Եթե կապ ունեինք Սերժ Սարգսյանի հետ, բա խի՞ չանցանք ընտրություններում, թող օգներ՝ անցնեինք

Եթե կապ ունեինք Սերժ Սարգսյանի հետ, բա խի՞ չանցանք ընտրություններում, թող օգներ՝ անցնեինք
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հավակնում է 49+1 տոկոսի եւ մտադիր է ակտիվորեն մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, որոնք Փաշինյանը պլանավորում է անցկացնել մեկ տարվա ընթացքում։ Բաղդասարյանը կարծում է, որ երկրում տեղի ունեցող անարդարությունների հետեւանքով պոռթկում եղավ, եւ դա դրսեւորվեց համաժողովրդական ընդվզմամբ, ինչի արդյունքում էլ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը կարողացավ ճիշտ քաղաքական հաշվարկով կազմակերպել իշխանափոխության գործընթացը։ ՕԵԿ-ը եւս սատարեց այդ գործընթացին, բայց ակունքում, իհարկե, ժողովուրդն էր։ Նա դժվարանում է ասել՝ հեղափոխությանն օժանդակող ուժեր դրսից կային, թե ոչ, բայց կարող է փաստել, որ կար քաղաքացիական սեկտորի լայն աջակցությունը։ ՕԵԿ-ին 2017-ի ընտրություններում չհաջողվեց անցնել խորհրդարան, մի քանի հազար ձայն չբավականացրեց, ու դա ՕԵԿ նախագահը բացատրում է այսպես․ «2017 թվականին Հայաստանում տեղի ունեցավ զանգվածային, լայնամասշտաբ ձայնագնության եւ ձայնագողության գործընթաց, ամբողջ ժողովրդին մի կողմից ահաբեկելով, մյուս կողմից փողով գնեցին»։



**- Պարոն Բաղդասարյան, ուզում եմ հիշեցնել, որ այդ նույն մեղքերի մեջ մշտապես մեղսակցել են նաեւ ՕԵԿ-ին՝ ինչպես ձեր կողմից նման խախտումներ թույլ տալու մասով, այնպես էլ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու եւ նրանց թույլ տված ապօրինությունների վրա աչք փակելու։**



Հարցը բաժանենք երկու մասի։ Մենք երբեք ընտրակաշառք չենք բաժանել, խոսքը մի 8 տարի առաջ ինչ-որ մուրաբաների… արդեն 8 էլ չէ, երեւի 10 տարուց ավելի է անցել․ ինչ-որ մի մարդ, չգիտեմ ով, նետեց այդ կեղտոտ լուրը հրապարակ, եւ անընդհատ էդ մուրաբայի պատմությունը շահարկեցին։ Մենք դժվար ճանապարհ անցած քաղաքական թիմ ենք, մեր քվեն մեր համախոհների միջոցով ենք հավաքել։ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա ենք կազմել, հետո դուրս ենք եկել եւ երբեք ապօրինությունների վրա աչք չենք փակել` նայեք ելույթները:



**- Բայց ձեր հանձնաժողովի անդամները, ձեր թիմակիցները շատ դեպքերում աչք են փակել հենց ՀՀԿ-ականների խախտումների վրա, նման բազմաթիվ դեպքեր կան։**



Հիմա տեսեք, ես իմ ընտանիքի անդամների՝ իմ կնոջ, իմ տղայի եւ աղջկա հետ քվեարկել եմ, որը չորս ձայն է անում, հարեւաններիս չասեմ, ու էդ տեղամասում ես ստացել եմ մի քվե։ Էդտեղ էլ ենք, չէ՞, մենք ունեցել հանձնաժողովի անդամներ։ Եվ ես չեմ կարող, ու ոչ մի կուսակցություն չի կարող 100 տոկոսով պնդել, որ իր հանձնաժողովի անդամներն էս զանգվածային փողաբաժանման գործընթացում կարող էին լինել սկիզբունքային։ Էդ հանձնաժողովի անդամին էլ են ահաբեկել, վախեցրել, կաշառել, արձանագրությունները փոխել… ամեն ընտրությունից հետո մենք հանձնաժողովի 150 անդամի հեռացրել ենք։ Կարող է ինչ-որ տեղերում եղել են ինչ-որ ստահակներ, որոնց ես դատապարտել եմ, բայց որ «Օրինաց երկիրը» որեւէ քաղաքական խարդավանք պաշտպանած լինի, ես դա բացառում եմ։



**- Բայց ձեզ մեղադրում են իշխանության հետ գործարքի գնալու մեջ, Մարտի 1-ն են հիշեցնում, թե ինչպես կոալիցիա կազմեցիք ՀՀԿ-ի հետ…**



Ես երբեք որեւիցե մեկի հետ գործարքի չեմ գնացել, թե չէ հիմա վաղուց դա ջրի երես էր դուրս եկել, եւ հետեւողական եմ լինելու Մարտի 1-ի բացահայտման համար, որպեսզի շահարկումները վերանան, իսկ իրական մեղավորները պատժվեն: Բացի այդ, 2006-2008 թթ․ մենք անցել ենք բռնաճնշումների լուրջ փուլ, մեր կուսակցականների դեմ հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր, էդ բոլորն արխիվներում կան։ Մենք անցանք բավականին ծանր ճանապարհ։ Եկավ 2007 թվականը, ՕԵԿ-ն էդ այլանդակ ընտրությունների արդյունքում կարողացավ հավաքել 7-8 տոկոս քվե ու անցնել Ազգային ժողով։ Դրանից հետո եկան նախագահական ընտրությունները, ես մասնակցեցի դրանց, էն ժամանակ երեք հիմնական դերակատարներ կային՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես եւ Սերժ Սարգսյանը։ Տեր-Պետրոսյանը, ցավոք, ոչինչ չարեց, որ մենք դառնայինք դաշնակիցներ։ Այդ ժամանակ այստեղ՝ իմ աշխատասենյակում նստած էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իմ առաջ դրել էր քաղաքական ուլտիմատում-պահանջ՝ կա՛մ կմիանաք ինձ, կա՛մ ես ձեզ քաղաքականապես կոչնչացնեմ։ Դրանից հետո կամ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանն ինձ մեղադրեց պետական դավաճանության մեջ, այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ մեղադրեց դավաճանության մեջ։ Ես երկուսին էլ պատասխանեցի։ Դրանք Մարտի 1-ից առաջ էին։ Հիմա եթե երկուսն էլ նույն մեղադրանքն են հնչեցնում իմ հասցեին՝ ինչո՞ւ, դե մտածեք: Այսքանից հետո ես ինչպե՞ս կարող էի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կազմել քաղաքական կոալիցիա։



**- Փոխարենը Դուք կազմեցիք քաղաքական կոալիցիա Սերժ Սարգսյանի հետ:**



Փաստերն ավելի զորեղ են։ Ես կոալիցիոն հուշագիրն ստորագրել եմ փետրվարի 29-ին, երբ զորքը եղել է Երեւանում ավելի շուտ։ Իսկ իմ նշանակումը եղել է մայիսի 4-ին։ Ինչո՞ւ ես կնքեցի քաղաքական կոալիցիա, որովհետեւ ես չէի ուզում, որ իմ երկրում արյուն թափվի, որովհետեւ, տեսնելով զորքը, որ պաշարել է Երեւանը, տեսնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքն իմ նկատմամբ եւ տեսնելով հավաքված զորախումբը, ես կայացրեցի կոալիցիա կազմելու որոշում, որպեսզի այն կանխի արդեն իսկ տեսանելի անխուսափելի բախումը։ Սա է եղել իմ որոշման պատճառը, եւ էստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ արդյոք սխալվե՞լ եմ ես։ Թերեւս, կարող է նաեւ սխալվել եմ, նույնիսկ Ուինսթոն Չերչիլն է սխալվել, քաղաքական բազմաթիվ կորիֆեյներ են սխալվել, կարող է ես էլ եմ սխալ արել։ Բայց ես իմ սխալն ուղղել եմ, երբ դուրս եմ եկել էդ իշխանությունից՝ 5 տարի առաջ։ Իսկ թե ում էր ձեռնտու Մարտի 1-ը, այ, դա պետք է բացահայտվի: Իմ դեմ սեւ փիառ է եղել, ընտրություններից առաջ գրում էին՝ Արթուր Բաղդասարյանը դառնալու է ՍԴ նախագահ: Ես հերքում էի, բայց էլի գրում էին: Դարձա՞: Այսպիսի եւ բազմաթիվ այլ կեղտոտ տեխնոլոգիաներ են կիրառվել իմ դեմ:



**- Ձեր քայլերի գնահատականը, կարծում եմ՝ պատմությունը կտա, հիմա վերադառնանք մեր օրերը։ Այսօր ունենք նոր իշխանություն, որը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, որտեղ հաղթելու հավակնություններ ունի ինչպես Փաշինյանի թիմը, այնպես էլ ԲՀԿ-ն։ Դուք կմասնակցե՞ք այդ ընտրություններին, եւ ովքե՞ր կլինեն հիմնական դերակատարները։**



