Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է իջնել անապահով ընտանիքների համար

Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է իջնել անապահով ընտանիքների համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում, մինչ օրակարգին անցնելը, նախ դիմեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին՝ ճշտելով, թե գազի և էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման ի՞նչ հնարավորութուն ունենք։



Նախարարն ասաց, որ այս պահին կան որոշակի ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել։ Դրանցից ատոմակայանի վերանորոգման հանգամանքը, գազի գինը, որ ստանում են սահմանին, ռիսկեր կան նաև դոլար-դրամ հարաբերության հետ կապված և այլն։ Հաշվի առնելով այս ամենը՝ նախարարն ասաց․ «Մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով, որոնց թվաքանակը 110-120 հազարի սահամնում է, և մենք եկել ենք այն եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»։



Վարչապետը նկատեց, որ նախարարը թվարկեց մի շարք ռիսկեր, բայց չխոսեց կոռուպցիոն ռիսկերի, չարաշահումների, ոչ արդյունավետ կառավարման մասին։ Ապա նշեց, որ այս պահին իրենք ֆիքսում են սոցիալապես անապահով ընտանիքների մասով 10 դրամով սակագինը իջեցնելու հարցը, իսկ մնացածին իրենք դեռ կանդրադառնան՝ նախարարին առաջարկելով շարունակել ուսումնասիրությունն ու ներկայացնել համոզիչ ու թափանցիկ եզրակացություններ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**