Սյունիքում ով վախեցավ, կարող է ազատ դիմել մարզպետին

Սյունիքում ով վախեցավ, կարող է ազատ դիմել մարզպետին
Այսօր կառավարության նիստում ևս երկու մարզպետ նշանակվեց՝ Սյունիքի մարզպետն ու Արմավիրի մարզպետը։ Սյունիքի մարզպետը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ Կարեն Համբարձումյանը։ Նիստից հետո նա լրագրողներին խնդրեց, որ իրեն ժամանակ տրամադրեն՝ ծանոթանա մարզի խնդիրներին, հետո պատասխանի հարցերին։ Բայց ընդգծեց․ «Եթե կլինեն կոռուպցիոն չարաշահումներ, եթե կլինեն հարցեր, որը վնասել է սյունեցուն, միանշանակ հավաստիացնում եմ ձեզ, որ իրենք օրենքի ողջ խստությամբ պատախսանատվության կենթարկվեն»։



**Hraparak.am**-ի դիտարկմանը, թե ասում են՝ Սյունիքի մարզում վախի մթնոլորտ կա, ինչպե՞ս է վերացնելու դա, նորանշանակ մարզպետն ասաց․ «Ուրեմն այժմ բոլոր սյունեցիներին կոչ եմ անում, եթե կա իրականում վախի մթնոլորտ, այս պահից ի վեր՝ ես հավաստիացնում եմ, և որպես Սյունիքի մարզպետ՝ կխնդրեմ, որ այսուհետ չունենան նման վախի մթնոլորտ, որովհետև ես պատասխանատու եմ իրենց համար, բոլոր սյունեցիների համար»։



**-Այսինքն՝ ով վախեցավ, կարող է ազատ դիմել մարզպետի՞ն։**



-Միանշանակ, ես պատրաստ եմ, ես ցանկացած պահի հասանելի եմ ցանկացած սյունեցու։ Ոչ ոք չի կարող խնդիր ունենալ։



**-Դուք ի պաշտոնե կամ անձնապես պատրա՞ստ եք պայքարել կլանների դեմ՝ սատար կանգնելով սյունեցիներին։**



-Ես մինչ այս էլ անձնապես սատար եմ եղել սյունեցիներին իմ հնարավորությունների չափով։ Այսօր առավելևս, որպես Սյունիքի մարզպետ, ես պատասխանատվություն եմ կրում ցանկացած սյունեցու համար։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**