Նախ՝ հեղափոխությունը չի ավարտվել, հեղափոխությունը կավարտվի ընտրություններով, երբ որ Հայաստանում կձեւավորվի նոր որակի իշխանություն։ Բնականաբար, Փաշինյանի թիմը, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կլինեն ակտիվ քաղաքական դերակատարներից։ Ես կարծում եմ, որ քանի որ մյուս արտախորհրդարանական ուժերը մեր չափ քվե չեն հավաքել, եւ մենք մի քանի հազար ձայնով ուղղակի չանցանք, եւ իշխանությունը չներեց մեզ իմ հրաժարականը, քանզի ես միակն եմ եղել, որ 2 անգամ հանուն իր սկզբունքների հրաժարվել եմ բարձր պաշտոններից… մենք ՕԵԿ-ին դիտարկում ենք շատ լուրջ քաղաքական դերակատար եւ մենք հավակնում ենք 49+1 ձայնի։ Որքան էլ դա Ձեզ համար կարող է տարակուսելի թվալ, բայց Սերժ Սարգսյանի համար էլ տարակուսելի էր, երբ «Մարիոթ» հյուրանոցում Նիկոլ Փաշինյանին ասաց՝ 7 տոկոսով ուզում ես ժողովրդի անունի՞ց խոսել։ Բայց Նիկոլը 7 տոկոսով 97 տոկոսանոց արդյունք ցուցաբերեց։ Այսօր Նիկոլի թիվն է, որը տալիս է գրագետ մարդկանց պայքարելու հնարավորություն։ Եվ սա նաեւ մեր թիվն է։ Իսկ ինչո՞ւ 49+1 տոկոս ձայն, որովհետեւ Հայաստանում անհրաժեշտ է բազմաֆունկցիոնալ իշխանություն։ Մենք ունեցանք Սերժ Սարգսյանի միահեծան իշխանություն, որի պտուղները տեսանք։ Ապագայում պետք է ձեւավորվի իրական քաղաքական, բազմաֆունկցիոնալ իշխանություն, ոչ թե մի քաղաքական ուժը փոխենք մեկ այլ քաղաքական ուժով։ Որովհետեւ քաղաքական մենաշնորհը բերելու է երկրի կործանման։



**- Ի դեպ, ՕԵԿ ասացիք՝ հիշեցի «Հայկական վերածնունդը», ինչո՞ւ ՕԵԿ-ը փոխեց իր անունը, հետո նորից վերադարձավ հին անվանը, արդյոք դա ՕԵԿ-ի «խարանից» ազատվելու եւ հեղինակությունն այլ անվամբ վերականգնելու փորձ չէ՞։**



Էդ մասին շատ է խոսվել, ՕԵԿ-ը չի փոխվել, այն եղել եւ մնացել է։ «Հայկական վերածնունդը» եղել է կուսակցությունների միավորում, 12 կուսակցություններ եւ 100-ից ավելի ՀԿ-ներ, եւ նա իր մրցունակությունն ապացուցել է, ընտրություններից առաջ ու հետո, որոշ կուսակցություններ դուրս եկան։ Մեր հեղինակությանն ի՞նչ է եղել որ… հեղինակությունն ինչո՞վ է արտացոլվում՝ քվեով, չէ՞… 24 տոկոս քվե ենք տարել 2016թ. հոկտեմբերին, իսկ ընդամենը մի քանի ամիս անց` 2017թ. ապրիլին, 5 տոկոս, ըստ որում՝ նույն Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում: Դա լայնածավալ փողաբաժանման եւ ձայնագողության արդյունքում էր, այդ քվեներն են մեր հեղինակությունը։ Մենք միշտ մեր կայուն ձայները տարել ենք, բայց մեր ձայները գողացել են։ Կամ՝ ոչ մեկը չէր ստիպել ինձ, որ հրաժարվեմ ԱԺ նախագահի կամ ԱԱԽ քարտուղարի պաշտոններից։ Ես երկու անգամ իմ սկզբունքների համար հրաժարվել եմ, որովհետեւ իշխանությունների հետ եղել է հակամարտություն։ Էլ էդ հակամարտությունը ո՞նց ցուցանենք։



**- Հիմա այդ նույն Սերժ Սարգսյանի հետ որեւէ շփում, հարաբերություն ունե՞ք։**



Ընդհանրապես ոչ մի շփում, ոչ մի հարաբերություն չունեմ։



**- Բայց նա, կարծեմ՝ ամիսներ առաջ, այցելեց Ձեզ պատկանող Եվրոպական համալսարան, այն դեպքում, երբ ամեն տեղ չի այցելում։**



Նախ՝ դա ամիսներ առաջ չէր, տարուց ավելի է արդեն անցել, Սլավոնական համալսարանի եւ Եվրոպական համալսարանի 20-ամյակն էր, երկրի նախագահ է եղել, այցելել է, ասեինք՝ մի՞ այցելի։ Եթե ասում եք՝ կապ ունեինք Սերժ Սարգսյանի հետ, բա խի՞ չանցանք ընտրություններում, թող օգներ՝ անցնեինք։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**