ԱՄՆ-ն եւ Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ-ն եւ Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը
Անցյալ շաբաթ Թուրքիան հետ կանչեց ԱՄՆ-ում եւ Իսրայելում իր դեսպաններին:



Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ իսրայելական զինված ուժերի եւ պաղեստինցիների հետ բախումների հետեւանքով 60 պաղեստինցի է զոհվել: Թուրքական պետական հեռուստատեսության եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իսրայելական բանակի գործողությունները որակեց «ցեղասպանական», ինչին Բենիամին Նեթանյահուն իր թվիթերյան էջում արձագանքեց գրելով. «Առաջարկում եմ, որպեսզի նա մեզ բարոյականություն չքարոզի»:



Այս մասին գրում է Bloomberg հեղինակավոր հանդեսը, հավելելով, որ Էրդողանի այս հարձակողական կեցվածքը բավական լավ հնարավորությունների դուռ է բացում այն բանի համար, որպեսզի եւ Երուսաղեմում, եւ Վաշինգտոնում կոտրվեն տասնամյակների խուսափողական դիրքորոշումները եւ այս երկու պետությունները եւս միանան պատմաբանների եւ կառավարությունների այն խմբին, որոնք ճանաչել են Թուրքիայում քրիստոնյա հայերի նկատմամբ իրականացված իրական ցեղասպանությունը:



Իհարկե խոսքը պատմական իրադարձության մասին է, որը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ թուրք-օսմանական խալիֆաթը իրականացրել է ցեղասպանություն հայերի նկատմամբ: Օսմանյան Թուրքիան վաղուց այլեւս չկա, սակայն Մերձավոր Արեւելքում պատմությունը արժեք եւ նշանակություն ունի: Թուրքիան Հայոց Ցեղասպանության ժխտումը դիտարկում է որպես գին՝ Իսրայելի եւ այլ պետությունների հետ ունեցած լավ հարաբերությունների համար:



Ակնհայտ է, նշվում է հոդվածում, որ ամեն անգամ, երբ որեւէ պետություն ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, Անկարայում չափազանց անհանգստանում ու նյարդայնանում են: Երբ 2011-ին Ֆրանսիան ճանաչեց այն, Էրդողանը Ֆրանսիային մեղադրեց Ալժիրում ցեղասպանական գործողություններ իրականացնելու մեջ, իսկ երբ նախանցյալ տարի Գերմանիան ճանաեց, Էրդողանը չվարանեց Մերկելին հիշեցնել գերմանական պատմության ֆաշիստական տխուր էջի մասին:



Հոդվածում անդրադարձ կա նաեւ Ամերիկայում հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեության, թուրք-իսրայելական հարաբերությունների եւ վերջին զարգացումների, հատկապես Քնեսեթում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի արծարծման մասին: