Ինչպե՞ս է արձագանքում ԿԳՆ-ն քննչական կոմիտեի ահազանգին․ «Հայբուսակը» շարունակում է գործել

Ինչպե՞ս է արձագանքում ԿԳՆ-ն քննչական կոմիտեի ահազանգին․ «Հայբուսակը» շարունակում է գործել
Թվում էր, թե անցյալ տարի, իսրայելցիների ահազանգից հետո մեր պետական մարմինները բավականին աչալուրջ պետք է վերաբերեին «Հայբուսակ» ոչ պետական համալսարանին, նրա գործունեությանը։



Հիշեցնենք, որ արտասահմանցի ուսանողներին «Հայբուսակ» համալսարանի կողմից կեղծ դիպլոմներ տալու մասին կասկածներն առաջացել էին այն բանից հետո, երբ Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել էր ոստիկանություն՝ ահազանգով, որ տեղացի ատամնաբույժներն աշխատում են կեղծ դիպլոմներով։ Քանի որ այս հարցով զբաղվում էր ՀՀ քննչական կոմիտեն, մենք մեկուկես ամիս առաջ հարցում էինք հղել նրան՝ իմանալու, թե կոնկրետ ինչ գործողություններ են նրանք իրականացրել եւ ինչ խախտումներ են հայտնաբերել։ Քննչական կոմիտեն էլ արձագանքել էր մեր հարցմանը, որի պատասխանը հրապարակել էինք մեր թերթի այս տարվա հունվարի 20-ի համարում։ Իր պատասխանում քննչական կոմիտեն, ի մասնավորի, նշել էր․ «Նախնական տվյալներով՝ «Հայբուսակ» համալսարանի 10 ուսանող գտնվել է ՀՀ սահմաններից դուրս, երբ նշված համալսարանի եւ նրանց միջեւ 2014-15թթ․ ընթացքում կնքվել են ուսումնառության ժամանակաշրջանի վարձի վճարման եւ գանձման սկզբունքների եւ ժամկետների մասին» պայմանագրերը։



Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)։ Քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական եւ դատավարական գործողություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել փաստաթղթեր։ 2017թ․ մարտի 28-ին որոշում է կայացվել մասնագիտական ստուգում նշանակելու մասին, որի կատարումը հանձնարարվել է կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցներին, սակայն դեռեւս ստուգման արդյունքների վերաբերյալ պատասխան գրություն չի ստացվել»։



Քանի որ այդ հրապարակմանը կրթության եւ գիտության նախարարությունը մինչ օրս չի արձագանքել, փորձեցինք նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանից իմանալ, թե ինչ մասնագիտական ստուգումներ են կատարել իրենք «Հայբուսակ» համալսարանում եւ ինչ են պարզել այդ ընթացքում։ «Անթույլատրելի է, որ որեւէ բուհում առկա է նման խնդիր։ Մենք այդ ուղությամբ իարկանացնում ենք աշխատանքներ»,- ասաց Արկադի Պապոյանը՝ իր հերթին հետաքրքրվելով, թե ավարտվե՞լ է, արդյոք, քննությունը։ «Եթե քննչականի արդյունքները հայտնի են, հրապարակված են, ապա նախարարությունն անպայման կձեռնարկի միջոցներ»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա խոստացավ առաջիկայում տեղեկացնել ստուգումների մասին։ Արկադի Պապոյանը նշեց, որ բուհում ուսումնառության գործընթացը շարունակվում է։ «Համենայնդեպս՝ այս տարվա դրությամբ ուսումնական գործընթացը շարունակվում է»,- վստահեցրեց ԿԳՆ վարչության պետը։



Արկադի Պապոյանը, չկենտրոնանալով «Հայբուսակ»-ի վրա, պնդում է, որ իրենք բոլոր բուհերում անցկացնում են աուդիտ, խստացնում են պահանջները, վերանայվում են լիցենզիաները՝ անկախ նրանց կազմակերպաիրավական ձեւերից։ Ինչ վերաբերում է իսրայելական կողմի ահազանգին, ապա Արկադի Պապոյանը նշում է, որ հարցի քննարկման համար իսրայելական կողմի մասնագետը ժամանեց Հայաստան, ծանոթացավ բուհերին, սակայն դեռեւս ոչ մի պաշտոնական պատասխան ՀՀ արտգործնախարարության կողմից չեն ստացել։ «Հայբուսակ»-ի 2017-18 ուստարվա դիմորդների, ուսանողների համակազմի, գործունեության, շրջանավարտների մասին փորձեցինք տեղեկություն ստանալ հենց համալսարանից, սակայն այնտեղից ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։



**Թագուհի Հակոբյան**