Ակայի աստղը սկսել է փայլել

Ակայի աստղը սկսել է փայլել
Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ, ավագանու ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանի աստղը կրկին սկսել է փայլել:



Նախկին ՀՎԿ, այժմ՝ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարայնի աստղը, սակայն, դեռեւս փայլելու միտումներ չի ցուցանում: Փելեշյանը մինչեւ քաղաքականության մեջ մտնելը՝ ի դեմս ՀՎԿ քաղաքապետի թեկնածուի, հայտնի էր բարերարի իր համբավով՝ մասնավորապես «պագրիշկա՝ բանակին» ակցիաներով: Նրա ռեյտինգի վրա, սակայն, բացասաբար ազդեց ՏԻՄ 2016 թ . ընտրություններից հետո Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենաթրկելու փաստը: Չնայած կողմերը հետագայում հաշտվեցին, սակայն տեւական ժամանակ Փելեշյանը, ըստ տեղացիների, խուսափում էր «մեյդանում» լինել, անգամ լրագրողների հետ շփվել. ՀՎԿ-ից հորդորել էին՝ զսպվածություն ցուցաբերել, շառից-փորձանքից հեռու մնալ, մինչեւ տեսնեն՝ ինչն ինչոց է:



Այժմ, երբ Փելեշյանը փոխքաղաքապետի պաշտոնում է, փորձում է պարզերես դուրս գալ վանաձորցիների մոտ՝ շարունակելով բարեգործական ակցիաները: Օրերս՝ Սուրբ Հարության տոնին, Կարեն Դեմիրճյան փողոցի բակերից մեկում շախով-շուխով բացվել է նրա միջոցներով կառուցված ու կահավորված հերթական խաղահրապարակը՝ թվով 8-րդը:



Նմանատիպ խաղահրապարակներ Փելեշյանը կառուցել է համայնքի տարբեր մասերում՝ մասնավորապես Դիմաց, Ջունգլիներ թաղամասերում: Քաղաքապետի առաջին տեղակալը, ընկնելով մանկական հուշերի գիրկը, նաեւ ձու է «կռվացրել» բակի երեխաների հետ, եւ անմահացրել է այդ կադրը՝ լուսանկարվելով:



Փելեշյանը չի մոռացել նաեւ Վանաձորի տարեցների տան բնակիչներին եւ նրանց համար Զատկի տոնի առթիվ սեղան է գցել:



Ի դեպ, մի քանի օր առաջ էլ «Ռոսիա» ՀԿ-ի ղեկավար Յ. Յակովենկոն շնորհակալագիր էր փոխանցել Փելեշյանին՝ համայնքի ազգային փոքրամասնություններին ֆինանսապես, սննդամթերքով, տրանսպորտով աջակցելու համար: Ական, ինչպես ասում են Վանաձորում, «քյանդրբազի» իր կերպարից կամաց-կամաց դուրս է գալիս ու դառնում է «ընտանիքի» օրինավոր հայր: