիկ Հակոբյան**